in English — https://aga-tribunal.info/wa-24-4-2021-en/
in Russian — https://aga-tribunal.info/wa-24-4-2021/
in French — https://aga-tribunal.info/wa-24-4-2021-fr/
in Turkish — https://aga-tribunal.info/wa-24-4-2021-tr/
ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենի 2021 թ․ ապրիլի 24-ի ուղերձը եւ ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում
ԱՄՆ-ի կողմից Օսմանյան կայսրությունում 1894-1923 թթ. հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ընդունումը հին պատմություն ունի։ Այն հստակեցնում է ԱՄՆ քաղաքականությունը եւ կոնկրետ քայլերը այս հարցում եւ սկիզբ է առնում դեռեւս 1894 թ․-ին։
Համառոտ թվարկենք դրանք․
- ԱՄՆ Կոնգրեսում Սենատի (հունվարի 24) եւ Ներկայացուցիչների պալատի (հունվարի 27) 1896 թ․ «Հայ ժողովրդի դեմ հանցագործություններ» անվանումը կրող բանաձեւերը (հայերի նկատմամբ Համիդյան կոտորածների վերաբերյալ),
- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գործունեությունը՝ հայերի կոտորածների եւ տեղահանությունների փաստերը վավերագրելու, Օսմանյան կայսրության ողջ մնացած հայերին օգնելու նպատակով հիմնադրամ ստեղծելու, ինչպես նաեւ «Հայերի դեմ ոճրագործությունների հարցով կոմիտե» ստեղծելու վերաբերյալ, որը 1919 թ․ վերանվանվեց որպես «Մերձավոր Արեւելքի օգնության ամերիկյան կոմիտե»,
- ԱՄՆ Սենատի հարակից որոշումը, 9 փետրվար 1916 թ․,
- ԱՄՆ Կոնգրեսի Ակտը Մերձավոր Արեւելքի Օժանդակության Կոմիտեի վերաբերյալ, 6 օգոստոս 1919 թ․,
- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Թուրքիայում հայերի շարունակական հետապնդումների եւ տեղահանության, Կիլիկիայից հայերի տարհանման եւ հայկական պետություն ստեղծման հնարավորության մասին բանաձեւ, 7 մարտ 1922 թ.,
- Արդարադատության միջազգային դատարան ուղարկված ԱՄՆ Կառավարության գրավոր հայտարարությունը «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի կապակցությամբ, 28 մայիս 1951 թ․,
- ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատների №148 համատեղ բանաձեւերը, 8 ապրիլ 1975 թ․,
- ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի №4838 հայտարարությունը, 22 ապրիլ 1981 թ․,
- ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների №247 համատեղ բանաձեւերը, 12 սեպտեմբեր 1984 թ.։
Այս շարքում, որպես ԱՄՆ պետական քաղաքականության հատուկ դիրքորոշում առանձնահատուկ նշանակություն ունեն՝
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած № 296 բանաձեւը, 29 հոկտեմբեր 2019 թ․,
- ԱՄՆ Սենատի ընդունած № S.Res 150 բանաձեւը, 12 դեկտեմբեր 2019 թ․ եւ, անշուշտ,
- ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, 24 ապրիլ 2021 թ․։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած № 296 բանաձեւը, 29 հոկտեմբեր 2019 թ․, արդեն իսկ նոր դրույթներ էր պարունակում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում տարվող աշխատանքներն արդյունավետ կերպով շարունակելու եւ
իրականացնելու տեսանկյունից։
Բանաձեւում գրված է․
«Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության եւ վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, ինչպես նաեւ հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի եւ արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:
Պարբերության մեջ ամեն ինչ ասված է, այդ թվում եւ այն մասին, որ «Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը․․․»:
Սույն բանաձեւը գրեթե նույնությամբ 12 դեկտեմբեր 2019 թ․ ընդունեց նաեւ ԱՄՆ Սենատը որպես № S.Res 150 բանաձեւ։
ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենը 2021 թ․ ապրիլ 24-ի ուղերձում երկու անգամ գործածել է «ցեղասպանություն» եւ մեկ անգամ «Մեծ եղեռն» եզրույթը։
Ուղերձում երեք անգամ արտահայտվում է հետեւյալ միտքը․
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում եւ պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը»: «Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի տեղի ունեցածը երբեք չկրկնվի»: «Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում կանխելու մեր վճռականությունը: Եվ եկեք հետեւենք ապաքինմանը եւ հաշտեցմանը աշխարհի բոլոր մարդկանց համար»:
Սա հատկապես կարեւոր է 2020 թ․ սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը ահաբեկչական կազմավորումների ու վարձկանների ներգրավմամբ եւ այլեւայլ պետությունների օժանդակությամբ թուրք — ադրբեջանական դաշինքի իրականացրած ագրեսիան, պետական ահաբեկչությունն ու ցեղասպանական գործողությունը Արցախի Հանրապետության եւ Արցախի հայ բնակչության դեմ։
Արձանագրենք, որ ԱՄՆ-ի (ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած այլ պետությունների) համար տեսանելի է, որ 1894-1896 թթ․ սկսված, 1915-1923 թթ․ շարունակված ցեղասպանությունը հայ ժողովրդի, այդ թվում եւ Հայկական Լեռնաշխարհի ու Մերձավոր Արեւելքի բնիկ ժողովուդների՝ ասորիների, հույների, նկատմամբ շարունակվում է։
ԱՄՆ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց մեծ ու կարեւոր ներդրում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում պայքարը շարունակելու եւ հաջողության հասնելու համար։
Եվ ամենակարեւորը․
Հայ ժողովրդի համար Հայկական հարցի արդարացի լուծմանը հասնելու հարցում ամենակարեւոր իրավական փաստաթուղթը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար փաստաթուղթը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռն է, 22 նոյեմբեր 1920 թ., որի ամբողջական անունն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։
Իրավարար վճռի վերաբերյալ, մասնավորապես, պետք է ընդգծել հետեւյալը․
- Իրավարար վճիռը անժամանցելի է, անբեկանելի եւ կատարման համար պարտադիր։
- Ըստ իրավարար վճռի, Հայաստանի տիտղոսն ու իրավունքները ամրագրված են նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա:
- Իրավարար վճիռը պարտադիր է ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Սեւրի խաղաղության պայմանագիրը ստորագրած մյուս հայցվորների, ինչպես նաեւ իրավարարի՝ Միացյալ Նահանգների համար։
- Իրավարար վճռի համաձայն, 1920 թ․ նոյեմբերի 22-ից հետո, այսինքն՝ Իրավարար վճռի կայացման պահից, հայկական սահմանին հարակից թուրքական տարածքը ապառազմականացվելու է։
Այսօր, արդեն տասնամյակներ ի վեր, Մեծ Մերձավոր Արեւելքը գտնվում է մարդասիրական ու ռազմաքաղաքական խորը ճգնաժամի մեջ, որն ըստ էության վաղուց վերաճել է քաղաքակրթական ճգնաժամի։ Նաեւ այն տարածքում, որ ընդունված է կոչել քաղաքակրթունների բնօրրան ու խաչմերուկ՝ Հայկական լեռնաշխարհ։ Պատճառն այն է, որ չեն իրականացվել 1920 թ․ ընթացքում հայերի եւ այլ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ կայացված որոշումները, այդ թվում՝ Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով։ Տարածաշրջանային այս ճգնաժամից, որն ազդում է նաեւ համաշխարհային գործընթացների վրա, դուրս գալու եւ ազատվելու այլ ելք չկա, քան կյանքի կոչելու եւ իրականացնելու այդ որոշումները, դրա միջոցով խցանումից ազատելով նաեւ քաղաքակրթությունների բնօրանն ու խաչմերուկը՝ Հայկական լեռնաշխարհը։
Որովհետեւ հստակ է, որ հայ եւ տարածաշրջանի այլ բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության ու իրականացման միջոցով է հնարավոր Մեծ Մերձավոր Արեւելքում հաստատել այնքան սպասված ու պահանջված կայուն խաղաղություն ու համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների ու ազգերի միջեւ։
Իսկ ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենի 2021 թ․ ապրիլի 24-ի ուղերձը հույսի եւ ոգեւորության աղբյուր է Մերձավոր Արեւելքի ցեղասպանված եւ իրավազրկված բոլոր բնիկ ժողովուրդների համար։
Հայ ժողովուրդը շնորհակալ է ու երախտապարտ ԱՄՆ Նախագահին, ԱՄՆ օրենսդիրներին, ԱՄՆ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր տասնամյակներ շարունակ վառ պահեցին արդարության հասնելու հույսն ու հավատը եւ պայքարեցին դրա համար։
Մեր ժողովուրդը դա երբեք չի մոռանա։
Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա, որ դրանով կրճատվում է արդարության եւ հատուցման հասնելու ճանապարհը։
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
24.04.2021 թ.
2 thoughts on “ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենի 2021 թ․ ապրիլի 24-ի ուղերձը”