Հոդվածը “Առավոտ” կայքից է
ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 16.04.2019
Տեսնես աշխարհում քանի երեխա է տեսել մերձավորի գլխատվելը, ականջալուր եղել մոր վերջին՝ փրկություն աղերսող հառաչանքին առ Աստված… Արցախի հյուսիսում 1992 թվականի ապրիլն արյունոտ էր, Մարաղա հայկական բնակավայրում շատ երեխաներ մի ակնթարթում որբացան, շատ ծնողներ տեսան իրենց զավակների դաժան մահն ու գերեվարվելը արյունախում ասկյարների կողմից…
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում տեղի ունեցավ թերեւս ամենաողբերգականը. ադրբեջանական զինուժը գրավեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը, խոշտանգեց եւ կոտորածի ենթարկեց ապաստարաններում պատսպարված մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների. Ռոզա Բարսեղյանին եւ Ժորա Ստեփանյանին կացնով մասնատեցին, Ալյոշա Հովհաննիսյանին, Վանյա Մարությանին եւ իր կնոջը` Ռայային, բենզինով այրեցին… Մարաղայի կոտորածը համարվում է լռեցված ցեղասպանություն, այն հանրային լայն ճանաչում չունի: Այս ոճրագործության մասին քիչ է խոսվում, կադրերը եւ լուսանկարները քիչ են, սակայն կան մարդիկ, ովքեր դեռ հիշում են արյունալի այդ օրը: «Մարդու իրավունքների եւ ցեղասպանագիտության կենտրոն» հ/կ-ի նախաձեռնությամբ Մարաղայի կոտորածից 27 տարի անց «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց Նարինե Աղաբալյանի՝ «Մարաղա» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է այն մասին, որ 1992 թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցավ 20-րդ դարում հայ ժողովրդի, ըստ էության, երրորդ ցեղասպանությունը, անզեն մարդիկ դաժան խոշտանգումների ենթարկվեցին եւ մահացան միայն նրա համար, որ հայ են եւ ապրում են իրենց պապենական հողում: Մարաղա գյուղը Լեռնային Ղարաբաղի հինավուրց բնակավայրերից էր, այն Գանձակ-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա Ղարաբաղի դարպասն էր, նավթային կարեւորագույն հանգույցներից մեկը: Ըստ 1989 թվականի մարդահամարի, գյուղում ապրում էր շուրջ 5000 մարդ՝ հիմնականում հայ։ 1992 թվականի ապրիլի 10-ին, առավոտյան ժամը հինգին սկսվում է Մարաղայի հրետակոծությունը: Սովետական բանակի մեծաթիվ տանկեր՝ հիմնականում ռուս սպաների մասնակցությամբ, մտնում են գյուղ՝ ճամփա բացելով ադրբեջանցիների համար: Կեսօրին մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակը՝ 1000 զինվոր 20 զրահամեքենայի ուղեկցությամբ, ներխուժում են գյուղ եւ սկսում խաղաղ բնակչության խոշտանգումները։ Հայկական ինքնապաշտպանական ուժերը՝ 60 հոգուց բաղկացած խմբերով, փորձում են պաշտպանել իրենց հայրենի գյուղը, սակայն ժամեր անց, հասկանալով, որ անհնար է դիմադրել անհավասար մարտում, նահանջում են: Բնակչության հիմնական մասը հասցրել էր լքել գյուղը, իսկ ովքեր չէին հասցրել կամ չէին ցանկացել լքել իրենց վաղնջական հողը, ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների զոհը դարձան։ Մարաղայում ապրիլի 10-ի կեսօրին մնացել էր մոտ հարյուր մարդ՝ հիմնականում տարեցներ, կանայք եւ երեխաներ, ովքեր պատսպարվել էին նկուղներում։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրագործված ոճրագործության արդյունքում նրանցից շատերը դաժանաբար սպանվեցին, մի քանի տասնյակ գյուղացիներ, այդ թվում երեխաներ, գերեվարվեցին, որոնց մի մասը հետագայում փոխանակվեցին, իսկ մյուսների ճակատագիրը մինչ օրս համարվում է անհայտ: Մարաղացիները զրկվեցին իրենց պապենական օջախից եւ ունեցվածքից: Ադրբեջանցիներն ամեն ինչ թալանեցին եւ հրի մատնեցին հայերի տները: Երբ հաջորդ օրը հայկական զինված ուժերն ազատագրեցին Մարաղան, հայտնաբերեցին հայերի խեղված դիակները՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված, մայրը սպանված էր՝ կրծքին դրված երեխայի դիակը։ Խաղաղ բնակիչների դեմ Մարաղայում իրագործված ռազմական հանցագործությունների մասին վկայել են «Christian Solidarity Worldwide» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ Մարաղա էին այցելել կոտորածից անմիջապես հետո: Ինչպես վկայում է Քերոլայն Քոքսը, Մարաղայի՝ գազանաբար սպանված բնակիչների մարմիններն անդամահատված էին, այլանդակված եւ հրկիզված։
«Մարաղա» փաստավավերագրական ֆիլմում մեջբերվում է Քերոլայն Քոքսի հարցազրույցը. «Այն, ինչ մենք տեսանք Մարաղայում, նկարագրել հնարավոր չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհված իրենց մերձավորներին, ավելի ճիշտ այն, ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Ես ունեմ այդ օրվա նկարները, որոնցում պատկերված են գլխատված դիակներ, մարդկանց մոխրացած մասունքներ, եւ կա մի սահմռկեցուցիչ լուսանկար, որում մի ծերունի է՝ ձեռքում բռնած հարեւանի ականջը: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ բնակիչների կտրած գլուխներ, երեխաների դիակներ, մարմնի մասեր եւ արյունոտ հող, որտեղ սղոցել էին մարդկանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները յաթաղանով նշան էին արել դիակների վրա»: Քերոլայն Քոքսը Մարաղան անվանեց «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»: Մարաղան այսօր էլ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն անցնում է Մարաղայով: 1992 թվականից ի վեր շատ մարաղացիներ արտագաղթեցին, իսկ նրանք, ովքեր չհեռացան Արցախից, վերաբնակվեցին Կըզըլ Քենգերլի կոչվող գյուղում՝ այն վերանվանելով Նոր Մարաղա: «Մարդու իրավունքների եւ ցեղասպանագիտության կենտրոն» հ/կ-ի հիմնադիր նախագահ, ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը հանդիսատեսին պատմեց իր՝ «Լռեցված ոճրագործություն» թեմայով դաշտային հետազոտական աշխատանքի մասին. «Երբ մտնեք Արցախի Նոր Մարաղա գյուղ, որը հիմնադրել է Մարաղայից մազապուրծ բնակչությունը, դպրոցի բակում կտեսնեք մի կնոջ կիսանդրի, շատերը գուցե չգիտեն՝ ով է Ալվինա Բաղդասարյանը… Նա Մարաղա գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհին է եղել, 1992 թվականի կոտորածի ժամանակ գերեվարվել է եւ դաժան տանջանքների, նվաստացումների ենթարկվել ադրբեջանցիների կողմից… Նա հրաժարվել է մինչ վերջին շունչը արտասանել թշնամու պարտադրած նախադասությունը՝ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»… Ադրբեջանցիներն Ալվինա Բաղդասարյանին կապել են աթոռին, աքցանով քաշել նրա ատամները եւ ողջակիզել նրան»: Մարտիրոսված այս կնոջ կիսանդրին այսօր Նոր Մարաղա գյուղում է: Լիլիթ Մարտիրոսյանը պատմեց, որ ամեն տարի ապրիլի 10-ին Մարաղայում զոհվածների եւ անհայտ կորածների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ են հավաքվում Մարաղայի բնակիչները, սգո սեղան գցում, հիշում այդ սահմռկեցուցիչ վայրագությունների ժամանակ սպանված, գերեզման չունեցող հարազատներին: Մարաղացիների վկայությամբ՝ գերեվարված եւ հետագայում փոխանակված իրենց համագյուղացիների մեծ մասը գտնվել է սոսկալի վատ վիճակում եւ կարճ ժամանակ անց մահացել: Նրանք հաճախ ամաչել են պատմել իրենց հետ կատարվածի, ադրբեջանցիների անմարդկային, ստորացուցիչ վարմունքի մասին:
Մարաղայի քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը մարդու իրավունքների խախտման, սպանության, գլխատման, խոշտանգման ու պատերազմական հանցագործության անհերքելի դեպք է: Եվ ամոթալի է, որ երկիր մոլորակի վրա կա մի ազգ, որը Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիեւին շնորհել է «Ադրբեջանի Ազգային Հերոս» կոչում։ Ինչպես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, այնպես էլ Մարաղայում Ադրբեջանի կողմից, ըստ էության, շարունակվեց հայերի էթնիկ զտման, ջարդերի ու բռնի տեղահանությունների քաղաքականությունը։ Տեղահանված շատ հայեր, ցավոք, ցայսօր կրում են այդ զարհուրելի քաղաքականության ֆիզիկական, նյութական եւ հոգեբանական սոսկալի հետեւանքները, եւ առ այսօր իրավական պատշաճ գնահատական չի տրվել մարդկության դեմ կատարված այդ հանցագործություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի: Մարաղայի ոճրագործությունը համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձեւակերպմանը: Միջազգային իրավունքի համաձայն՝ ցեղասպանությունը հանցագործություն է եւ հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, եւ որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն, ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, համոզված լինելով, որ մարդկությունն այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն:
Մարաղացիները Նոր Մարաղա այցելող օտարազգի հյուրերին, ԵԱՀԿ փաստահավաք առաքելության խմբերին չեն դադարում ներկայացնել պատմական ճշմարտությունը եւ դատապարտել այն անտարբերությունը, որն առ այսօր ցուցաբերում է քաղաքակիրթ աշխարհը՝ լռելով ու չդատապարտելով Մարաղայում իրագործված կոտորածը… Մարաղայում իրականացված ոճրագործությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի բիրտ խախտումը, լուռ աղաղակում է առ այն, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունների՝ 20-րդ դարի ցեղասպանությունների անպատժելիությունը հանգեցնում է դրանց կրկնությանը…
2 thoughts on “Վարդինե Իսահակյան. Մարաղա. լռեցված ցեղասպանություն”