на русском — https://aga-tribunal.info/manasyan_27-2-2019/
27.2.2019
Մենք չենք կարողացել այսքան տարիների ընթացքում ադրբեջանահայության ցեղասպանությունը հավուր պատշաճի ներկայացնել հանրությանն ու նույնիսկ ինքներս մեզ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը` պատասխանելով հարցին, թե այս տարիների ընթացքում միջազգային ասպարեզում կարողացե՞լ ենք լսելի դարձնել Սումգայիթի, Բաքվի և Ադրբեջանի այլ բնակավայրերում կատարված ոճրագործությունների մասին:
«Հայաստանի Ազգային ժողովը Սումգայիթյան ոճրագործությունը չի բնութագրում որպես ցեղասպանական ակտ: Միայն Արցախի Ազգային ժողովն է դա արել: Այստեղ ոչ միայն Սուգայիթի ոճրագործության, այլև, ընդհանրապես, ամբողջ ադրբեջանահայության թեման պետք է մեջտեղ բերել»,- հավելեց նա:
Քաղաքագետը հիշեց, որ 1918-ին, երբ թուրքական կանոնավոր բանակը մտել է Անդրկովկաս և Սարդարապատից ու Բաշ-Ապարանից հետո շարժվել դեպի Բաքու, ամբողջ ճանապարհին` Գանձակից մինչև Բաքու, հայկական գյուղեր է ոչնչացրել: Նա հստակեցրեց` ինչու է անընդհատ շեշտում այդ փաստը, որովհետև, սովորաբար, երբ արծարծվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած` հայերի ցեղասպանության թեման, թուրքերն ասում են, թե չեն ցեղասպանել:
«Արցախի խնդրի կերպարի փոփոխությունը կապված է Ադրբեջանում ցեղասպանությունը հրապարակ մտցնելու հետ: Եթե դուք դա չեք մտցնում, աշխարհը նրան անվանում է դեմոկրատական երկիր: Աշխարհը նրան անվանում է երկիր, որը Խոջալուի կոտորած է տեսել: Խոջալուի կապակցությամբ էլ պետք է ասեմ, որ սխալ է Խոջալու ասելը: Խոջալուում չի եղել դեպքը, դա եղել է Աղդամի մոտակայքում, որը դուրս է եղել հայկական վերահսկողության տարածքից: Պետք է ասել` Աղդամ, մենք այս հասարակ բանը չենք կարողանում տեղ հասցնել: Եթե նույնիսկ Արցախը պատկաներ Ադրբեջանին, մենք հարցը այսպես պետք է դնեինք, որ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները չեն կարող քննարկել այն հարցը, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ ԼՂՀ-ն ցեղասպան պետության կազմում, որը չի դադարում հայատյացության գաղափար սերմանլ»,- շեշտեց Ալեքսանդր Մանասյանը:
2 thoughts on “Ալեքսանդր Մանասյան. Ադրբեջանահայության ցեղասպանությունն անգամ ինքներս մեզ չենք կարողացել ներկայացնել”