in Russian — https://aga-tribunal.info/spitak-6-11-2021/
in English — https://aga-tribunal.info/spitak-6-11-2021-en/
“Artsakh Monuments”, 6 ноября 2021 г.
Նոյեմբերի 5-ին ադրբեջանական www.cbc.az-ի կողմից տեսանյութ է հրապարակվել, որտեղ կրկին ցուցադրվում է ուդիական համայնքի ներկայացուցիչների ,,ուխտագնացություն,, Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի և Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու, Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք: Համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր են կատարում»:

Հարցազրույցում Ռոբերտ Մոբիլին խոսելով այսպես ասած «վնասների մասին», որ իբր թե ստացել էր ,,աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի,, ժամանակ, նշում է թե իբր հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին ավելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, ավելացրել հայկական գրեր և դա արվել է աղվանական հետքերը ջնջելով: Եվ գրեթե միշտ ավելացնում է, որ իրենք պետք է նախնական, ասել է թե, ոչ հայկական տեսքի բերեն եկեղեցիները, ինչը մտահոգության տեղիք է տալիս:

Ռոբերտ Մոբիլին հարցազրույցի ընթացքում չի մոռանում մի քանի անգամ շնորհակալություն հայտնել շեհիդներին, իրենց ,,սրբազան վայրերը,, ազատագրելու համար: Եթե Ռոբերտ Մոբիլին իրավամբ հոգևոր արժեքների կրող լիներ, ապա նա նման կեղծիքի մաս չէր կազմի, ու չէր դառնա ադրբեջանական կրկեսի ծաղրածու:
Մինչև 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, Սպիտակ խաչ վանքը նախատեսված էր վերանորոգել ռուսաստանաբնակ հայ բարերար Սմբատ Աբրահամյանի միջոցներով: Իրականացվել էին մաքրման ու նախապատրաստական աշխատանքներ շինաշխատանքները սկսելու համար, ինչը հստակ երևում է նաև տեսանյութի մեջ:
Ստորև ներկայացնում ենք Սպիտակ խաչ վանքի մասին պատմական տվյալները:
Ավանդության համաձայն Վանքի Սպիտակ խաչ անվանումը կապվում է Սուրբ Գրիգորիսի լանջական բյուրեղյա խաչի հետ: Նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո, այդ սրբությունները տեղափոխվել են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստացել է Սպիտակ խաչ անվանումը:

Ըստ Սարգիս Ջալալյանցի, ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Եվ որ այն դարձել էր ուխտատեղի, բազում հայ ուխտավորների համար: Գյուղն էլ իր անունը Վանք՝ ստացել է Սպիտակ խաչ վանքից:Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, ամենավաղ արձանագրությունը թվագրվում է 14-րդ դարով, ավելի կոնկրետ 1333 թվականով: Արձանագրությունը պահպանվել է եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ ,,Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ,, (1333):

Ի դեպ վանքն ու շրջակայքը հարուստ են արձանագրություններով, և այդ արձանագրությունների մեջ խոսվում է վանքի հետագա վերանորոգումների մասին:Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է, որին արևմուտքից միանում է ուղղանկյուն գավիթը: Ընդ որում, գավիթն ու եկեղեցին իրարից բաժանված չեն, ունի մեկ մուտք, որը բացվում է արևմուտքից:

Առկա են երկու փոքր պատուհաններ՝արևմտյան և հյուսիսային կողմերում։ Արևմտյան պատուհանի քարի վրա նույնպես պահպանվել է արձանագրություն՝ ,,Տ[է]ր Ա[ստուա]ծ/ Յ[իսու]ս Ք[րիստո]ս․․/Վրդանէս Թ․ ։Ռ/ՃԽԳ,, (1694): Եկեղեցու տանիքին տեղադրված է վեց սյուններից բաղկացած, բրգաձև ծածկով զանգակատուն — ռոտոնդան, որի մասին շինարարական արձանագրությունը պահպանվել է եկեղեցու մուտքի հարավահայաց կողին …,,Յիշատակ է զանգակատունս Սուրապի որդոյ Ովանես եպիսկոպոսին,,:

Եկեղեցուց հարավ-արևելք հյուրատունն է մուտքի բարավորին պահպանված արձանագրությամբ. ,,Ես Միկրտիչս գ/րեցի: Յիշատակ է թանապիս/ Սուրապու որդի Ովանէս եպ[իս[կ[ոպո]սին./ շինեցաւ :ՌՃՁԴ: (1735) թվին. այն տարին էր`/ Թահմազ խ[ա]ն օսմանլուն երկրէս տուրս ար[ա]ւ,,։
Հյուրատան կողքին էլ պահպանվել են երկու վիմափոր խցեր: Եկեղեցու շրջակայքում կան բազմաթիվ տապանաքարեր պահպանված արձանագրություններով, որոնցից կարելի է ենթադրել, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, քանի որ այդտեղ թաղված են նաև եպիսկոպոսների աճյուններ: Արցախի որմնափակ խաչքարերից մեկը գտնվում է, հենց այստեղ:

Լուսանկարները Գայանե Բուդաղյանի