in English — https://aga-tribunal.info/en/refugees-21-12-2020-en/
in Russian — https://aga-tribunal.info/refugees-21-12-2020/
2020 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար հրապարակեց իր հայտարարությունը:
Դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից, Թուրքիայի և Իսրայելի ու ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ 44 օր տևած երրորդ ցեղասպանական ագրեսիային հետևեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը:
Դրա 7-երորդ կետում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:
Ինչպես և հայտարարության մյուս կետերը, այս կետն էլ տարակարծությունների մի ամբողջ փունջ ունի:
Հայտարարության կետերը միտված են իրավիճակները կառավարելի պահելու համար, դրանք բավական մանրակրկիտ ու երկարատև մշակման արդյունք են, կանխավ համաձայնեցված նաև նախկին հայկական իշխանությունների հետ: Ահա թե ինչու անհավասար այդ պատերազմին «չներգրավված» ու որևէ ձևով «չռմբահարված ու չտուժած», ՀԱՊԿ-ի ու ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վտանգված է այդ հայտարարության 9-երորդ կետով:
Չմոռանանք շեշտել, որ հայտարարությունը` համաձայն ՀՀ Սահմանադրության, ապօրինի է և չի տարածվում ՀՀ տարածքների վրա:
7-երորդ կետում խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածք ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձի մասին:
Ովքե՞ր են այդ ներքին տեղահանված անձիք և փախստականները:
- Ներքին տեղահանված անձիք են Շուշիից, Հադրութից և Արցախի օկուպացված այլ տարածքներից ցեղասպանության վտանգի տակ բռնի տեղահանված խաղաղ բնակիչները, որոնք այսօր փորձում են տեղավորվել Արցախի մազապուրծ պահպանված տարածքների վրա:
- Փախստականները Քաշունիքում, Քարվաճառում, Քաշաթաղում, Շուշիում, Կովսականում, Ջրականում, Հադրութում, Վարանդայում, Ակնում ապրող հայերն էին, ովքեր 1987-1992 թթ. վերապրեցին ցեղասպանություն և փախան Գարդմանից, Գանձակ/Կիրովաբադից, Սումգայիթից, Նախիջևանից, Շաքի-Շիրվանից, Բաքվից: Այսօր նրանք կրկին ու կրկին փախստական դարձան, կրկին կողոպտվեցին, կրկին անտուն դարձան, կրկին մորթվեցին (https://www.lragir.am/2020/12/03/605011/ ): Նրանց մի հատվածը 44 օր տևած ցեղասպանական ագրեսիայի ժամանակ ու դրան հետևած` խաղաղապահների հովանու ներքո էթնոցիդի արդյունքում` փախան Հայաստանի Հանրապետություն:
2020 թվականի սեպտեմբերի 27-ի ցեղասպանական ագրեսիան խարխլեց 1987-1992 թթ. Բաքվի իշխանությունների սանձազերծած ցեղասպանությունից փրկված ադրբեջանահայության պետականություն ունենալու իրավունքը, որի փաստացի իրացումն էր Արցախի Հանրապետությունը այն սահմանադրական տարածքների վրա, որոնց վրա մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բնակվում էին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները (https://www.lragir.am/2020/11/21/601737/ ):
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը`
- խախտելով ՄԱԿ-ի բոլոր հնարավոր կոնվենցիաներն ու որոշումները, շրջանցել է 1987-1992 թթ. Ադրբեջանում շուրջ 800 հազար հայ փախստականների ձևավորման պատճառները, հետևանքները, տարածաշրջանի բնիկ ժողովուրդներիցч նաև այդ խմբի իրավունքների ոտնահարման փաստն ու դրանց վերականգման անհրաժեշտությունը:
- արհամարհել է դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունում Պաշտպանական բանակի հովանու ներքո պատսպարված շուրջ 30 հազար հայ փախստականների գոյությունը, նրանց կյանքի և մյուս իրավունքները:
Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները իրենց իրավունքների մասին հայտարարել են 2011 թվականի նոյեմբերի 11-ի Հռչակագրում (https://www.lragir.am/2020/09/07/576688/ ; https://www.kavkaz-uzel.eu/articles/199956/ ):
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի
- բարձրադիր ու մտահոգ հայացքի ներքո Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ տարածքներում 1987-1992 թթ. կազմակերպեցին ու իրականացրին հայերի ցեղասպանության մի նոր ահարկու դրվագ, ամբողջացնելու համար 1894 թվականին թափ առած ու 1915-ին հիմնականում իրողություն դարձած մարդկության դեմ հանցագործությունը:
- կողմնակալ պահվածքով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խթանել և հովանավորել է ցեղասպանության մի նոր փուլ` ընդդեմ Արցախի Հանրապետությունում պատսպարված Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների:
- մխիթարող հայացքը պետք է հառնի Արցախի Հանրապետությունում այսօր արդեն բազմակի անգամ փախստական դարձած Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ճակատագրին ու նրանց իրավունքների պաշտպանությանը:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը
- պետք է հասկանա, որ իր կրավորական գործունեության հետևանքով այսօր քսենոֆոբիա, արմենոցիդ, ռամիլսաֆարովյան հոգեբանություն մշակող ու քարոզող Էրդողանն ու Ալիևը իրենց մարդասպան ու ահաբեկիչ հրոսակներին կմխրճեն դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության այն յոթ շրջանները, որ Սումգայիթից ու Բաքվից հայ փախստականները 1991-1994թթ. ազատագրել էին իրենց կյանքի իրավունքի իրացման համար, երբ 1991 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանը վարեց ցեղասպանական առաջին ագրեսիան:
- պետք է արգելափակի Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումները Շուշին և Հադրութը բնակեցնել այսպես կոչված «ադրբեջանցի փախստականներով» (https://www.lragir.am/2020/07/04/561467/ ), որով այդ ցեղասպան ռեժիմները հող են պատրաստում Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքների այսօր փրկված բեկորի վրա ամբողջացնելու Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերի ցեղասպանությունը (https://www.lragir.am/2020/11/30/604133/ ):
- պետք է դատապարտի կողմնակալ և անիրավաչափ պահվածքը, արգելափակի ցեղասպան ռեժիմների աճեցրած «ադրբեջանցի փախստականների» վերադարձը Արցախի Հանրապետության «յոթ շրջաններ» կամ էլ նախկին ԼՂԻՄ տարածք, քանի դեռ չի ապահովված Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների վերադարձը և նրանց կյանքի անվտանգությունն ու զարգացման հնարավորությունը իրենց երբեմնի հայրենի տարածքներում` Գարդմանի Դաշքեսանի, Շահումյանի, Շամքորի, Հելենդորֆ/Խանլարի, Թովուզի, Ղազախի, Գետաբեկի, Կասում-Իսմայիլովի շրջաններում, Գանձակում/Կիրովաբադում, Սումգայիթում, Նախիջևանում, Շաքի-Շիրվանում, Բաքվում:
- պետք է որ սթափ գնահատի, թե ինչ ռիսկեր ու սպառնալիքներ կան ցեղասպանության որջում հայտնված հայի համար, ավելորդ է հիշեցնել այս վերջին ագրեսիայի ժամանակ սոցցանցերում հայերին տանջելու և գլխատման արարողությունների բացահայտ ու հովանավորված քարոզն ու գլխագինը: Անպատժելիությունը բորբոքում է Իլհամի ցեղասպանական երևակայությունը. դա մեկ ցինիկորեն ու ինքնավստահ հայտարարում է, թե արցախահայությունը կրկին ադրբեջանցի է` Ադրբեջանի քաղաքացի, զուգահեռաբար ոգևորում է 1988 թվականին Սումգայիթից փախած 69-ամյա Գենադի Պետրոսյանի գլխատումը:
ՄԱԿ-ը
- պետք է ռեալ գնահատի Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի ու ահաբեկիչների մասնակցությամբ 44 օր տևած ցեղասպանական ագրեսիայից հետո գծագրված աշխարհագրությունը, որով սրվել է հայության կյանքի հանդեպ ցեղասպանական սպառնալիքը դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում:
- պարտավոր է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին իր իսկ ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի շրջանակում զսպել Թուրքիայի և Ադրբեջանի ու դրանց սպասարկող Իսրայելի կողմից տարվող արմենոցիդի քաղաքականությունը, ապահովել հայության անվտանգությունը Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում:
21.12.2020
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
Այս տեղեկատվությունը այլ վեբ ռեսուրսներում է
One thought on “Զսպել Թուրքիայի, Ադրբեջանի ու դրանց սպասարկող Իսրայելի կողմից տարվող արմենոցիդի քաղաքականությունը”