Փախստականներին միավորող կառույցները՝ որպես Ադրբեջանի Հանրապետությանը նյութական պահանջների ձևավորման հիմնարար սուբյեկտներ
Կիրակոսյան Ռուբեն Ստեփանի
Փաստաբան, Փիլիսոփա, Հայ-ռուսական իրավաբանների միության նախագահ
Հայերի նկատմամբ մշտապես խրախուսվող ցեղասպանական աշխարհայացքը վաղեմի արմատներ ունի։ Գաղտնիք չէ, որ 20-րդ դարի 90-ական թվականների Բաքվի ջարդերն ու զանգվածային սպանությունները հասցեական հակահայկական բնույթ են ունեցել։ Նման քաղաքականության հետևանքը, Խորհրդային Միությունում առաջին անգամ այնպիսի սոցիալական երևույթի ի հայտ գալն էր ինչպիսինն է փախստականը։ Ադրբեջանահայ փախստականները դարձել էին խորհրդային կառավարության գլխացավանքը։ Փախստականների հետ աշխատանքը վատ էր կազմակերպված, և սկզբում համակարգված չէր տարվում։ Ավելին, նույնիսկ ՌԴ-ում փախստականների և հարկադիր վերաբնակների մասին օրենսդրությունն ընդունվել է հիմնականում հենց Բաքվի իրադարձությունների հետևանքով, քանի որ երկիրը պատրաստ չէր այդ երևույթին։
Մյուս կողմից, փախստականները, բացի Հայաստանից, համաշխարհային մասշտաբով համակարգված եւ ինստիտուցիոնալացված չեն։ Նրանց գերակշիռ մասն իր կենցաղային և իրավական խնդիրները ինքնուրույն է լուծել, միայնակ և ինչպես կարող էր։ Շատերը հայերենին չէին տիրապետում և իրենց օտար էին զգում Հայաստանում։
Ռուսաստանի Դաշնությունում այդ խնդրով երբեք համակարգված ոչ ոք չի զբաղվել, Փախստականների գերակշիռ մասը վերաբնակեցվել է հանրակացարաններում եւ հյուրանոցներում, միգրացիոն ծառայության մանևրային ֆոնդի տներում: Այդպիսի կացարաններում մինչև հիմա էլ այդ մարդիկ ապրում են՝ ենթարկվելով տեղական իշխանությունների ճնշումներին, որոնք դատական կարգով պահանջում են նրանց վտարումը։ Իրենց հերթին, համայնքային կառույցները այդ մարդկանցով բոլորովին չեն հետաքրքրվում։ Շատերը ստիպված լքել են ԱՊՀ-ի սահմանները՝ ստանալով փախստականի վկայականներ արևմտյան երկրներում։ Համատարած բնույթ են կրել և կրում են խնդիրները՝ կապված ընտանեկան դրության, աշխատանքային ստաժի և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկանքներ Ադրբեջանից ստանալու անհնարինության հետ։
Մենք, պատմության մեջ մեզ տարբեր կերպ ենք դիտարկել, բայց փաստացի կարելի է արձանագրել, որ մեր որոշիչ հատկանիշներից մեկը այն է, որ Մենք փախստական ժողովուրդ ենք։ Դա դարձել է կենսակերպ պետականության բացակայության պայմաններում, բայց ցավով պետք է արձանագրենք, որ անկախության 30 տարիները քիչ բան են փոխել մեր մտածելակերպում։ Փախստական լինելը, վերջին 100 տարում, մեր գոյության ձևն էր։ Խոշոր հաշվով, Սփյուռք և փախստական բառերի միջև կարելի է հավասարության նշան դնել։ Փախստականները տարբեր են լինում ՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլն։ Սակայն այդ բոլորի հիմքում միևնույն երևույթն է՝ ինչ ինչ արտակարգ իրադրությունների պատճառով հազարամյա բնօրանը լքելը և գաղթի ճանապարհը բռնելը։
Մեր պատմության մեջ նման պատճառներ շատ են եղել՝ ցեղասպանություն, բոլշևիկյան ռեժիմի հաստատում, համաշխարհային պատերազմ, երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, շրջափակում, 30-ամյա կլանային կառավարման համակարգ և այլն։
Այսօր, մնալով գիտաժողովի թեմայի շրջանակներում, կցանկանայի մասնակիցների ուշադրությունը կենտրոնացնել Ադրբեջանից փախստականների վրա: Անհրաժեշտ է կազմակերպել Ադրբեջանի Հանրապետությանը, որպես գույքային պատասխանատվության սուբյեկտի, նյութական պահանջներ ներկայացնելու իրավական բազայի ձևավորման համակարգված աշխատանք։ Ոչ պակաս կարևոր եմ համարում, փախստականներին բարոյական վնասի փոխհատուցման պահանջը։ Մարդիք կտրվել են իրենց՝ որպես անհատ ձևավորման վայրից , իրենց մանկությունից, պատանեկությունից, նախնիների շիրիմներին այցելելու հնարավորությունից, որտեղ թաղված են գերդաստաններով, եթե այդ գերեզմաններն ընդհանրապես պահպանվել են:
Առանձին խնդիր է ընդհատված աշխատանքային կենսագրությունը, կենսաթոշակների ձևակերպման համար աշխատանքային ստաժի հաստատման անհնարինությունը, դժվարություններ կան ազգակցական կապի հաստատման, քաղաքացիական կացության ակտերում գրառումներ կատարելու հետ կապված և այլն։
Ինձ հայտնի չէ կա՞ն արդյոք նման դեպքեր աշխարհի որևէ մասում, երբ տարբեր երկրների քաղաքացիներ հանդիսացող անձիք չեն կարողանում մուտք գործել մեկ երկիր՝ ընդհամենը այն բանի համար, որ ունեն միևնույն թնիկ ծագմը՝ հայ։ Թուրքիայի հանրապետություն նույնիսկ հայկական անձնագրերով գոնե կարելի է զբասաշրջիկի կարգավիճակաով հայտնվել, իսկ Ադրբեջանի պարագայում դա ուղղակի անհնար է։
Փախստականների այս հատվածը ամենադրամատիկն է մեր համար։ Մյուս կողմից, համեմատաբար շոշափելի, մատչելի երկխոսության համար նման, հիրավի համազգային աշխատանքի կազմակերպման գործում։
Նման աշխատանքը պետք է սկսվի աշխարհի հայության շրջանում գաղթօջախների մարդահամարից, ինչը, ընդհանուր առմամբ, ենթադրում է նախ համահայկական մարդահամարի անցկացում։
Ցավոք, փախստականների սերնդից շատերն արդեն ողջ չեն, բայց նման գործերում լիարժեք աշխատում է իրավահաջորդության ինստիտուտը։ Ի դեպ, այն հնարավոր է կիրառել նաև Թուրքիայի Հանրապետությանը՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, նյութական պահանջների ձևավորման հարցում։
Մարդահամարի արդյունքները ամփոփելուն պետք է հետևի փախստականների միությունների, ասոցիացիաների, կազմակերպությունների ձեւավորման փուլը։ Վերջիններիս ինստիտուցիոնալացումը կարեւոր է՝ իրավական աշխատանքի, լիազորությունների պատվիրակման համար, որպեսզի խուսափեն զանգվածային անկազմակերպ գործողություններից:
Դրան զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ապացույցների հավաքման և ամրագրման աշխատանքներ։ Վստահ եմ, որ դժբախտությունը, որը ցնցեց Օսմանյան կայսրության հայ բնակչությանը, երբ երկու միլիոն մարդու ցեղասպանության ենթարկելուց բացի յուրացվեցին նրանց բանկային հաշիվները, անշարժ գույքը և այլն, Ադրբեջանում այդպիսի մասշտաբներով տեղի չունեցավ, իրադարձությունների ինքնաբուխ ու անկազմակերպ, համենայն դեպս սկզբնական շրջանում, բնույթի պատճառով։ Ինչը հնարավորություն տվեց մեզ, համեմատաբար ավելի արագ ինքնակազմակերպվելու ու դիմելու զինված ինքնապաշտպանության։ Հետեւաբար, փախստականների կազմակերպությունները պետք է աշխատանք տանեն ապացույցների հավաքման, անձանց ռեեստրի, գույքի, հարազատների թաղման վայրերի մասին տեղեկությունների և այդ ամենը հաստատող փաստաթղթերի կազմման ուղղությամբ:
Այդ աշխատանքի արդյունքում կանցկացվի փախստականներին միավորող կազմակերպությունների համազգային, համահայկական համագումար, որը կձևավորի դատական հայցերի նախապատրաստման ու ներկայացման աշխատանքային խումբ: Նման աշխատանքը հնարավոր է միայն պետական և մասնավոր կառույցների համագործակցության ու ակտիվ մասնակցության պայմաններում։ Այն կարող է ծավալվել, օրինակ, սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո, թեև դրան կարող են մասնակից լինել արդարադատության նախարարությունը, արխիվային գերատեսչությունները, և դա միայն Հայաստանում։ Կարևոր է, որ այդ աշխատանքը իրականացվի ոչ թե պետության, այլ հասարակական կազմակերպությունների կողմից՝ պետության աջակցությամբ։ Անհրաժեշտ է օգնել այնպիսի կազմակերպություններին։ Հասարակակն կազմակերպությունները պետք է լինեն նման աշխատանքի շարժիչ ուժը, իհարկե, համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում։
Համաձայն օրենքի՝ հայցերը ներկայացվում են վնաս պատճառելու վայրի դատարան։ Մենք գիտակցում ենք, որ Բաքվի, կամ Ադրբեջանի ցանկացած այլ դատարաններ դիմելը ոչ միայն անհեթեթ է ներկա պայմաններում, այլև անհնար։ Նման քայլերը կանխավ զրոյական էֆեկտ են ենթադրում։ Սակայն Ներազգային դատական ատյանների կողմից այդ հայցերի քննությունն անտեսելու արդյունքում ճանապարհ է բացվում միջազգային դատարաններ դիմելու համար։
Գտնում եմ, որ նման ճանապարհ պետք է անցնել և վերջապես ձևավորել դատարան դիմելու պրակտիկան, քանի որ այն մինչ այժմ ձևավորված չէ։ Աշխատանքը տարվում է բացառապես առաջին դեմքերի միջև քաղաքական բանավեճերի մակարդակով արդեն 30 տարի։ Թեև այդ բանակցությունները տեսանելի արդյունքներ չեն արձանագրում, բացառությամբ շփման գծում հարաբերական անդորի, մենք գիտենք, որ փախստականների հարցերը այդ հանդիպումների ժամանկ չեն էլ քննարկվում։ Ուստի անհրաժեշտ է, որ հայ հասարակության բոլոր շահագրգիռ հատվածները նույնպես միանան և ակտիվություն ցուցաբերեն քաղաքացիական հասարակության գործիքների և ինստիտուտների կիրառմամբ։ Ինչպես ասուն են՝ ճանապարհը հաղթահարում է քայլողը։ Այնուամենայնիվ, շատերիս համար, վաղուց ակնհայտ իրողություն է, որ այնպիսի արատավոր, ու մեր ազգի գոյության համար վտանգ ներկայացնող երևույթի, ինչպիսին է արտագաղթը, չեզոքացման ու իսպառ վերացման միակ պայմանը՝ անկախ ու հզոր հայրենիք ունենալն է, իսկ դրա երաշղավորը՝ հայոց հաղթանակած բանակը։ Փախստական ու գաղթական հասկացությունները պետք է ջնջենք մեր գիտակցության միջից։
2 thoughts on “Ռուբեն Կիրակոսյան. Փախստականներին միավորող կառույցներ”