1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր: Սումգայիթյան ողբերգությունից անցել է 30 տարի, սակայն այն միջազգային կառույցների կողմից չի ստացել համապատասխան գնահատական: Բացի այդ, Հայաստանը եւս այդ դեպքերը չի ճանաչել որպես ցեղասպանություն: Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ «Իրավունքը» հետաքրքրվեց, թե հայկական կողմին ինչն էր խանգարել ժամանակին ընդունել, որ այն, ինչ տեղի է ունեցել Սումգայիթում, ցեղասպանություն էր, փաստերի պակաս կա՞ր, քաղաքական խնդի՞ր է, թե այլ հարց կա:
Ըստ Գ. Այվազյանի` 2013 թվականին հարցն այն մակարդակի էր հասել, որ Ազգային ժողովը գրեթե այդ դեպքերը ճանաչում էր ցեղասպանություն, բայց, այս շրջանում այդ մակարդակը չկա. «Եթե Հայաստանը ուզում է նաեւ ադրբեջանահայության համաշխարհային համայնքի համար հայրենիք լինել, պետք է այն ճանաչի: Մինչեւ այն չճանաչի, լիարժեք չի կարելի ասել, որ մենք Հայաստանում հայտնվեցինք մեր հայրենիքում: Որովհետեւ հայրենիքը եթե հայրենիք է, ապա իր զավակի հետ աշխարհի ցանկացած ծայրում կատարված այդպիսի հարցերի վրա չի կարող աչք փակել: Իսկ հարցը, կարծում եմ, պետական մտածողության, այսպես ասենք, ցածր մակարդակի հետ է կապված, որովհետեւ ոչ բոլորն են գիտակցել, որ հենց այդ հարցն է մեր ձեռքերում հաղթաթուղթ` ընդդեմ Ադրբեջանի քարոզչաբացատրական պայքարում եւ ԼՂ անկախության միջազգային ճանաչման պայքարում: Ավելին` եթե այս հարցը ճիշտ ներկայացվեր ժամանակին, եւ Արցախը ստանար, ինչպես Կոսովոն է ստացել, անկախության ճանաչում, ապա տեղի կունենար Հայաստանի սահմանների ապաշրջափակում, այսինքն` ցանկացած շրջափակում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կդիտվեր արդեն որպես պատերազմի դրսեւորում, ագրեսիայի դրսեւորում, եւ համապատասխանաբար Ադրբեջանն ու Թուրքիան պատժամիջոցների կենթարկվեին: Քանի որ դա չենք ապացուցել, հիմա մենք ենք դիտարկվում համաշխարհային հանրության մոտ, որ այսպես ասենք` բռնազավթիչ երկիր ենք, ու Ադրբեջանը փորձում է պաշտպանվել: Դրա համար տեղի ունեցավ անսպասելի պատերազմ ապրիլին: Դրա համար Ալիեւը հիմա էլ չի դադարում խոսել, որ Երեւանն ադրբեջանական քաղաք է եւ խոստանում զավթել, ազատագրել Երեւանը եւ նոր ցեղասպանություն է խոստանում արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այնպես որ, որ մինչեւ հիմա չի ճանաչվել այն` պետական մտածողության բացակայության պատճառով: Նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս ցեղասպանություն ձեւակերպմանը, մեր պաշտոնական դիրքորոշումը մեկն է` հանցակից են դառնում ադրբեջանական ոճրագործությանը` հավասարաչափ իրենց ձեռքերը թաթախելով անմեղ հայ զոհերի արյան մեջ եւ խոչընդոտելով Արցախի ու նրա ժողովրդի զարգացմանը, քանի որ ՀՀ-ն մինչ այժմ գտնվում է շրջափակման մեջ` նաեւ այդ հարցի հետ կապված: Այսինքն` մենք չենք ճանաչում ցեղասպանությունը եւ այն չենք կարող օգտագործել ընդդեմ Ադրբեջանի եւ հասնենք Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Այդ պատճառով էլ, մեր սահմանները մինչեւ հիմա փակված են, եւ մեր տնտեսությունը, այսպես ասենք, ոչ ծաղկուն վիճակում է: Այս հարցերը փոխկապակցված են, եւ ինչքան շուտ մեր պատասխանատուները գիտակցեն այդ հարցը, այդքան շուտ մեզ կհաջողվի հարցը լուծել դեպի մեր ընդհանուր շահը: Սա նույնքան անհրաժեշտ է Հայաստանին եւ Արցախին, որքան աշխարհով մեկ սփռված ադրբեջանահայությանը: Մենք` որպես համայնք, արդեն կորցրել ենք այն ամենը, ինչ հնարավոր է` մեր բարեկամներին, ունեցվածքը, գերեզմնանատները հողին են հավասարեցրել: Մենք ընդամենը հորդորում ենք ու կոչ ենք անում հայկական պետություններին` օգտագործել այդ հարցը եւ պատժել Ադրբեջանին` ի բարօրություն եւ բարգավաճում հայկական պետությունների»,- նշեց Գ. Այվազյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
27.02.2018