Մացակ Փոլադյան. Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը եւ Մերձավոր Արեւելքի հայությունը, խնդիրներն ու ապագայի ծրագրերը
Մացակ Փոլադյան, հասարակական — քաղաքական գործիչ, Ֆրանսիա «Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը եւ Մերձավոր Արեւելքի հայությունը, խնդիրներն ու ապագայի ծրագրերը» Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում հայկական միասնական օրակարգ չի ձեւավորվել: Սփյուռքի հայության օրակարգում հայ համայնքների կազմավորման, Հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրներն էին: Խորհրդային Հայաստանի օրակարգում Հանրապետության վերածննդի ու զարգացման, Հայրենադարձության խնդիրները: Հայաստանի Հանրապետության օրակարգում Արցախյան ազատամարտը հաղթանակով ավարտելու, Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության հաստատման ու պահպանման խնդիրները: