«Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ
ԻՆՉՈՒ՞ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՎԱՐՔԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈԻՄ
Խնդրի պատմաքաղաքական հիմքերը: Հարցն ունի պատմաքաղաքական արմատներ, և մենք այն կդիտարկենք տարածաշրջանի քաղաքական պատմության՝ հետևյալ հինգ շրջափուլերի հենքի վրա՝ 1828-1917 թվականներ՝ Անդրկովկասը Պարսկաստանից Ռուսական կայսրությանն անցնելուց մինչև կայսրության փլուզումը, 1917-1920 թվականներ՝ երբ Ռուսաստանը դուրս էր մնացել տարածաշրջանային գործընթացներից, 1920-1988 թվականներ՝ խորհրդայնացված Ռուսաստանի՝ տարածաշրջան վերադառնալուց մինչև Ղարաբաղյան շարժումը, 1988-1991 թվականներ՝Ղարաբաղյան շարժան սկզբից մինչև ԽՍՀՄ լուծարումը, 1991-ից մինչ օրս:
Ռուսական կայսրության կողմից «կովկասյան թաթարներ» նոր թուրքամետ հանրության ձևավորումը 1928-1917 թթ: Դա պատմական մի շրջափուլ էր, երբ Անդրկովկասում ոչ Ադրբեջան անունով աշխարհագրական տարածք կար, ոչ վարչական կազմավորում, ոչ ադրբեջանցի էթնիկական հանրություն: Հայտնի է, որ սկսած XVII դարից հայերը մեծ հույսեր էին կապում վերելք ապրող Ռուսաստանի հետ և նպաստում դեպի Անդրկովկաս նրա առաջխաղացմանը: Վերջինս իր հերթին խոստանում էր Ղարաբաղի մելիքությունների հիմքի վրա վերականգնել հայկական անկախ պետություն[1]: Երբ ռուս-պարսկական պատերազմներից հետո տարածաշրջանն անցավ կայսրությանը, 1828 թ. մարտին Նիկոլայ Առաջինի շնորհագրով կազմավորվեց Հայկական մարզը՝ վավերացելով նրա ազգային պատկանելության հարցը: Սակայն դրանից հետո մեկը մյուսի հետևից կատարած վարչական փոփոխություններին 1867 թ. հաջորդեց Անդրկովկասում հինգ նահանգների կազմավորումը իրենց վարչական կենտրոնների՝ Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի, Թբիլիսիի և Քութաիսի անուններով: Դրանց համար գծվեցին այնպիսի սահմաններ, որ որևէ մի ազգություն անկախ պետության հավակնելու բավարար հնարավորություն չունենա: Երկրամասի յուրացման համար խնդիր կար նոր գրաված հողերի իսլամադավան այդ ժողովուրդներին դուրս բերել Պարսկաստանի հոգևոր ու մշակութային ազդեցության ոլորտից: Գործի դրվեց տարածաշրջանի իրանազերծման քաղաքականությունը[2]: Քաղաքական այդ ուղեգծի իրագործման համար կայսրությունը հենարան ընտրեց երկրամասում բոլորից ուշ հայտնված, փոքրաթիվ, բայց պարսիկի պոտենցիալ մրցակից թյուրքախոս բնակչությանը, որին «մկրտեց» կովկասյան թաթարներ (кавказские татары) անունով ու օժտեց տարբեր արտոնություններով: Նախագիծը պայմանավորեց այդտեղ հետագայում ծավալված էթնոքաղաքական գործընթացները: Հասկանալի է դառնում, թե ինչու ճորտատիրական իրավունքի վերացումից հետո, երբ Արևելյան Անդրկովկասը թևակոխեց արդյունաբերական աննախադեպ զարգացման շրջան, Պետերբուրգը Իրանից երկրամաս թափանցող շիա, բայց էթնիկական ինքնությունից զուրկ խառնամբոխ զանգվածին՝ այսպես կոչված օտխոդնիկներին (отходники)[3], գրանցեց որպես կովկասյան թաթարներ, համալրեց նորաստեղծ այդ համայնքը տեղի տարբեր մահմեդական ցեղախմբերով՝ նրա կշիռը ավելի նշանակալի դարձնելու համար[4]:
Այն, որ կայսրությունը տարածաշրջանում ծրագրում էր ազգամիջյան բախումներ՝ այն կառավարելի դարձնելու և հայկական գործոնը ճնշելու նպատակով, ցույց է տալիս տեղի մահմեդական զանգվածի «անվանակոչումների» պատմությունը: Տարածաշրջանին տիրելուց անմիջապես հետո նա պաշտոնական փաստաթղթերում նրանց գրանցեց որպես պարսկաստանցիք (персияне): Քաղաքական իմաստով դա վրիպում էր: Շուտով այդ եզրը դեն նետվեց, շրջանառության մեջ դրվեց «քրիստոնյաներ-մահմեդականներ» կաղապարը[5] և կովկասյան թաթարները մահմեդականների մեջ առանձնացվեցին որպես արտոնյալ համայնք: Սակայն պարզվեց, որ դա էլ հարմար չէ կայսրությանը: Եթե այն ամրագրվեր, երկրամաս մտնող ռուսները քրիստոնյաների հետ պիտի մասնակցեին ապագա կոնֆլիկտներին: Նորաբնակ ռուսների չեզոքությունն ապահովելու համար Սանկտ Պետերբուրգը երկրամասի էթնոքաղաքական նկարագրի համար առաջադրեց նոր կաղապար՝ «մուսուլմաններ-հայեր»՝ նախանշելով տարածաշրջանում ապագայում ծավալվելիք կոնֆլիկտների կողմերին: Երկրամասի իրանազերծման լավատեսական հեռանկարներին հակառակ՝ ծրագիրը դարձավ էթնիկական ինքնություն չունեցող կովկասյան թաթարի գիտակցությունը դեպի Ստամբուլ շրջելու խմորիչ: Ստամբուլի գործակալների ու քարոզիչների ջանքերը այդ գործընթացում իրենց պտուղները տվեցին 1890-ականներին[6], երբ հենց Ռուսաստանում և Եվրոպայում ուսում ստացած կովկասյան թաթար համարվող մտավորականները իրենց քաղաքական գիտակցությամբ շրջվեցին դեպի պանթյուրքականությունը[7]:
Կովկասյան թաթարների հանդեպ քաղաքական ու տնտեսական բարեհաճությունը դրսևորվեց հենց այն ժամանակ, երբ կայսրությունը հայերից խլում էր վանքապատկան հողերն ու փակում հայկական դպրոցները: Բայց նույնիսկ այդպիսի պայմաններում հայերը արդյունաբերական կենտրոններում կարևոր դիրքեր գրավեցին ու կանգնեցին սոցիալական ու ազգային արդարության շարժումների առաջին շարքերում: Ահա թե ինչու 1905-1907 թվակններին ցարական հատուկ ծառայությունները հայ-թաթարական բախումներ հրահրեցին և բացահայտ կամ վատ քողարկված ձևով անցան թաթարների կողմը[8]: Հակառակ այն բանին, որ Արևելյան Անդրկովկասի էթնոքաղաքական պատկերը պաշտոնապես ներկայացվում էր «մուսուլմաններ-հայեր» ձևաչափով, բախումները որակվեցին որպես «հայ-թաթարական»: Դա նախ ցուց է տալիս, որ ռուսական քաղաքական վերնախավը չէր ցանկանա, որ այդ կոնֆլիկտը հնչեղություն ստանար որպես հայերի ու մուսուլմանների կոնֆլիկտ, որը հեշտությամբ կընկալվեր որպես անծայրածիր Ռուսիայի երկու հիմնական կրոնական համայնքների՝ մուսուլմանների ու քրիստոնյանների հակամարտություն, ինչը կարող էր կրոնական հողի վրա այլ բախումների խմորիչ դառնալ Անդրկովկասի սահմաններից դուրս: Մյուս կողմից դա հաստատում է, որ ոչ թե ընդհանրապես երկրամասի մուսուլման հավաքականությունը, այլ հենց կովկասյան թաթարն էր համարվում որպես երկրամասի էթնոքաղաքական գլխավոր գործոն՝ հետին պլան մղելով բնիկ ժողովուրդներին[9]:
Երկրամասի մահմեդականներին պարսկական մշակութային ակունքներից հեռացնելու հարցում Սանկտ Պետերբուգի հաշվարկները ի վերջո կայսրության համար անցանկալի արդյունքների հանգեցրին: Ստեղծվեց թուրքական քաղաքականության ծիրում ներքաշված և պոտենցիալ հակառուսական մղումներ ունեցող մի գործոն:
Գուցեև հետագայում կայսրությունը վերանայեր հայերի նկատմամբ իր վերաբերմունքը և դադարեր երես տալ թուրքական գաղափարական բացիլակիր դարձած կովկասյան թաթարներին: Դրա նախանշաններն արդեն իսկ կային: 1912 թ. օգոստոսի 12-ին Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովը Նիկոլայ Երկրորդ ցարին ներկայացրել է Ելիզավետպոլի նահանգը Շուշի և Ելիզավետպոլ կենտրոններով երկու գեներալ-նահանգապետության՝ բաժանելու նախագիծ: Դեռևս 1906-ին ներկայացված այս առաջարկը բարձրացվեց ու քննարկվեց նաև 1909, 1913, 1917 թվականներին, սակայն չընդունվեց վրաց-թաթարական ուժերի դիմադրության պատճառով: 1917-ին վրա հասան «կարմիր հեղափոխության» խառնակ տարիները, կայսրությունը լքեց ասպարեզը՝ տարածաշրջանում որպես քաղաքական ժառանգություն թողնելով հայերի ու թաթարների միջև սերմանած թշնամանքը և իր իսկ կողմից ձևավորած թուրքամետ մի գործոն: Ռուսական քաղաքագիտական միտքը ցայսօր այդ մասին նախընտրում է լռել:
Հայերի կոտորածները օսմանյան և կովկասյան թաթարների կողմից Արևելյան Անդրկովկասում 1918-1920 թթ.: Ռուսական կայսրությունը փլուզվեց՝ տարածաշրջանը թողնելով քաղաքական քաոսում: Հայերին սպառնացող մեծագույն վտանգը թուրքերի ներխուժումն էր: Հասկանալի է դառնում, թե ինչու նրանք նպաստեցին, որ 1917-ի նոյեմբերին Բաքվում իշխանությունը խաղաղ ձևով անցնի սովետների ձեռքը և դարձան Բաքվի կոմունայի գլխավոր հենարանը: Բաքվի կոմունան երկրամասը հռչակեց Խորհրդային Ռուսաստանի անկապտելի մաս, այն դեպքում, երբ Անդրկովկասի գլխավոր ազգային կուսակցությունները (վրաց մենշևիկները, հայ հեղափախական դաշնակցությունը և կովկասյան թաթարների մուսավաթ կուսակցությունը) պայքարում էին Անդրկովկասը Խորհրդային Ռուսաստանից անջատելու համար: 1918 թ. փետրվարին Համառուսաստանյան հիմնադիր ժողովի Անդրկովկասից ընտրված պատգամավորները և տեղական ազգային կուսակցությաննների ներկայացուցիչները Թբիլիսիում հիմնադրեցին Անդրկովկայսան սեյմը, որը ապրիլին հռչակեց Անդրկովկասի Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետությունը: Այն գոյատևեց ընդամենը երեք ամիս, և ցրվեց մայիսին 26-28-ին: Թուրքերը դրան էին սպասում: Հայաստանի Հանրապետությունը իր անկախության հենց առաջին օրերին Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքլիսայում պաշտպանեց գոյության իր իրավունքը և ձախողեց Հայաստանը քարտեզից ջնջելու թուրքերի պլանը: Վերջիններս, շարունակելով արշավանքը, շարժվեցին դեպի Բաքու, ուր չէր կարողանում մտնել Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը: Դեպի Բաքու տանող ամբողջ ճանապարհին թուրքական բանակն ու մուսավաթական կազմավորումները հրկիզում էին հայկական գյուղեր, սրի քաշում խաղաղ բնակիչներին[10]: 1918 թ. սեպտեմբերին գերմանական աջակցությամբ Բաքվին մոտեցած թուրքական զորքերը վերջնագիր ներկայացրին քաղաքի Հայոց ազգային խորհրդին[11]: Սեպտեմբերի 15-ին թուրքերը գրավեցին Բաքուն, որին հաջորդեց հայ բնակչության եռօրյա սպանդը, որ իրագործում էին թուրքական զորքերն ու տեղի թաթարական խաժամուժը: 1918 թ. երկրամասում ազգային ուժերի հարաբերակցությունը թույլ է տալիս հաստատելու, որ առանց թուրքական միջամտության Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը չէր կայանա: Փաստորեն թուրքական կանոնավոր բանակն է Արևելյան Անդրկովկասի հայկական բնակավայրերի բնաջնջման ու Բաքվում շուրջ 30 հազար հայերի ջարդի միջոցով 1918 թ. հիմնել թուրքական նոր պետություն[12]:
Խորհրդային Ադրբեջանի իսլամադավան բնիկ ժողովուրդների բռնի ձուլմամբ ադրբեջանցի նոր ազգ կառուցելու ստալինյան նախագիծը: Խորհրդային իշխանության հաստատմամբ Անդրկովկասը մտավ զարգացումների նոր փուլ: Արևելքում սոցիալիստական հեղափոխության ծավալման ուղեգծի քողի տակ բոլշևիկյան Մոսկվան սկսեց սիրաշահել Թուրքիայում իշխանության եկած քեմալականներին, իսկ ներսում՝ կովկասյան թաթարներին: Տարփողելով Խորհրդային Ադրբեջանում նոր տիպի ինտերնացիոնալ պետություն կառուցելու կարգախոսը բոլշևիկները հայկական հսկայական տարածքներ տվեցին Թուրքիային, իսկ Նախիջևանը և Արցախը տարբեր կարգավիճակներով մտցվեցին Խորհրդային Ադրբեջանի սահմանները: Շուտով թուրքերը, լուծված համարելով Արցախն ու Նախիջևանը Ադրբեջանին հանձնելու խնդիրը, երես թեքեցին Մոսկվայից և անցան նրա հակառակորդների ճամբարը: Մոսկվան անաղմուկ հաշտվեց «թուրքական խաղերում» թույլ տված իր սխալի հետ և Անկարայի խաբեությանը ի պատասխան՝ որոշեց կոտրել կովկասյան թաթարների թուրքական կողմնորոշումը: Ստալինը հրաշալի գիտակցում էր, որ իրանազերծման քաղաքականությունը հանգեցրել է կովկասյան թաթարներ կոչված էթնիկապես անորոշ բազմության թուրքացմանը և փորձեց ուղղել այդ սխալը: Խորհրդային Ադրբեջանում ոչ ազգային հանրապետություն կառուցելու 20-ական թվականների գաղափարը հանվեց օրակարգից, և տեղը առաջադրվեց Ադրբեջանի իսլամադավան ժողովուրդներից հանրապետության տիտղոսակիր ադրբեջանական ազգ կառուցելու նախագիծը[13]: Դրա նպատակն էր հանրապետության տարամետ ՝ թուրքական ու պարսկական «հակումներ» ունեցող իսլամադավան ժողովուրդներից «թխել» ոչ միայն պարսկականից, այլև թուրքականից տարբեր ինքնություն ունեցող ադրբեջանական ազգ: Սկսվեց տարաբնույթ «էթնիկական խմորներից» պետականակիր ազգ «հունցելու» գործընթացը: Հանրապետության ադրբեջանականացումը ընդունեց պարսկական մշակութային ակունքներից սերած բնիկ ժողովուրդների բռնի ուծացման, նրանց մշակույթի թալանի բնույթ, որ այլևս պիտի համարվեր նոր ստեղծվող ադրբեջանական ժողովրդի մշակույթ: Մոսկվան աչք էր փակում այն բռնությունների վրա, որ բաժին էին ընկնում բնիկ ժողովուրդներին՝ նրանց բռնի ադրբեջանականացման (ըստ էության՝ թուրքացման) ընթացքում: 80-ականներին նրանցից շատերը վերջնակակապես դուրս մղվեցին հանրապետության երբեմնի բազմերանգ էթնիկական քարտեզից: Իրականում այդ տարիներին թալիշների, լեզգիների, թաթերի ու մյուս ազգությունների մեծ մասն անցավ յուրատեսակ ազգային ընդհատակ՝ այնտեղից հետագայում դուրս գալու հույսով[14]: Ադրբեջանական ազգ կառուցելու ստալինյան նախագիծը գործնականում ընդունեց հանրապետության իսլամադավան ոչ թուրք ժողովուրդների թուրքացման, ըստ էության՝ նրանց ցեղասպանության բնույթ:Ինտերնացիոնալիզմի առաջադիրք ներկայացվող հանրապետության հովանավորությանը հանձնված Նախիջևանում 1979 թվականին գրեթե հայ չէր մնացել: 1988-ին նախիջևանահայության ցեղասպանությունը լռության քողի տակ կատարված իրողություն էր:
Ադրբեջանահայության ցեղասպանության անթաքույց քաղաքականությունը ԽՍՀՄ տրոհման տարիներին: Արցախահայությունը ոտքի կանգնեց հույսով, որ վերակառուցման ուղին բռնած երկրի ղեկավարությունը կարճ ժամանակում լուծում կտա հարցին: Բայց մարզխորհրդի որոշման հաջորդ օրը ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն կատարվածը որակեց «ծայրահեղական տարրերի սադրանք»: Փաստորեն այդ որոշումը ինքն էր կրքերը բորբոքող սադրանք, որ ազատեց Բաքվի ձեռքերը: Մեկ շաբաթ անց տեղի ունեցավ սումգայիթյան ցեղասպանությունը: Ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող զինվորական կայազորը քաղաքում հայտնվեց բավականին ուշ, իսկ այնտեղ մտնելուց հետո էլ ոչ մի վճռական քայլ չձեռնարկեց ամբոխին սաստելու համար: Այդպիսին էր վերևից տրված ցուցումը: Նույնը կրկնվեց Բաքվում 1990 թ. հունվարին[15]: 1988-1991 թթ. ԽՍՀՄ գոյության վերջին երկուսուկես տարիների ընթացքում Խորհրդային Ադրբեջանում եղեռնի ենթարկվեց ադրբեջանահայությունը՝ Արևելյան Անդրկովկասի քաղաքական, տնտեսական ու մշակությին պատմության կերտողներից մեկը: Դա ինտերնացիոնալ (ոչ ազգային) հանրապետության հիմնադիր ժողովուրդներից մեկի ցեղասպանություն էր և բացառիկ երևույթ XX դարի պատմության մեջ: Հրաժարվելով կատարվածը ցեղասպանություն որակելուց՝ գորբաչովյան Մոսկվան բավարարվեց այն ջարդեր անվանելով[16]: Երևույթին համարժեք քաղաքական գնահատական տալու հարցում երկրի առաջնորդ Գորբաչովի դիրքորոշումները փաստորեն նոր բռնությունների թույլտվություն էին: 1991 թ. կեսերին, երբ ակնհայտ էր, որ ԽՍՀՄ տրոհումը հասել է վերջնագծին, Գորբաչովը Բաքվի տրամադրության տակ դրեց խորհրդային բանակի՝ Գանձակում տեղակայված 23-րդ դիվիզիան՝ «Օղակ» անվանված գործողությամբ երկրամասը հայաթափելու համար: Արցախի խաղաղ բնակչության դեմ ԽՍՀՄ կազմաքանդման եզրագծում պատժիչ այդ գործողությունը երկրամասի հայաթափումից բացի այլ բացատրություն չունի[17]:
Արևմուտքն անկասկած հետևում էր ԽՍՀՄ-ում ծավալվող դեպքերին[18]: Ինչպես հայտնի է, 1988-1989 թթ. նա չափավոր զգուշությամբ սատարում էր Ղարաբաղյան շարժումը, բայց ավելի եռանդուն կերպով՝ երկրի առաջնորդ Գորբաչովին, որի գործողություններում արդեն իսկ 1990-ին ակնհայտ երևում էր, որ նա երկիրը տանում է դեպի փլուզում: 1991-ի վերջերին, երբ ԽՍՀՄ-ը մտավ լուծարման վերջնագիծ և միութենական հանրապետությունները սկսեցին անկախության հռչակումների «շքերթը», հայտնի դարձավ, որ Արևմուտքը հետխորհրդային տարածքում նորանկախ պետությունները ճանաչելու է նախկին միութենական հանրապետությունների սահմաններում[19]: Պարզ դարձավ, որ ԽՍՀՄ տրոհման այդ ծրագիրը Արևմուտքը «մտքում ուներ» վաղուց, որ հետահայաց վերլուծությամբ կարելի է տեսնել ղարաբաղյան խնդրի կապակցությամբ արված նրա բոլոր արձագանքներում: Դա նշանակում է, որ Արևմուտքը Արցախի մեջ 1988-ից ի վեր տեսել է միայն ԽՍՀՄ-ի փլուզման պայթուցիկ:
Ադրբեջանահայության ցեղասպանություն՝ մարդկության դեմ ցայսօր լռության մատնված հանցագործություն: 1988-1990 թթ. ԽՍՀՄ կենտրոնական մամուլը շռայլորեն նյութեր էր տարածում Ադրբեջանից ու Հայաստանից փախստականների հանդիպակաց հոսքերի մասին՝ հավասարության նշան դնելով կոտորածներից փրկված հայերի ու իրենց բնակարանները նրանց հետ շահեկան պայմաններով փոխանակող հայաստանաբնակ ադրբեջանցիների միջև: Սա այն բազմաթիվ հնարքներից մեկն էր, որով հակամարտությունից դուրս էր թողնվում ադրբեջանահայությունը:
Հետխորհրդային շրջանում հարցը քաղաքական օրակարգից հանելուն նպաստեց նորանկախ պետությունները նախկին միութենական հանրապետությունների սահմաններում ճանաչելու Արևմուտքի քաղաքական որոշումը, որի ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա մնում է մինչ օրս[20]: 1992-ին Արևմուտքը Ադրբեջանի և Հայաստանի անդամակցումը միջազգային կառույցներին քարկապեց միմյանց հետ: 1992-ի հունվարի 30-ի նույն օրն են Հայաստանի Հանրապետությանն ու Ադրբեջանական Հանրապետությանը ընդունել ԵԱՀԽ: Այդ արարողության միանվագության քաղաքական իմաստը Եվրոպայի առաջադրած պայմաններին երկու երկրների համաձայնությունը ստանալն էր (առաջին հերթին ՀՀ-ի, քանի որ նրան էին հասկացնում զիջումների գնալ և չբարձրացնել ղարաբաղյան թեման): 1992 թվականի մարտի 5-ին երկու նորանկախ հանրապետությունները ընդունվեցին ՄԱԿ՝ դարձյալ Երևանին հասցեագրված թափանցիկ, բայց չբարձրաձայնված քաղաքական ենթատեքստով: Բաքվի ագրեսիվ պահվածքը զսպելու մտադրությամբ Արևմուտքն ակամա անդրադառնում էր ադրբեջանահայության թեմային: 1993 թ. հունվարի 21-ին Եվրոպայի խորհրդարանը ընդունեց Հայաստանին վերաբերյալ բանաձև, որի առաջին կետում արձանագրված էր ադրբեջանահայությանը պատուհասած ողբերգությունը. «…ա) ուշադրության առնելով Ադրբեջանում իրագործված ջարդերից փրկված 300 հազար փախստական հայերի ողբերգական վիճակը,…»: Հատկանշական է, որ բանաձևի երկրորդ կետում նշվում էր խնդրի կարգավորման այն ուղին, որը Եվրոպական այդ կառույցի կանոնադրության տեսակետից ինքնին հասկանալի ու ընդունելի էր համարվում թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով: Փաստաթղթում արձանագրված է, որ «ԵԱՀԽ-ն խաղության հաստատման փորձեր է ձեռնարկում՝ պայմաններ ստեղծելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև բանակցությունների համար»[21]:
Սա ադրբեջանահայության վերաբերյալ Եվրոպայի ընդունած թեև իրավիճակային, բայցևայնպես բացառիկ փաստաթուղթ է: Հետագայում, հատկապես 2000-ից ի վեր ընդունված փաստաթղթերում, կազմակերպությունը սողքով հեռացել է այդ դիրքորոշումից: ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած վերջին առաջարկություններում ընդհանրապես մոռացության է մատնված ադրբեջանահայ փախստականության հարցը: Կարծես չեն եղել ջարդեր, զանվածային բռնություններ: Այսպես կոչված «Մադրիդյան փաստաթուղթը» և դրա տարբերակները փախստականների վերադարձ ասելով նկատի ունեն ԼՂԻՄ-ի և ԼՂՀ-ի շրջափակմանը մասնակցած և այդ ընթացքում հայերի նկատմամբ բազմաթիվ հանցագործություններ գործած ադրբեջանցիներին, որոնք միջազգային իրավունքի տեսակետից փախստական չեն կարող համարվել[22]: Արևմուտքի դիրքորոշման այդ կերպափոխությունը Բաքվի կողմից եվրոպական կառույցներին «խավիարային դիվանագիտության» մեջ ներքաշելով չի միայն բացատրվում: Այդ նահանջը բխում է մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում ճանաչելու Արևմուտքի ելակետային որոշումից և բացատրություն ստանում դրա շրջանակներում:
Արևմուտքն արել ու անում է այն, ինչ բխում է իր շահերից: Բայց հակամարտության կերպարից ադրբեջանահայությանը դուրս թողնելը միայն Արևմուտքի կամ այդ հարցում նրա մոտեցումները կիսող Ռուսաստանի Դաշնության խնդիրը չէ Դա նախ և առաջ մեր խնդիրն է: Հասկանալու համար, թե որքան համարժեք չեն մեր ազգային քաղաքական մոտեցումները քննարկվող խնդրին, բավական է ասել, որ ադրբեջանահայության հետ կատարվածը, մենք ինքներս պաշտոնապես ցեղասպանություն չենք անվանում և մեր կողմից ընդհանրապես դուրս է մղված Հայոց ցեղասպանության համատեքստից: Այս կապը մեր փոխարեն ոչ ոք չի տեսնելու, իսկ եթե ուրիշները տեսնեն, կարող են և լռության մատնել կամ այդ մասին կխոսեն, երբ իրենց պետք լինի, ինչպես դա արվում է Օսմանյան կայսրության ու հանրապետական Թուրքիայի կատարած եղեռնագործության պարագայում: Այսօր Հայոց ցեղասպանության թեման հայտնվել է Եվրոպայի քաղաքական օրակարգում, և մենք մեր մոտեցումներով պարտավոր ենք գոնե չնպաստել, որ պատմաքաղաքական ճշմարտությունը այլոց համար դառնա շահարկումների առարկա: Իսկ ճշմարտությունը պահանջում է, որ մենք ադրբեջանահայության ցեղասպանությունը չանջատենք Հայոց ցեղասպանության քաղաքական գնահատման հիմնախնդրից: Հայ ազգային գիտական միտքը օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարաբնույթ պատճառներով այդ հիմնախնդրի իմաստավորումն ու ներկայացումը իր ամփոփիչ-ավարտական տեսքին չի հասցրել:
Անպատասխան մնացած հարցեր: Այն, թե ինչու թուրքը դարձավ մարդկության դեմ գործած հանցագործության կատարողը, դեռևս խորքային հետազոտության կարոտ հարց է, որ պահանջում է երևույթի համալիր քաղաքակրթական մոտեցում: Սա ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկային քաղաքակակրթության համար հրատապ հարց է:
Պակաս կարևոր չէ նաև հայի ընդհանուր նկարագրի՝ նրա հոգեկերտվածքի, աշխարհընկալման, քաղաքական մտածողության ու պահվածքի հարցը: Ինչու՞ աշխարհաքաղաքական բարդ խաղերում հայտնված հայությունը XIX դարի կեսերից մինչև XX դարի քսանական թվականները չի կարողացել գտնել իր առջև ծառացած քաղաքական կողմնորոշումներին ու ինքնակազմակերպմանը վերաբերվող հարցերի համարժեք պատասխանները: Սրանք նույնքան հրատապ, բայց ազնիվ պատասխաններ չստացած տեսական լուրջ ենթախորք ունեցող կարևոր հարցեր են:
Բայց կա հարցերի մեկ այլ խումբ՝ կապված տարածաշրջանում իրենց հաշիվները պարզող խոշոր տերությունների վարքի հետ: Այո, նրանք և միայն նրանք կարող էին կանխել մարդկային քաղաքակրթության դեմ կատարված այդ ոճրագործությունը: Սակայն Հայկական հարցի քննությունը այլ բան է պարզում: Դեռևս 1915-ից առաջ Օսմանյան կայսրությունը համոզվել էր, որ Հայկական հարցին խոշոր տերությունները անդրադառնում են ոչ թե հայերին հնարավոր աղետից փրկելու, այլ Փոքր Ասիայում ու նրանից արևելք ընկած տարածքներում իրենց հարաբերությունները պարզելու համար, և ոչ ավելին: Անգլիային, Գերմանիաին, Ռուսաստանին հայն ու Հայաստանը հետաքրքրում էին որպես սեփական ծավալապաշտական նախագծերի իրագործման միջոց կամ դրան խանգարող գործոն:
Մենք արևմտահայության ցեղասպանության այդ հարցերին անդրադառնում ենք՝ նկատի ունենալով այն զուգահեռները, որոնք ակնհայտ հիմքեր են տրամադրում Հայոց ցեղասպանության ընդհանուր պատկերում արևմտահայության ու ադրբեջանահայության ցեղասպանության ակտերի քաղաքական նույնացման, դրանք նույն հանցագործ ծրագրի իրագործման տարբեր փուլեր դիտարկելու համար:
Գլոբալ բնույթի իրադարձությունների այն դաշտը, որի հետ անմիջապես կապվում է ադրբեջանահայության ցեղասպանությունը, ԽՍՀՄ կազմաքանդումն էր: Պարզ է, որ ինչպես գորբաչովյան թիմը, այնպես էլ դեպքերին հետևող արևմտյան քաղաքական շրջանակները գիտեին, որ սումգայիթն ու նրան հետևած հանրապետությունով մեկ հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանությունից բացի այլ որակում չեն կարող ստանալ: Գիտեին, սակայն պետք է անտեսեին դա, քանի որ Ադր. ԽՍՀ-ում ծավալվող իրադարձությունները տեղավորվում էին ԽՍՀՄ փլուզման նախագծում որպես դրա խթանիչներ: Դրանք պետք է անտեսվեին նաև 1991-1992-ին, երբ ԱՀ-ն ընդունվեց ՄԱԿ նախկին Ադր. ԽՍՀ սահմաններում: Դա անհամատեղելի էր ադրբեջանահայության ցեղասպանության փաստի հրապարակային ճանաչման ու դատապարտման հետ: Չէր կարելի, օրինակ, ընդունել, որ Կարսի գործող պայմանագրի համաձայն Նախիջևանը չի պատկանում ԱՀ-ին և հետո ճանաչել այն Նախիջևանով հանդերձ: Դա պետք է լռության մատնվեր և մատնվեց: Չէր կարելի ընդունել ադրբեջանահայության ցեղասպանության փաստը և այնուհետև ճանաչել ցեղասպան ԱՀ-ն Լեռնային Ղարաբաղով հանդերձ:
Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում ու Արևելյան Անդրկովկասում հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ կատարված հանցագործության գնահատականը երևույթի քաղաքական իմաստին համարժեք լինել չի կարող՝ առանց այդ հարցում խոշոր տերությունների պահվածքը հաշվի առնելու, որ մեկ դրդել են թուրքերին դիմելու այդ քայլին, մեկ անմիջապես նպաստել են դրան, մեկ հանդես են եկել որպես «չեզոք ու անկողմնակալ» դիտորդներ, մերթ ուղղակի մասնակցել են վայրագության այդ ակտերին: Հարցին անդրադարձել են շատերը[23]: Արևմտահայությանը պատուհասած ողբերգության մեջ խոշոր տերությունների խաղացած դերը պարզ ու սպառիչ ձևակերպել է հայտնի պետական գործիչ, 1916-1922 թթ. Անգլիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը՝ «Հայերը մեր զոհն են»[24]:
Խնդրի արդի վիճակը. Ինչու՞ Ադրբեջանի քաղաքական կերպարում տեղ չի գտնում նրա ցեղասպան պետություն լինելու փաստը: Թվում է՝ ԱՀ-ն ցեղասպանությամբ հիմնված և ցեղասպան պետություն լինելու փաստերը վաղուց պիտի լինեին միջազգային քաղաքական օրակարգում: Սակայն դա այդպես չէ, ինչը բացատրություն է պահանջում:
Խոշոր տերությունների դիրքորոշումներին մենք անդրադարձնաք: Սակայն պարզվում է՝ մեզանում նույնպես կա տեսակետ, որ նպատակահարմար չէ բարձրաձայնել Արևելյան Անդրկովկասի ու Նախիջևանի հայության ցեղասպանության փաստը: Այդ մասին է վկայում այն, որ ադրբեջանահայությանը պատուհասած ողբերգությունը պետական ատյանների կողմից ստացել է ամենատարբեր, բայց ոչ ցեղասպանություն որակումը[25]:
Եվ այսպես, ի՞նչ հիմնավորումներ ու փաստարկներ կարող են դրվել ադրբեջանահայության ցեղասպանության փաստը լռության մատնելու և հայոց այդ մեծ հատվածի հետ կատարվածը Հայոց ցեղասպանության ընդհանուր համատեքստից դուրս թողնելու քաղաքականության հիմքում: Մենք ելնելու ենք այն կանխավարկածից, որ իշխանությունների վարքն այդ հարցում բանական հիմքեր ունի և չի հետապնդում հարցը գիտակցված ձևով խեղաթյուրելու նպատակ: Մենք այդ դիրքորոշման հիմքում ընկած հնարավոր փաստարկներին կանդրադառնաք պաշտոնապես չհնչեցվող, «կուլիսների ետևում» կես բերան ասվող տեսակետների թվարկումով, և որպես ուրիշի հնարավոր խոսք մենք դրանք կառնեք չակերտների մեջ:
Առաջին հնարավոր փաստարկ: «Ադրբեջանահայության ցեղասպանության միջազգային հնչեղություն տալը կխանգարի արևմտահայության ցեղասպանության գործընթացին: Միջազգային հանրությունը, որ Հայոց ցեղասպանության տակ հասկանում է Օսմանյան կայսրության սահմաններում տեղի ունեցածը, մեզ չի հասկանա: Ավելին, դա կխանգարի Արևմտյան Հայաստանի հայության ցեղասպանության արդեն միջազգային ճանաչման հունի մեջ մտած գործընթացին»:
Դիտարկումներ առաջին փաստարկի վերաբերյալ: Այս փաստարկ-հիմնավորումը մեզ չի արգելում ճիշտ ներկայացնել թուրքերի կողմից կատարված հանցագործության սահմանները և Հայոց ցեղասպանության փաթեթում ներառել Օսմանյան կայսրության ժամանակներում նրա սահմաններից դուրս թուրքերի կատարած ոճրագործությունները, ի թիվս որոնց նաև 1918 թթ. Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում թուրքական կանոնավոր բանակի իրագործած հայկական կոտորածները: Գոնե դա պետք է արվի, քանի որ դեպի Բաքու շարժվելու ամբողջ ճանապարհին և Բաքվում հայության կոտորածը Հայոց ցեղասպանության հիմնավորման փաթեթի ամենից առանցքային, անհերքելի ուժ ունեցող փաստն է: Արևելյան Անդրկովկասի հայության 1918-1920 թթ. կոտորածները չեն հակասում Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ընկալելի պատկերացումներին ու փաստական հենքին, քանի որ խոսքը հենց Օսմանյան թուրքերի կողմից կատարված հանցագործության մասին է:
Երկրորդ հնարավոր փաստարկ: «Ցեղասպանությունը ըստ սահմանման պետական հանցագործություն է: Արևելյան Անդրկովկասի հայության (ադրբեջանահայության) և արևմտահայության ցեղասպանության փաստերը «մեկ միասնական գործում» միավորելը կապված է իրավաբանական դժվարությունների հետ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք տեղի են ունեցել տարբեր պետական կազմավորումներում: 1915-1923 թթ. իրադարձությունների համար «հաշիվ պետք է ներկայացվի» պատմությունը լքած Օսմանյան կայսրությանը, իսկ 1918-1920 թթ. Արևելյան Անդրկովկասում տեղի ունեցած դեպքերի համար՝ թուրքական բանակի կողմից հիմնված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությանը: Խնդիրն իրավաբանորեն ավելի է բարդանում, եթե ադրբեջանահայության ցեղասպանության գործին միացվեն Խորհրդային Ադրբեջանի գոյության տարիներին Նախիջևանի հայաթափումը և հայերի սումգայիթյան եղեռնագործությամբ սկսված իրադարձությունները: Վերջին դեպքում ընդհանրապես անորոշ է մնում հանցագործությունն իրագործած «պետության հասցեն», քանի որ Խորհրդային Ադրբեջանը մաս է կազմել խորհրդային միասնական պետության: Ավելին, Բաքվից արդեն ձայներ են հնչում, որ սումգայիթը Մոսկվայի կազմակերպած գործ է և որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն նա է»:
Դիտարկումներ երկրորդ փաստարկի վերաբերյալ: Երկրորդ փաստարկը նույնպես չի հակասում մեր այն մտքին, որ Հայոց ցեղասպանության «քրեական փաստերի փաթեթ» պետք է ներբերվեն թուրքական կանոնավոր բանակի կողմից Արևելյան Անդրկովկասում կատարված հանցագործությունները: «Հայոց ցեղասպանության փաթեթի» այդպիսի ընդլայնումը նախևառաջ իրագործելի է ոչ միայն արձանագրված և լայնորեն հայտնի փաստերի ու փաստաթղթերի առկայության հիմքով, այլև քաղաքական այն հանգամանքով, որ հանցանքի մեղադրանքով մեր օրերում միջազգային օրակարգում հայտնված սուբյեկտը մնում է նույնը՝ Օսմանյան կայսրությունը: Ազգերի լիգա ընդունվելու մերժումն ստացած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության կառավարող շրջանակները այսպիսի հարցադրմամբ գործին առնչվում են որպես թուրքերի ցեղասպանական ծրագրին ծառայող հանցախումբ:
Ավելի նուրբ է ԽՍՀՄ տարիներին ադրբեջանահայության ցեղասպանության «գործը կազմելու« հարցը: Կատարված հանցագործության արծարծումը պահանջում է ճշտգրիտ հաշվարկված բանաձևումներ, քանի որ բուն թեման անցանկալի կարող է լինել՝ ԽՍՀՄ իրավահաջորդ ՌԴ համար, որ այսօր ՀՀ ռազմավարական դաշնակիցն է: Չի բացառվում, որ Մոսկվան ակնարկներով կամ բաց տեքստով մեր իշխանություններին հայտնած լինի, որ թեմայի արծարծումը անցանկալի է իր համար, և հենց դա լինի պաշտոնական Հայաստանի կողմից եղեռնագործությանը համարժեք գնահատական չտալու գլխավոր քաղաքական շարժառիթը: Այս հարցում ըստ երևույթին անթույլատրելի է անհիմն շտապողականություն ցուցաբերելը: Կարևոր է, որ հարցը այնպես նախապատրաստվի, որպեսզի հստակ ցույց տրվի, որ խորհրդային առաջին տարիներին հօգուտ Ադրբեջանի հայկական հողերի թալանի մեղքը, որ հետագայում հանգեցրել է Ադր. ԽՍՀ հայության ցեղասպանութանը, կրում է բոլշևիզմը, որը անուղղելի վնասներ է հասցրել նաև Ռուսաստանին ու ռուս ժողովրդին: Դա իրոք այդպես է եղել, և մեր խնդիրն է ցույց տալ հայ և ռուս ժողովուրդներին պատճառած կորուստների իսկական մեղավորին, ավելի ճիշտ՝ հանցավորին:
Մյուս հանգամանքը, որ բացատրություն է տալիս խորհրդային տարիներին ադրբեջանահայության նկատմամբ իրագործած ցեղասպանությանը, ադրբեջանական ազգ կառուցելու ստալինյան նախագիծն էր: Այն, ինչպես նշել ենք, հակառակ մտահղացման, վերածվել է ոչ միայն Արևելյան Անդրկովկասի ու Նախիջևանի հայաթափման, այլև բնիկ ժողովուրդների բռնի թուրքացման նախագծի: Բազմազգ և ոչ ազգային Ադրբեջանի փոխարեն Ռուսաստանը ձախողված այդ նախագծի պատճառով իր հարավում այսօր ունի բացահայտ թուրքամետ նոր պետություն:
Վերջապես, խորհրդային տարիներին ադրբեջանահայության ցեղասպանության արյունոտ փուլում՝ 1988-1991 թվականներին, տեղի ունեցածը դարձյալ չէր բխում Ռուսաստանի ու ռուս ժողովրդի շահերից: Սումգայիթյան եղեռնագործությամբ գորբաչովյան թիմի կողմից գործողության մեջ դրված ԽՍՀՄ տրոհման նախագիծը Ռուսաստանին նետեց տնտեսական սնանկության ու ժողովրդագրական ճգնաժամի գիրկը: Խոշոր տերությունից Ռուսաստանը հայտնվեց սովորական պետության կարգավիճակում: Պուտինյան թիմից ահռելի ջանքեր պահանջվեցին ռազմաարդյունաբերական համալիրը վերականգնելու և Ռուսաստանի դիրքերը գլոբալ քաղաքական դաշտում շտկելու համար:
Թե Ռուսաստանը տապալելու բոլշևիզմի քայլերը, թե ադրբեջանական ազգ կառուցելու ստալինյան նախագիծը, թե գորբաչովյան թիմի կողմից ԽՍՀՄ կազմաքանդման գործողությունը անդառնալի կորուստներ պատճառեցին և՛ հայ ժողովրդին, և՛ ռուս ժողովրդին: Դա ակնհայտ փաստ է, և ադրբեջանահայության ցեղասպանության թեմայի արծարծման մեր ռազմավարությունը պետք է ելնի ՌԴ համար ընդունելի այդ իրողությունից:
Երրորդ հնարավոր փաստարկ: «Ցեղասպանությունը հանցագործություն է, որ որոշակի ժամանակային սահմաններում է կատարվում: Միջազգայնորեն հնչեղություն ստացած Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. ձևակերպումը ընկալելի է, քանի որ նկատի է առնվում նույն պետության ներսում ութ տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը: Սակայն հիմա հայ փորձագետների մի զգալի մասը համիդյան ջարդերն է դիտում որպես ցեղասպանության սկիզբ, իսկ ուրիշները պահանջում են «Հայոց ցեղասպանության փաթեթում» ներառել սումգայիթյան եղեռնագործությունն ու դրան հետևած մյուս զանգվածային բռնություններն ու ջարդերը: Դրանք տեղի են ունեցել տարբեր պետական կազմավորումներում և իրարից տասնամյակների հեռավորության վրա են գտնվում: Ընդհանրապես կոռեկտ չէ խոսել մեկ դարի տևողությամբ ցեղասպանության մասին, այդպիսի բան չի լինում»:
Դիտարկումներ երրորդ փաստարկի վերաբերյալ: Վերջին միտքն այն մասին, որ կոռեկտ չէ խոսել մեկ դարի տևողությամբ ցեղասպանության մասին անհերքելի է թվում, եթե նկատի է առնվում, որ վերջին հարյուրամյակում Արևելյան Անդրկովկասում «Ադրբեջան» անունով երեք պետություն է եղել, որոնց մեջ չկա իրավահաջորդության անընդհատություն: Իրավահաջորդության խզումները այս փաստարկին հիմնվող փորձագետների տեսակետից անհնարին են դարձնում մեկ դարի ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հեղինակ-հանցագործին «գտնելը»:
Ինչ վերաբերվում է ցեղասպանության ժամանակային սահմանների վերաբերյալ «Մեկ դարի տևողությամբ ցեղասպանություն չի լինում» ձևակերպումանը, ապա պետք է նկատել, որ ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիան[26] ժամանակային նման որևէ սահմանափակման մասին դրույթ չունի: Ավելին, որպես ցեղասպանություն որակվող հանցագործությունների թվարկման մեջ կան այնպիսիները, որոնք կարող են կատարվել ոչ թե ցեղասպանության «միանվագ ակտով», այլ միայն ժամանակի ընթացքում, այն էլ ոչ կարճատև: Այդպիսիք են, օրինակ, Կոնվենցիայի երկրորդ հոդվածի գ) ենթակետում նշված՝ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը», կամ դ) ենթակետով սահմանված՝ «խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը» հանցագործությունները: Ձևակերպումները ցույց են տալիս, որ ցեղասպանության հանցագործության ըմբռնման մեջ տևողության հարցը ընդհանրապես չի կարևորվել փաստաթողթը մշակողների կողմից: Հանցագործության բնութագրման համար կարևոր են դիտվել նրա նպատակը և հետևանքները: Ավելի լուրջ է մարդկանց միևնույն խմբի նկատմամբ ցեղասպանական ակտերի իրագործման հարցը, եթե դրանք կատարվել են նույն տարածքում իրավահաջորդությամբ կապ չունեցող պետություններում: Հանցագործի նույնականացման խնդիր է ծագում, որն անլուծելի է թվում, եթե արարքը դիտվում է միայն որպես պետական քաղաքականության դրսևորում, ինչպես հաճախ ներակայացվում է: Ի դեպ, Կոնվենցիայի տեքստում որևէ դրույթ չկա պետությունը և միայն պետությունը հնարավոր հանցագործ արարքի սուբյեկտ համարելու համար: Ավելին, փաստաթուղթի 6-րդ կետում հնարավոր հանցագործների մեջ առաջին հերթին տեսնում է անհատ անձանց ու նրանց խմբերին՝ արձանագրելով, որ այն «անձինք, որոնք մեղադրվում են ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու մեջ, դատվում են այն երկրի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է այդ հանցագործությունը, կամ այնպիսի միջազգային քրեական դատարանի կողմից, որը կարող է իրավազորություն ունենալ սույն Կոնվենցիայի՝ այդ իրավազորությունը ճանաչած կողմերի նկատմամբ»։ Ինչպես տեսնում ենք, 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիան չի անդարդառնում մարդկանց միևնույն խմբի նկատմամբ նույն տարածքում միմյանց հաջորդած տարբեր պետական կազմավորումների ցեղասպանական քաղաքականությանը: Եվ դա հասկանալի է, քանի որ նրա հիմնական նպատակը ցեղասպանական ակտի (երևույթի) սահմանումն է եղել: Ոչ մի իրավական փաստաթուղթ (օրենք, սահմանադրություն, պայմանագիր) չի կարող սպառել իրավական կարգավորման ենթակա երևույթի բոլոր հնարավոր դրսևորումները: Դրա համար դրանք ժամանակ առ ժամանակ ճշտգրտվում, վերանայվում, վերախմբագրվում են: Հաճախ կարիք է զգացվում սահմանել, թե վիճելի հարցերի դեպքում որ մի ատյանն ունի դրա դրույթները մեկնաբանմելու իրավասություն:
Հիմնահարցը, որ ծագում է Հայոց ցեղասպանության պարագայում և դառնում հիմնավորում «կոռեկտ չէ խոսել մեկ դարի տևողությամբ ցեղասպանության մասին, մանավանդ որ խոսքը տարբեր պետական կազմավորումներում տեղի ունեցած դեպքերի մասին է» հարցադրման համար, անկասկած հստակ ձևակերպման և լրացուցիչ իմաստավորման կարիք ունի: Արևմտահայության ցեղասպանությունը իրագործել են և Աբդուլ Համիդը և երիտթուրքերը, քեմալականները և հանրապետական Թուրքիան, երբ արդեն չկար Մուստաֆա Քեմալը: Նման պատկեր է պատմությունը արձանագրում Նախիջևանում ու Արևելյան Անդրկովկասում: Այդտեղ ևս շարունակաբար առաջ է տարվել հայասպանության նույն քաղաքականությունը, երբ թուրքական բանակը իշխանությունը հանձնել է մուսավաթականներին, երբ Խորհրդային Ռուսաստանի XI կարմիր բանակը հիմնել է Խորհրդային Ադրբեջանը, իսկ ԽՍՀՄ լուծարումից հետո վերջինի փոխարեն ասպարեզում հայտնվել է մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը: Թե՛ Թուրքիայում, թե՛ Արևելյան Անդրկովկասում Ադրբեջան անվանված երեք հանրապետություններում, որտեղ իշխանության ղեկին հայտնվել են տեղական թուրքերը, արձանագրվում է նույն փաստը. փոխվում են իշխանությունները, քաղաքական կարգը, պետականության ձևերը, բայց անփոփոխ է մնում հայության ցեղասպանության քաղաքական ուղեգիծը, որը երբեմն քողարկվում, երբեմն էլ բաց տեքստով հրապարակվում է որպես ազգային նպատակ, ինչպես հիմա անում են Բաքվի իշխանությունները: Հայասպանության նպատակն ու այն իրագործելու քաղաքական ուղեգիծը XX դարում կապ չեն ունեցել այն բանի հետ, թե ինչ ուժեր են իշխանության եկել Թուրքիայում կամ Ադրբեջանում, թե քաղաքական ինչ գաղափարախոսության են հետևել նրանք հրապարակավ, թե, վերջապես, նրանք եղե՞լ են միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտներ, թե՞ ոչ:
Ինչի՞ մասին է դա խոսում: Միակ բանը, որ հուշում են տրամաբանությունն ու առողջ բանականությունը, այն է, որ տվյալ դեպքում երևույթի հիմքերը պետության՝ որպես հաստատության, կամ երկրի քաղաքական կարգի փոփոխության մեջ չեն: Երևույթի պատճառները պետք է փնտրվեն նաև պետական ու քաղաքական համակարգերից դուրս, և այդ «դուրսը» ազգային քաղաքական մշակույթն է, որը նույնն է մնացել քաղաքական կարգերի փոփոխության ընթացքում: Սա միակ եզրակացությունն է, որին բերում է Հայոց ցեղասպանության ողջ փաստական հենքի քննությունը: Կոնվենցիան այդ հարցերին չի անդրադարձել, և նրա խնդիրն այդ չի եղել: Սակայն ոչ մեկին չի արգելվում ցեղասպանության հանցագործության նոր ըմբռնումներ դնել գիտական շրջանառության մեջ ու տեղեկատվական դաշտերում՝ հասունացնելու համար դրանց քննարկումները միջազգային ատյաններում: Ոչ մեկը չի կարող հերքել ոչ միայն ողջ մարդկային քաղաքակրության համար վտանգավոր երևույթը սահմանելու ու հանցագործությունը պատժելու, այլև այն ծնող պատճառների հարցերը քննելու կարևորությունը: Ընդ որում Հայոց ցեղասպանության դեպքում դրա համար ևս բավարար փաստական նյութ կա: Կան նաև թուրքական քաղաքական մշակույթի մասին գիտության ու արվեստի և քաղաքական հեղինակավոր գործիչների բազմաթիվ գնահատականներ: Մենք կբավարարվենք միայն Դեյվիդ Լլոյդ Ջորջի վերն արդեն հիշատակված աշխատությունից հետևյալ մեջբերումով՝ «Թուրքերը Եվրոպայում ապրում են հարյուրավոր տարիներ, բայց միշտ եղել են ատելի ճնշողներ ու ամեն աղետի աղբյուր: Թուրքերը եվրոպացի չեն դարձել, չեն յուրացրել եվրոպական քաղաքակրթությունը և պատերազմների մշտական պատճառ են եղել: Պետք է չափազանց լավատես լինել թուրքերի բնույթի մեջ փոփոխություն սպասելու համար»[27]. Պատմությունը և հատկապես Անդրկովկասի թուրքերի քաղաքական վարքը գալիս են հաստատելու այս գնահատականի արդարացի լինելը: Հանձինս թուրքական (բայց ոչ թյուրքական) քաղաքական մշակույթի մարդկությունը գործ ունի մի մշակույթի հետ, որ պատմական հանգամանքների բերումով դարձել է այդպիսին, որպիսին է, և ցեղասպանագիտությունը պարտավոր է զբաղվել այդ հարցի ուսումնասիրությամբ:
«Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ
[1] Տե՛ս «Армяно-русские отношения в XVIII веке» փաստաթղթերի ժողովածուի IV հատորում զետեղված 1783 թ. ապրիլի 3-ին գրված «Из ордера Ф.А. Потемкина П.С. Потемкину» N146 փաստաթուղթը (էջ 239):
[2] Տե՛ս Свентешовский Т. «Русское правление, модернизаторские элиты и становление национальной идентичности в Азербайджане»// «Азербайджан и Россия: общества и государства», М., 2001, стр. 14-49.
[3] Ըստ Քերիմ Քարամ օղլի Շյուքյուրովի XIX դարի սկզբներին Պարսկաստանից Անդրկովկաս թափանցողների թիվը արդեն հասել էր 300.000-ի: Նա գրում է. “… численность отходников в Закавказье из Южного Азербайджана в начале XX века составляла более 280-300 тыс. человек в год, из коих 130-140 тыс.трудились в неземледельческих отраслях, а остальные 150-160 тыс. — в земледелии; иначе говоря, земледельческий отход преобладал над неземледельческим”(տես՝ https://goo.gl/tFpKrJ): Ակնհայտ է, որ XIX դարում Անդրկովկասը ենթարկվել է ժողովրդագրական գրոհի, որ հանգեցրել է թյուրքալեզու բնակչության կտրուկ աճի: Դրանից առաջ երկրամասում թյուրքալեզու բնակչությունը կազմել է չնչին փոքրամասնություն: Հարցին անդրադարձել են Վ.Ֆ. Մինորսկին, Լ.Փ Տիգրանովը, Լ.Ս. Սոբոցինսկին, Լ.Կ. Արտամոնովը և այլք: Այդ մասին տե՛ս նաև Белова Н. Об отходничестве из северо-западного Ирана в конце XIX – начале XX века // Вопросы истории, N 10, 1956, с. 112-121 (էլեկտրոնային հասցեն՝ goo.gl/Soy5c1):
[4] Տե՛ս Варданян Т. Азербайджанцы: история одного незавершенного этнопроекта (историко-аналитический очерк. Մենագրության 25-րդ էջում հեղինակը, հղում կատարելով «Списки населенных мест Российской империи по Кавказкому краю, LXV. Бакинская губерния, по сведениям 1859 по 1864 год Кавказским статистическим комитетом при главном управлении Наместника Кавказского / сост. Н. Зейдлин. Тифлис, 1870» ժողովածուին, մեջբերում է այդ քաղաքականությունը հաստատող վկայություն: Աղբյուրի 85 էջում գրված է ՝ «Tюрское племя составляет по нашему списку 44% (210.223 чел.) общего итога населения губернии. Если же считать и городских жителей, которые по Бакинской губернии по общей статистике принадлежат к этой народности, то оказывается, что татары состажляют далеко более половины всего народонаселения. Официальные сведения показывают еще несравненно более татар, причисляя к ним все народы за искючением русских и армян» (ըդգծումը մերն է — Ա.Մ.).
[5] Անդրկովկասի էթնիկական բազմազանությունը այդ ձևով շրջանցելու քաղաքական հնարքին կայսրությունը դիմել էր դեռ մինչև տարածաշրջանում հայտնվելը: 18-րդ դարում էլ Սանկտ Պետերբուրգից Անդրկովկասը մուսուլմանների ու քրիստոնյաների երկրամաս էր երևում: Այն ժամանակ դա նպատակահարմար էր դեպի հարավ առաջանալու կայսրության ծրագրերի տեսակետից:
[6] XX դարում թյուրքական աշխարհում ծավալված իրադարձությունները հիմք են տալիս թուրքիզմը առանձնացնել թյուքիզմից ՝ որպես ազգայնականության գաղափարախոսությամբ ու քաղաքական վարքով տարբեր մի երևույթ:
[7] Կովկասյան թաթարների մտավորականության փաքրաթիվ շերտի գիտակցության մեջ կատարված շրջադարձը դեպի Ստամբուլ նկարագրված է Եվա-Մարիա Աուխի աշխատություններում: Մասնավորապես տե՛ս Ева-Мария Аух. Между приспособлением и самоутверждением// «Азербайджан и Россия: общества и государства». M., 2001, стр. 50-87:
[8] Ստամբուլը, որ ուշիուշով հետևում էր երկրամասում ազգային հարցում ռուսական գործելակերպին, չէր կարող չնկատել կայսրության հակահայ քաղաքականության այդ դրսևորումները և իրեն չհամարել նրա համախոհը: Ի դեպ, խորհրդանշական զուգադիպությամբ նույն 1905 թվականին են տեղի ունենում հայ-թաթարական բախումները Արևելյան Անդրկովկասում և թուրք ամբոխի կողմից հայկական ջարդերը Կոստանդնուպոլսում:
[9] Մուսուլմաններ եզրը առավելապես օգտագործվում էր բնիկ իսլամադավան ժողովուրդներին կովկասյան թաթաների հետ համերաշխության մղելու և հայերին որպես երկրատարածքի բոլոր մուսուլմանների թշնամի ներկայացնելու նպատակով: Այնպես որ մուսուլմաններ և կովկասյան թաթարներ հասկացություններին ռուսական և թուրքական ծառայությունները դիմել են ըստ քաղաքական նպատակահարմարության::
[10] Տես՛. Ս. Միրզոյան, Ա. Ղազինյան «Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.», Երևան, 2003 թ.: Փաստաթղթերի ժողովածուն ավելի քան բավարար նյութ է տրամադրում Արևելյան Անդրկովկասի հայության կոտորածները Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության փուլերից մեկը համարելու համար:
[11] Վերջնագիրը Բաքվի մատույցներից ներկայացվել է թուրքական բանակի հրամանատարության և գերմանական գլխավոր շտաբի պետի անունից: Այդ քայլով թուրքերը հող էին նախապատրաստում Բաքու մտնելուց հետո հայկական ջարդերի համար: Վերջնագիրը գրված էր հենց այդպիսի սպառնալիքով: Տե՛ս «Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.» (էջ 83-84):
[12] Այդ փորձը թուրքական բանակը կրկնել է 1974 թ.՝ ներխուժելով Կիպրոս և այնտեղ հիմնելով այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:
[13] Տե՛ս Вартанян Т. Азербайджанцы: история одного незавершенного этнопректа (Ереван, 2012) և Казинян А. Полигон “Азербайджан” (Ережан, 2011) գրքերում:
[14] Տե՛ս Харатян Г. Проблемы этнического выживания в Азербайджане վերլուծությունը՝ goo.gl/NzdXgk Էլեկտրոնային հասցեով, Ара Марджанян. О темпе роста и национальном составе населения Азербайджана հոդվածը goo.gl/uoa5vB էլեկտրոնային հասցեով:
[15] Խորհրդային Ադրբեջանի հայության ցեղասպանությանը նվիրված մեծաքանակ գրականություն կա: Տե՛ս «Сумгаитская трагедия в свидетельствах очевидцев». Ер., 1989, Мосесова И., Овнанян А. Вандализм в Баку. Ер., 1991, Мелик-Шахназарян Л. Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики. Ер., 1997, «Ադրբեջանահայություն. կորսված հայրենիք, համարժեք փոխհատուցում», Ер., 2006, Лебедь А. За державу обидно, М., 1995.
[16] 1989 թ. նոյեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի Ղարաբաղյան հակամարտության մասին ընդունած բանաձևի էլեկտրոնային հասցեն է՝ http://thomas.loc.gov/cgi-bin/query/z?c101:S.J.RES.178.ES:
[17] 1991-ի օգոստոսին Մոսկվայում տեղի ունեցած խռովությունը խանգարեց մինչև վերջ իրագործել այն:
[18] Սակայն 1991-ին և դրանից հետո էլ արևմտյան մայրաքաղաքներում, որտեղ անհամբեր սպասում էին ԽՍՀՄ տրոհման ավարտին, հայտնի էր, որ Բաքվին դատապարտող իրենց ելույթները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Դրանք արվում էին ԽՍՀՄ կազմաքանդման գործընթացներում մարդասիրության դիրքերից հավուր պատշաճի ներկայանալու համար:
[19] Եվրախորհուրդը ԵՄ արտգործնախարարների անունից հռչակագրի տեսքով 1991-ի դեկտեմբերի 16-ին ընդունել է քաղաքական որոշում` ետխորհրդային տարածքում նորանկախ պետությունները նախկին միութենական հանրապետությունների սահմաններում ճանաչելու մասին (Տես` European Forin Policy. Key Dokuments, Edited by Chistopher Hill & Karen E. Smith. Dokument 4a/21, էջ 282: Էլեկտրոնային հասցեն՝ http://hist.asu.ru/aes/EFP_Documents_0415158222.pdf):
[20] Բավական է նկատել, որ 1991-ից ի վեր այդ որոշումն է առավելապես պայմանավորում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Արևմուտքի մոտեցումը:
[21] Բանաձևի էլեկտրոնային հասցեն՝ goo.gl/X1qJWB:
[22] ԼՂԻՄ-ում և նրա հարակից տարածքներում նախկինում ապրող ադրբեջանցիները միջազգային իրավունքի տեսակետից փախստական չեն ոչ միայն այն փաստի ուժով, որ նրանք զանգվածաբար մասնակցել են ԼՂԻՄ-ի ու հետագայում նաև ԼՂՀ շրջափակմանը, այլև այն պատճառով, որ նրանք ապրում են իրենց քաղաքացիության երկրում:
[23] Թեմայով ամենից հանգամանալից ուսումնասիրություններից մեկը Տիգրան Սահակյանի «Հայոց ցեղասպանության մեղսակիցները» աշխատությունն է (Երևան, 2015): Իր նախորդների պես, նա նույնպես Հայոց ցեղասպանության տակ նկատի ունի արևմտահայոց 1915-1923 թթ. եղեռնը:
[24]Տե՛ս Дэвид Ллойд Джордж. Правда о мирных договорах. Т. 2, М., 1957. С. 390.
[25] Վերջին պաշտոնական անդրադարձը թեմային արվել է 2018 թ. փետրվարին ՀՀ Ազգային ժողովի կողմից սումգայիթյան եղեռնագործության 30-րդ տարելիցին նվիրված լսումների առիթով: Բայց սպասածին հակառակ՝ ԱԺ համապատասխան կառույցներում մշակված հայտարարության տեքստում ցեղասպանություն բանալի բառը չկար: Հայտարաության տեքստի էլեկտրոնային հասցեն՝ goo.gl/tb9qhn
[26] Կոնվեցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունը տես goo.gl/Qdc5tv էլեկտրոնային հասցեով:
[27] Տե՛ս Дэвид Ллойд Джордж. Правда о мирных договорах. Т. 2, М., 1957. С. 400: