in Russian — https://aga-tribunal.info/mfa_artsakh_2-4-2020/
in English — https://aga-tribunal.info/mfa_artsakh_2-4-2020_en/
ապրիլ 2, 2016
Չորս տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 2-ին, կոպտորեն խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա: Թիրախավորվեցին ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև քաղաքացիական բնակչությունը: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը և մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի և ռազմական տեխնիկայի քանակը, ինչպես նաև հարձակմանը նախորդած ժամանակահատվածում լարվածության բարձրացմանը և խաղաղ գործընթացի տապալմանն ուղղված ադրբեջանական կողմի նպատակային քայլերը վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան մանրամասն ծրագրված և նախապատրաստված ռազմական օպերացիա էր:
Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի և մարտական գործողությունների վարման կանոնների կոպտագույն խախտումներով: Այս հանցագործությունները մանրամասն փաստաթղթավորվել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից և երկու հատուկ զեկույցներով ներկայացվել միջազգային հանրությանը:
2016 թ. ապրիլյան ագրեսիան Ադրբեջանի հերթական փորձն էր՝ ուժի միջոցով լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Միայն Արցախի Պաշտպանության բանակի վճռական գործողությունների, ինչպես նաև համայն հայության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ խափանել Բաքվի պլանները և հարկադրել ադրբեջանական կողմին վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը:
Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը մարտահրավեր դարձավ ոչ միայն մեր հանրապետության, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար։ Հատկանշական է, որ ապրիլյան ագրեսիայից քիչ առաջ՝ 2016 թ. մարտի 19-ին, Ադրբեջանի նախագահը ակնհայտ կերպով մեղադրել էր Մինսկի խմբի համանախագահներին այն բանում, որ նրանք «իրենց ապակառուցողական գործունեությամբ ծառայում են հակամարտության սառեցմանը» և այդ պատճառով ադրբեջանական ժողովրդի հավատը նրանց գործունեության նկատմամբ ամբողջությամբ խաթարված է:
Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում ինչպես ապրիլյան ագրեսիայի սանձազերծման, այնպես էլ Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում իր զինծառայողների կողմից իրականացված հանցավոր գործողությունների համար: Այն փաստը, որ ռազմական հանցագործություններ իրականացրած ադրբեջանական զինծառայողները, պարգևատրվել են անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, ևս մեկ հաստատում են, որ այս գործողությունները իրակացվել են ադրբեջանական իշխանությունների հրամանով կամ նրանց ղեկավարմամբ և վերահսկմամբ: Հաշվի առնելով, որ այսօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, Արցախի Հանրապետությունը կշարունակի հետևողական ջանքեր գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Ապրիլյան ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է:
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են՝ ետ մղելով 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիան կամ դարձել են Բաքվի ռազմական արկածախնդրության անմեղ զոհը: Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ ողբերգական օրերին աջակցել են Արցախի ժողովրդին:
3 thoughts on “Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի 4-րդ տարելիցի կապակցությամբ”