in English — https://aga-tribunal.info/museum_2-2-2018_en
in Russian — https://aga-tribunal.info/museum_2-2-2018/
Աղբյուր — News.am, 2.2.2018
Դեռեւս համապատասխան գնահատական չի տրվել 1988-ից 1991 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցածին, եւ քանի դեռ չի խոսվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը այս ամենի պատճառով ստիպված սկսեց պաշտպանվել, տարածաշրջանում խաղաղություն չի լինի: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից Փախստականների կոնգրեսի համակարգող Մարիամ Ավագյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանից փախստականների խնդիրը ոչ միայն իրենց՝ փախստականների խնդիրն է, այլ նաեւ ընդհանրապես հայկական պետության: «Այլապես ստացվում է, որ միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանն իր հարեւան պետության նկատմամբ ագրեսիա է դրսեւորել, իբր հարձակվել է Ադրբեջանի վրա, ուժային ճանապարհով գրավել նրա տարածքի մի մասը»,- նշեց Ավագյանը:
ՀԿ ղեկավարի կարծիքով՝ ներկայիս պատկերը ձեւավորվել է սխալ եւ պասիվ արտաքին քաղաքականության հետեւանքով, որը վարել է հայ քաղաքական վերնախավը: «Ադրբեջանից հայ փախստականները ստիպված են ապրել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ըստ որում՝ նրանց ոչ մի խնդիր մինչ օրս պատշաճ կերպով չի լուծվել»,- նշեց Ավագյանը՝ հավելելով, որ Երեւանում անհրաժեշտ է բացել Ադրբեջանում հայկական ջարդերի թանգարան: