in English — https://aga-tribunal.info/wa-30-9-2023-en/
in Russian — https://aga-tribunal.info/wa-30-9-2023/
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համայն հայ ժողովուրդն ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) երբեք չեն հաշտվելու Արցախի հայության ցեղասպանության, բռնագաղթի ու Արցախի պետականության կորուստի հետ
30 սեպտեմբեր 2023 թ․
https://elections-western-armenia.info/archives/1961
Հայ ժողովրդի հանդեպ թշնամական կոալիցիան ու նրա պրոքսի գործիքներ Թուրքիան ու Ադրբեջանը, բոլորը միասին, որպես ահաբեկչական պետություններ, Արցախում իրականացրին Արցախի հայության ցեղասպանությունն ու բռնագաղթը, շարունակելով դեռեւս 1894-1896 թթ․-ից Օսմանյան Թուրքիայի, իսկ 1918 թ․-ից Ադրբեջան կոչվող արհեստական պետության պետական ահաբեկչական քաղաքականությունը։
Հայ ժողովրդի ու հայկական քաղաքակրթության դեմ 130 տարուց ավելի շարունակվող պետական ահաբեկչական քաղաքականությունը իրականացվում է էթնիկ-ազգային հիմքով եւ պանթուրքիզմի ու պանթուրանիզմի մարդատյաց-հայատյաց գաղափարախոսության հենքով։ Դրա վկայությունն է նաեւ հայ մշակույթի ու քաղաքակրթական ժառանգության նկատմամբ նրանց որդեգրած ահաբեկչական հանցագործ քաղաքականությունն ու ծրագիրը, որի նպատակն է ջնջել հայկական հետքը ողջ տարածաշրջանում, ամբողջ Հայկական լեռնաշխարհում եւ դրան հարակից տարածքներում։
Որպես Հայերի ցեղասպանության իրականացման գործիք՝ պանթուրքիզմի տեսությունը շրջանառության մեջ է դրվել 1873-1874 թթ․՝ Եվրոպայում, ապա որդեգրվել Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների կողմից, իսկ 1918 թ․-ից նաեւ Ադրբեջանի։ Ցեղասպանությունն իրականացվել է հայերի, հույների, ասորիների եւ այլ ժողովուրդների նկատմամբ՝ 1894-1923 թթ․ ընթացքում, իսկ հայերի նկատմամբ շարունակվում է մինչեւ այսօր։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն 1894-1924 թթ․ ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունները՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական, ոչնչացրել են կայսրության ավելի քան 4 միլիոն հայ, հույն, ասորի քաղաքացիների։ Հայերի ցեղասպանությունը իրականացվել է Օսմանյան կայսրության տարածքում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․
Եվ 1918-2016 թթ․ ընթացքում Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունների կողմից Ադրբեջանի Հանրապետություն կոչվող տարածքում՝ Սումգայիթում, Բաքվում, ինչպես նաեւ Շուշիում, Նախիջեւանում, Արցախում, Գարդմանում, Գանձակում, Մարաղայում, Շահումյանում, Թալիշում եւ հայկական այլ տարածքներում, այժմ արդեն Արցախում։
Բոլոր կողմերին էլ պարզ է, որ ներկայի ցեղասպանական գործողությունները չէր հաջողվի իրականացնել առանց առանց միջազգային ընկերակցության անդամ մի շարք ազդեցիկ պետությունների համաձայնության, ծրագրավորման, համագործակցության ու մասնակցության։
Սա է իրողությունը։
Բոլոր կողմերին էլ պարզ է, նաեւ, որ Արցախը, Հայաստանի Հանրապետությունը, համայն հայ ժողովուրդը ունեին ներուժ ցեղասպան այդ ծրագրերին դիմակայելու, եթե ունենային ազգային – պետական առաջնորդություն։
Այնուհանդեձ, հաշվի առնելով հանդերձ ներկայի իրողությունները, մեր խնդիրն է․
- հասնել պանթուրքիզմի ու պանթուրանիզմի մարդատյաց տեսության դատապարտմանը,
- հասնել հայ ժողովրդի ցեղասպանության ամբողջական դատապարտմանն ու հատուցմանը,
- հասնել ահաբեկչական պետությունների, այդ շարքում թշնամական կոալիցիայի ու դրա պրոքսի գործիքների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական պետությունների ղեկավարների դատապարտմանը, որպես պատերազմի, ցեղասպանության ու մարդկայնության դեմ հանցագործությունների ծրագրողներ, հրահրողներ, իրականացնողներ,
- հասնել Մերձավոր Արեւելքի բնիկ ժողովուրդների մշտական տրիբունալի կազմավորմանը եւ դրա արդյունավետ գործարկմանը։
Ինչպես կարող ենք հաշվի չառնել, որ`
— հայերի (եւ վերոնշյալ ժողովուրդների) ցեղասպանությունը հանդիսանում է միջազգային հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ,
- հայերի (եւ վերոնշյալ ժողովուրդների) նկատմամբ 1894 – 1923, 1988-2023 թթ․ ընթացքում իրականացված կոտորածն ու բռնագաղթը հանդիսանում է ցեղասպանություն, համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․,
- հայերի (եւ վերոնշյալ ժողովուրդների) ցեղասպանությունը ենթակա է դատապարտման, համաձայն՝ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ,
- եւ որ այդ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում։
Բոլորին էլ պարզ է, որ քանի դեռ
- չեն պատժվել ահաբեկիչ զույգ պետությունները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, հայ, հույն, ասորի, եզդի, քուրդ, թալիշ, լեզգի եւ այլ ժողովուրդների նկատմամբ իրականացրած ցեղասպանության, էթնիկ զտումների քաղաքականության, բռնաճնշումների եւ դրանց միջոցով այդ ժողովուրդներին բռնագաղթի ենթարկելու համար,
- չի իրականացվել հատուցում ցեղասպանության ենթարկված ժողովուրդներին․
- չի դատապարտվել պանթուրքիզմն ու պանթուրանիզմը որպես մարդատյաց տեսություն,
- միջազգային ընկերակցությունը վերը թվարկված ժողովուրդներին չի օգնել վերականգնելու իրենց օրինական իրավունքները,
ոչ Հարավային Կովկասում եւ ոչ էլ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատել հնարավոր չէ։
Մյուս կողմից, անհրաժեշտ է բոլոր ատյաններում եւ բոլոր միջոցներով պաշտպանել 1919-1920 թթ․ Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայ ժողովրդին տրված բոլոր իրավունքները, ինչպես դա արել եւ անում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը)։
Անհրաժեշտ ենք համարում հատուկ շեշտել նաեւ հետեւյալը։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) երբեք չի հաշտվելու Արցախին, Արցախի հայությանը, հայ ժողովրդին ագրեսոր ու ահաբեկիչ պետությունների կողմից պարտադրված ներկայի իրողությունների հետ, այդ թվում՝ Արցախի բռնազավթման փաստի հետ, ինչպես չի հաշտվել Արեւմտյան Հայաստանի ու Հայկական Կիլիկիայի բռնազավթման իրողությունների հետ։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) երբեք չի հաշտվելու, ներսից ու դրսից, Հայաստանի Հանրապետությանը պարտադրված այս վասալական վիճակի հետ։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը՝ Հայաստան պետությունը, հաշվի առնելով այդ բոլոր իրողությունները, այս պահին հանդես է գալիս, որպես համայն հայ ժողովրդի անկախ ազգային պետական կառույց, եւ հայտ է ներկայացնում առաջնորդելու հայ ժողովրդի պայքարը հանուն կյանքի, ազատության եւ ապագայի։
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Վարչապետ
30 սեպտեմբեր 2023 թ․