«Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին
Գոհար Գրիգորյան
9.4.2020
1992թ. ապրիլին Մարաղայի բնակչությունը դարձավ արդեն անկախ Ադրբեջանի հերթական ոճրագործության զոհն ու հարազատ գյուղի կործանման ականատեսը. ապրիլի 10-ին տևական հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը հարձավեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարուստ ու բարգավաճող հայաբնակ Մարաղա գյուղի վրա և ավերեցին ու հրդեհեցին այն։ Մարաղան հաջողվեց ընդամենը մի քանի ժամով գրավել միայն տանկեր և այլ զրահատեխնիկա ներգրավելուց հետո․ մինչ այդ գյուղի ինքնապաշտպանական ուժերը կարողացել էին հետ մղել երկու հարձակում։
Գյուղը լքել չհասցրած բնակչությունը, հիմնականում՝ տարեցներ, հաշմանդամներ, կանայք ու երեխաներ, անգթորեն սպանվեցին, անդամահատվեցին ու ողջակիզվեցին։ Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը համառ պայքարի շնորհիվ հայկական ինքնապաշտպանական ջոկատներին հաջողվեց ազատագրել գյուղը։ Ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից Մարաղայի դեմ ոտնձգություններն ու հարձակումներն ապրիլի 10-ով չդադարեցին. մի քանի անգամ գյուղը կրկին գրավելու ադրբեջանական կողմի փորձերը ձախողվեցին հայկական ինքնապաշտպանական ուժերի գործողությունների շնորհիվ։ Սակայն ամռան սկզբին սկսված Ադրբեջանի լայնածավալ հարձակման արդյունքում Մարաղան բռնազավթվեց և մինչ օրս գտնվում է այդ երկրի վերահսկողության ներքո։
Մարաղայի կոտորածից մազապուրծ հայ բնակչությունը բռնագաղթեց՝ ապաստան գտնելով Մարտակերտի շրջանի այլ գյուղերում։ Մարաղացիները կորցրին հայրենի գյուղն ու ծննդավայրը՝ այնտեղ թողնելով իրենց տները, ունեցվածքը, հարազատների, ընտանիքի անդամների ու համագյուղացիների շիրմաքարերը։ Մարաղայում ընդհատվեցին շատերի կյանքն ու մանկությունը։ Բայց մահն ու արհավիրքը սեփական մաշկի վրա զգացած մարաղացիները չընկրկեցին. նրանք հայրենի գյուղից քիչ հեռու հիմնեցին Նոր Մարաղա գյուղը, որտեղ բնակություն հաստատեց նաև Մարաղայի հարևանությամբ գտնվող Մարգուշևանից բռնագաղթված բնակչության մի մասը։
Նոր Մարաղացիներն շարունակում են ապրել ու զարգացնել իրենց գյուղը։ Բայց նրանք երբեք չեն մոռանում 1992թ. ապրիլի 10-ը, որը սև թվերով նշվեց օրացույցի մեջ։ Ապրիլի 10-ը հին ու նոր մարաղացիների համար դարձավ վշտի, Մարաղայի անմեղ զոհերի խնկարկման, հարգանքի ու հիշատակի, միաժամանակ՝ միասնականության, վերածննդի ու ապրելու օր։ «Ապրիլի 10-ը մեզ համար վերհուշի ու ցավի օր է, բայց մենք չենք լռելու։ Պետք է բարձրաձայնել, աղաղակել ի լուր աշխարհի, որ Մարաղայում կատարվածը ցեղասպանություն է, և որ մենք պահանջատեր ենք։ Աշխարհի գերտերությունների անտարբերությունը հնարավորություն է տալիս թուրքին շարունակելու իր հայատյաց քաղաքականությունը։ Անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում, վկան` Ապրիլյան պատերազմը։ Մարաղացին այսօր էլ շարունակում է արարել, հողից հաց ստանալ՝ աչքը շփման գծից այն կողմ մնացած հին գյուղի վրա»,- մեզ հետ զրույցում ասում է Նոր Մարաղայի 19-ամյա բնակչուհի, Արցախի պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Լիանա Մովսեսյանը։ Մարաղայի կոտորածի մասին շատ են խոսել նրա ընտանիքում․ տատը և պապը եղել են ոճրագործության ականատեսներ, հայրը նաև մասնակցել է հայրենի գյուղի ինքնապաշտպանությանը։
Լիանան դեռևս դպրոցական հասակում իր հեղինակած «Ապրելու ապրիլ» բանաստեղծության մեջ գրում է. «Այսօր մենք ունենք մի Նոր Մարաղա…» և հավատում, որ տեսնելու է նաև «Հին» Մարաղան…
…Ես հավատում եմ` մեր Հին Մարաղան,
Որ կարկատան է` կգտնի մորը,
Ամուր թելերով գործվածք կդառնա,
Սարի հետև չէ, կգա այդ օրը։
Ապրիլն ապրելու ամիս կդառնա,
Երբ հայոց թուրը շաչի ու խաղա,
Եվ ի հեճուկս դաժան թշնամու,
Նորին կգրկի մեր Հին Մարաղան։
Ինչպես Լիանան, այնպես էլ յուրաքանչյուր մարաղացի հոգու խորքում կարոտում, երազում ու հավատում է, որ դեռ տեսնելու ու լինելու է Մարաղայում, այցելելու է իր տունն ու հարազատի շիրմաքարին։ Մարաղացիները հայրենի գյուղի հանդեպ կարոտն առայժմ սփոփում են միայն հեռվից նայելով։
Հայրենի գյուղին գրեթե ամեն օր հեռվից նայում է 1992թ.-ին հայրենի գյուղի ինքնապաշտպանական ջոկատներից մեկի հրամանատար, Նոր Մարաղայի նախկին համայնքապետ Ռոմա Կարապետյանը, որը ծնվել, մեծացել ու 38 տարի ապրել է այնտեղ։ «…Ո՞նց մոռանամ. ես ամեն օր տեսնում եմ»,- ասում է նա։ Կանգնելով երկու ճանապարհները բաժանող խաչմերուկում՝ Ռոմա Կարապետյանը ցույց է տալիս երկար ձգվող ճանապարհն ու ասում. «․․․ այս աջի ճանապարհը մեր նախկին Մարաղա գյուղ գնացող ճանապարհն է։ Երկար տարիներ այս ճանապարհով մենք գնացել ենք մեր գյուղ։ Իսկ քանի որ հիմա հնարավոր չէ, ձախինը գնում է Մաղավուզ։ Այնտեղ տեղ կա, որտեղից պարզ երևում է մեր գյուղը»։
Նոր Մարաղայի բնակիչ, հայկական ինքնապաշտպանական ջոկատի անդամ Արամ Ավագյանը լավ գիտի ամենահարմար դիրքը, որտեղից պարզ կարող է տեսնել հայրենի գյուղը։ Նա հաճախ է գնում հենց այդտեղ՝ գեթ մեկ ակնթարթով տեսնելու իր ծննդավայրն ու հայրենի հողը, որտեղ ապրել է 22 տարի։ «Այստեղից դիրքը լավն է, հարմար է, մեծ մասշտաբով երևում է գյուղը, դրա համար գալիս եմ միշտ այստեղ ու նայում»,- ասում է նա և հավելում, որ հակառակորդի դիրքերը չլինելու և գյուղն ազատագրելու դեպքում «ազա՜տ, մի ժամում կհասներ այնտեղ»։ «Մեր տները, գերեզմանները այնտեղ են… եղբայր ունեմ, որ ավելի շուտ էր մահացել, այնտեղ է թաղված։ Ո՞նց կարող եմ չգնալ։ Վազելով կգնամ մինչև այնտեղ»:
Թեմայի վերաբերյալ փաստական տվյալներ, ականատեսների վկայություններ ու այլ տեղեկություններ կարող եք գտնել Maragha.org և Karabakhrecords.info կայքերում, ինչպես նաև «Սովորական ցեղասպանություն. Մարաղա. 10 ապրիլի 1992» ֆիլմում։
2 thoughts on “Գոհար Գրիգորյան. «Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին”