Տիգրան Փաշաբեզյան, «Լուսավոր Ավետիս» էլ․ կայքի խորհրդի անդամ
«Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի ռազմավարության մասին»
Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը կառուցված է հետեւյալ հարցադրումներին տրված ճշգրիտ պատասխանների վրա.
- Ե՞րբ է ձեւավորվել պանթուրքիզմի գաղափարախոսությունը։
- Հայերի ցեղասպանությունը դատարապարտվել է 1896, 1909, 1915, 1919 թթ., որտե՞ղից ծագեց Հայերի ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ Հայերի ցեղասպանությունը մեկ անգամ եւս կրկին դատապարտելու խնդիրը:
- Ե՞րբ է իրականացվել Հայերի ցեղասպանությունը, ո՞ր տարիներին, ո՞ւմ կողմից եւ ո՞րն է Հայերի ցեղասպանության ժամանակագրությունը, 1915-1923, թե՞ 1894-1923 թթ.:
- Ո՞րն է Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասցված վնասը եւ իրականացվել է, արդյո՞ք այդ վնասի գնահատումը, հաշվարկը, այլ կերպ ասած, գոյություն ունի, արդյո՞ք վնասի հատուցման հաշվարկի ամբողջական փաթեթը:
1․ Պանթուրքիզմի գաղափարախոսության ձեւավորումը՝ 1873-1923 թթ․։
Արմինիուս Վամպերի, «Բուխարա», 1873 թ․, «Կենտրոնական Ասիա», 1874 թ․, Լոնդոն։ Գրքում գովերգվում են թուրք ցեղի գերակայությունն ու…. հին փառքը:
Ֆրանց Ֆոն Վերներ, «Թուրքերը․ էսքիզներ», 1877 թ., Լայպցիկ։ Գրքում ուրվագծվում է պանթուրանիզմի քաղաքական մեծ ծրագիրը։
Կոնստանտին Բոռժեցկի, «Հին եւ արդի թուրքերը», 1889 թ., Փարիզ։ Գրքում ցույց է տրվում առասպելական Թուրքիայի անծայրածիր կայսրությունը վերականգնելու ճամփան:
Լեոն Կահուն, «Ասիայի պատմության ներածություն. թուրքերն ու մոնղոլները իրենց ծագումից մինչեւ 1405», 1896 թ., Փարիզ։ Հետապնդում է Օսմանյան թուրքերի մոտ ռասայական զգացումներ արթնացնելու եւ դեպի Կենտրոնական Ասիա, ընդհուպ մինչեւ Չինաստան ծավալողապաշտական ախորժակներ գրգռելու նպատակ…
Ալբերտ Կոհեն, գերմաներեն եւ թուրքերեն լեզուներով հրապարակված ծրագրային գրքերի ամբողջ մի շարք է, դրանցից հիշատակենք երեքը.
- «Թուրքականություն եւ համաթուրքականություն», 1915 թ․, Վայմար, պանթուրքիզմի տեսական հիմնավորումն է,
- «Մտորումներ Մեծ Թուրքիայի բնույթի եւ ծրագրի շուրջ», աշխարհակալական այս ծրագիրը բնութագրում է եւ զատորոշում պանթուրանիզմը պանթուրքիզմից։
- «Պատերազմից դեպի խաղաղություն անցման տնտեսության մասին», թուրքերեն ուսումնասիրություն, որի հեռակա նպատակն է Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան Թուրքիայի տնտեսությունը դնել «Իթթիհադ վե Թերաքքի» կուսակցության ենթակայության տակ։
Խալիդե Էդիբ, «Նոր Թուրան», 1916թ., Վայմար։
Զիա Գյոքալփ, «Թուրքականության հիմունքները», 1923թ., Անկարա։
Նկատելի է, որ 1873 թ․ մինչեւ 1923 թ․ ներկայացվել ու շրջանառության մեջ են դրվել պանթուրքիզմի հիմունքները, քաղաքական ծրագրերը։ Նկատելի է նաեւ, որ պանթուրքիզմի գաղափարախության տարածմանը զուգահեռ սկսվում է Հայերի ցեղասպանության առաջին մեծ շրջափուլը՝ 1894-96 թթ․ ու շարունակվում մինչեւ 1923 թ․, շարունակվում մինչեւ այսօր։
2․ Հայերի ցեղասպանության դատապարտման ժամանակը։
Միջազգային ընկերակցությունը Լոզանի կոնֆերանսից հետո` 1923-1965 թթ., Հայերի ցեղասպանության խնդիրը վարպետորեն շրջանցեց եւ մոռացության մատնեց:
Մոռացության պատը հնարավոր եղավ քանդել 1965 թ. Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի օրերին Խորհրդային Հայաստանում բռնկված պահանջատիրության ցույցերով, շարժումով եւ, մանավանդ, 1973-1975 թթ. Հայկական սփյուռքում ձեւավորված ազգային ազատագրական պայքարի` Գուրգեն Յանիկյանի, Գեւորգ Աճեմյանի, Սիմոն Սիմոնյանի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի, Հայերի Ցեղասպանության Արդարության Մարտիկների եւ այլ կազմակերպությունների ու անհատների մեծ ջանքերի ու զոհողությունների գնով:
1965-1985 թվականները Հայերի ցեղասպանության ճանաչման տարիներն են: Այդ ժամանակ էր, որ հայ ազատագրական պայքարի ծավալմանը զուգընթաց` համաշխարհային լրատվամիջոցները բառացիորեն ողողվեցին հայության եւ Հայաստանի, ինչպես նաեւ Հայերի ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններով, հարցազրույցներով, հոդվածներով, գրքերով, հաղորդաշարերով ու ֆիլմերով…
1985-ը Գորբաչովյան պերեստրոյկայի եւ 1987-ը՝ Եվրոպական պառլամենտի «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի ընդունման տարեթվերն են, որոնց անմիջապես հաջորդել են Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ այլ վայրերում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների հալածանքները, կոտորածը, բռնագաղթը եւ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան:
Նոր ժամանակների հայ ազգային ազատագրական պայքարի նոր փուլը Արցախյան ազատամարտն է` 1988-1994 թթ., որի հաղթական ավարտից հետո, իսկապես, որ պետք է գար Հայերի ցեղասպանության դատապարտման եւ հատուցման ժամանակը՝ մանավանդ, որ ազգովին դիմակայել էինք հայերի նոր ցեղասպանություն կազմակերպելու դավադրությանը:
Ու թեեւ թանկարժեք ժամանակը կորսված է, սակայն ամեն ինչ չէ, որ կորած է:
Պարզապես, պետք է ընդունել, որ Հայերի ցեղասպանության ճանաչման պարտադրված գործընթացն ավարտված է եւ պետք է անցում կատարել Հայերի ցեղասպանության միջազգային դատապարտման եւ հատուցման գործընթացին:
3․ Հայերի ցեղասպանության իրականացման ժամանակաշրջանը եւ ցեղասպանության դատապարտումները։
Հայերի ցեղասպանությունը իրականացվել է 1894-1923 թթ. ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների կողմից՝ սուլթանական, երիտթուրքական քեմալական, հետագայում՝ հանրապետական։ Իրականացվել է Օսմանյան կայսրության տարածքում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․
Եւ 1918-2016 թթ․ ընթացքում Ադրբեջանի երեք հանրապետությունների իրար հաջորդող կառավարությունների կողմից՝ Ադրբեջանում, Արցախում, Նախիջեւանում եւ հայկական այլ տարածքներում։
Հայերի ցեղասպանության, հայատյացության, հալածանքների, հայկական մշակութային ու քաղաքակրթական արժեքների ոչնչացման, ինչպես նաեւ հայ մշակույթի կեղծարարության եւ մշակութային արժեքների յուրացման քաղաքականությունն ու գործելակերպը Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների կողմից շարունակվում է մինչեւ այսօր։
Ավելին, պետական ահաբեկչության այդ նույն քաղաքականությունն իրականացվում է նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքի այլ հին ժողովուրդների նկատմամբ՝ հույների, ասորիների, թալիշների եւ այլ։
- Հայերի ցեղասպանությունը դատարապարտվել է 1896, 1909, 1915, 1919 թթ.:
- 1894-1896 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կազմակերպած կոտորածներին զոհ են գնացել 300 հազար, բռնի կրոնափոխության ենթարկվել 200 հազար, տարագրվել 100 հազար հայ: Հայկական կոտորածներն իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «Համիդիե» գնդերը, ոստիկանությունը եւ ազգայնամոլ ամբոխը։
- Համիդյան կոտորածների ընթացքում տեղի է ունեցել հայերի բռնի կրոնափոխությունը, ինչը հիմք է հանդիսացել իսլամացման ու թուրքացման քաղաքականության սկզբնավորման եւ էլ ավելի բիրտ եղանակներով դրա շարունակության համար:
- 1894-1896 թթ. Համիդյան կոտորածները դատապարտել են ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Լինչը եւ ուրիշներ:
- 1909 թ. Ադանայի կոտորածների ձեռագիրը նույնն է, այն կազմակերպել է թուրքական իշխանությունը, իրականացրել ազգայնամոլ ամբոխը, մասնակցել թուրքական բանակը: Ադանայի կոտորածներին զոհ է գնացել շուրջ 30 հազար հայ: Ցեղասպանության փաստի առընչությամբ դատավարություն է կազմակերպվել, որը սակայն ձեւական բնույթ է կրել: Կազմակերպված հրդեհի միջոցով դատավարության նյութերը փորձել են կրակի մատնել ու ոչնչացնել, թեեւ շատ նյութեր փրկվել են եւ պահպանվում են առ այսօր:
- 1915 թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ձերբակալությամբ սկսվել է Հայերի ցեղասպանության ամենամեծ ալիքը, որը շարունակվել է մինչեւ 1923 թ․ եւ, ըստ էության, չի ավարտվել մինչեւ այսօր։ Հայերի ցեղասպանության հետեւանքով զոհվել է ավելի քան մեկ ու կես միլիոն հայ եւ կես միլիոն հայ բռնագաղթվել է, դարձել փախստական ու տարագիր։
- 1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես են եկել երիտթուրքական կառավարության սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակել են, որպես «Թուրքիայի նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Տեքստում մասնավորապես ասված էր. «Հաշվի առնելով մարդկության եւ քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ տեղական այն պաշտոնյաների, որոնք մասնակից կդառնան այդ կոտորածներին»:
- Օսմանյան կայսրությունը, որն իրականացրել է Հայերի ցեղասպանությունը, ինքն է առաջիններից մեկը ճանաչել ու դատապարտել այն։ Կոստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանը 1919 – 1920 թթ. իրականացրել է երիտթուրք պարագլուխների դատավարությունը նրանց ներկայացնելով երկու մեղադրանք. Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հպատակ հայ քաղաքացիների կոտորածները, ցեղասպանությունը ու բռնագաղթը իրականացնելու համար, ինչի հիման վրա երիտթուրք պարագլուխներից Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Քեմալ բեյը, Ջեմալ Ազմին, Նայիմը, Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվել են մահվան, որն հետագայում ի կատար են ածել «Նեմեսիս գործողություն» հայ վրիժառուները:
- Հայերի ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են ՄԱԿ-ի անդամ 39 պետություններ, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ (1985), Եվրոպայի Խորհուրդը(1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002, 2015), Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (1983), Ժողովուրդների մշտական դատական ատյանը (1984), ԱՄՆ 50 նահանգներից 49-ը եւ այլն։
- 1919 թ․ կատարվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստանին հասցված նյութական վնասի գնահատումը:
- 1920 թ. ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, որի 88-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին եւ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը ընդունել է Իրավարար վճիռ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանի վերաբերյալ:
Վերոնշյալ փաստերը ցույց են տալիս, որ հայ ժողովրդին ու Հայաստանին հասցված վնասի հատուցումը, որն իրականացվելու էր Սեւրի դաշնագրի եւ Վիլսոնի Իրավարար վճռի դրույթների գործադրմամբ, ինչպես նաեւ պատճառված նյութական վնասի հատուցմամբ՝ որոշվել է, ստորագրվել, վավերացվել, սակայն չի իրականացվել:
Ավելին, 1923 թ. կայացած Լոզանի կոնֆերանսից հետո այդ ամենը միտումնավոր կերպով մոռացության է մատնվել:
4․ Հայերի ցեղասպանության ժամանակագրության հարցը` 1915-1923 թթ., թե՞ 1894-1923 թթ.:
Այս հարցում, իրավական դիրքորոշման տեսակետից, կարեւոր է, թե ի՞նչ ժամանակահատվածում եւ ո՞ւմ կողմից է իրականացվել Հայերի ցեղասպանությունը: Այդ իմաստով մերժելի է 1915-1923 թթ. ձեւակերպումը: Ճիշտ է եւ պատմականորեն փաստարկված՝ 1894-1923 թթ. ձեւակերպումն ու ժամանակագրությունը, որովհետեւ երեք եւ ավելի իրար հաջորդող թուրքական կառավարություններ՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական, նույնատիպ բնաջնջման գործողություններ են իրականացրել հայության նկատմամբ:
Անպայման պետք է հիշատակել նաեւ 1894-96 թթ. Աբդուլ Համիդ 2-ի կազմակերպած Համիդյան կոտորածները, 1909 թ. Երիտթուրքերի կազմակերպած Ադանայի հայության կոտորածը, որոնք նույնպես Հայերի ցեղասպանության դրվագներից են: Մենք ոչ իրավական, ոչ քաղաքական, եւ ոչ էլ բարոյական իրավունք ունենք դրանք անտեսելու եւ մոռացության մատնելու, առավել եւս, որ դրանք Հայերի պահանջատիրության ապագա քայլերի իմաստով խիստ կարեւոր նշանակություն ունեն ընդհանուր շղթայի մեջ:
5․ Հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ՝ Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում։
Որպեսզի պատկերացում կազմենք Հայերի ցեղասպանության հետեւանքով հայերին հասցված ամբողջական վնասի վերաբերյալ, հարկավոր է պարզապես հիշել թուրքական իրար հաջորդող կառավարությունների՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, կողմից իրականացված բոլոր հանցագործությունները մարդկության եւ հայության նկատմամբ:
Պարզապես թվարկենք դրանք։
- Այլատյացության, հայատյացության, ազգային գերազանցության ու սնապարծության, ռասիզմի գաղափարախոսության` պանթուրքիզմի ձեւավորում, տարածում եւ քարոզչություն:
- Հայերի տեղահանության եւ ցեղասպանության ծրագրերի ու գաղափարների մշակում, տարածում, քարոզչություն:
- 1894-1896, 1909, 1915-1918, 1919-1923 թթ. ընթացքում հայ ժողովրդի բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, եւ Օսմանյան կայսրության տարածքում Հայերի ցեղասպանության ու բռնագաղթի իրականացում, հայ ժողովրդի ունեցվածքի հափշտակում եւ յուրացում:
- 1915-ին եւ դրան հաջորդող տարիներին՝ հույների, ասորիների, արաբների (հետագայում, 1920-ական թթ. կեսերից սկսած, նաեւ քրդերի) կոտորածների ու ցեղասպանության իրականացում, նրանց ունեցվածքի հափշտակում եւ յուրացում:
- 1918 թ., ագրեսիայի ձեռնարկում Արեւելյան Հայաստանի հայության նկատմամբ, Բաթումի ապօրինի պայմանագրի (4 հունիս 1918 թ․) պարտադրում նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը
- 1918 թ․, Բաքվի հայերի կոտորած, ցեղասպանություն, հայերի ունեցվածքի կողոպուտ։
- 1920 թ․, Շուշիի հայերի կոտորած, քաղաքի հրդեհում, հայերի ունեցվածքի կողոպուտ։
- 1920 թ., ագրեսիայի ձեռնարկում անկախ եւ ինքնիշխան պետության` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնուհետեւ անօրինական եւ ապօրինի պայմանագրերի (2 դեկտեմբեր 1920 թ., Ալեքսանդրապոլ եւ 13 հոկտեմբեր 1921 թ․, Կարս) պարտադրում ագրեսիայի ենթարկված կողմին` Հայաստանի Հանրապետությանը:
- Հայ ժողովրդի իրավունքների հաշվին, 3 մարտ 1918 թ․-ին, մի կողմից Ռուսաստանի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության եւ մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի եւ Օսմանյան կայսերական կառավարության միջեւ ստորագրվեց Բրեստի լրացուցիչ պայմանագիրը։ Այդ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Արեւմտյան Հայաստանը եւ Արեւելյան Հայաստանի մի զգալի մասը։ Պայմանագրով ստանձնած հանձնառության համաձայն՝ Ռուսաստանը զորացրեց Հայկական կամավորական գնդերը եւ զորքերը դուրս բերեց Հայաստանից։ 16 մարտ 1921 թ․-ին ստորագրված, այսպես կոչված, Մոսկվայի անօրինական պայմանագիրը՝ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ, ըստ էության, Բրեստի լրացուցիչ պայմանագրի շարունակություն էր եւ դրա «վավերացումը»։
- Վերոհիշյալ պայմանագրերը փաստորեն կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, քանի որ կնքվել են ագրեսիայի ու պարտադրանքի արդյունքում
- 1937 թ., Դերսիմի հայերի ու ալեւիների կոտորածների ու ցեղասպանության իրականացում:
- 1955 թ․, սեպտեմբեր, Կոստանդնուպոլսի հույների ու հայերի կոտորածներ, ցեղասպանություն, հույների ու հայերի ունեցվածքի թալան, հափշտակում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սեպտեմբերի 6-7-ին մահացել է 11 մարդ, մինչդեռ հայկական ու հունական համայնքների մոտ եղած տեղեկություններն այլ են. 37 սպանված, 300-ից ավելի բռնաբարված կին, ավերված 71 եկեղեցի, 3 թերթի խմբագրություն, 4.500 արհեստանոց ու խանութ, 26 դպրոց, 2.100 տուն ու բնակարան:
- 1974 թ․, Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքների բռնազավթում, տեղի հույն եւ հայ բնակչության կոտորածներ, ցեղասպանություն, բռնագաղթ, ունեցվածքի հափշտակում։
- 1894-1923 թթ․, 1923 թ․-ից մինչեւ այսօր Հայոց քաղաքակրթական արժեքների, այդ թվում` պատմաճարտարապետական հուշարձանների եւ եկեղեցիների ու խաչքարերի ոչնչացում ու ավերում: Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549 (այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները): Դրանց մեծ մասը թալանվել, հրկիզվել եւ ավերվել է ցեղասպանության ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմա-ճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել են, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմնական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիայի Հանրապետության կառավարությունները դրանք բոլորը ծրագրավորված կերպով ոչնչացրել են:
- Հայերի եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի եւ քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարություն, յուրացում:
- Հայերի ցեղասպանության ժխտողականություն: Այս հարցով ժամանակ շահելու եւ հատուցումը հետաձգելու ակնկալիքներով` պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկներ:
- ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճռով Հայաստանին պատկանող տարածքի բռնազավթում:
- 1993 թ․-ից Հայաստանի Հանրապետության շրջափակում:
Ադրբեջանի երեք հանրապետությունների իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները Հայաստանի, հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների եւ մարդկության նկատմամբ Թուրքիայի իշխանությունների ձեռագրի ու ծրագրի կրկնությունն են, որի ամբողջական պատկերը կներկայացնենք հաջորդ պարագրաֆում՝ ստորեւ։
6․ Հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ՝ Ադրբեջանի երեք հանրապետությունների իրար հաջորդող կառավարությունների հանցագործությունները, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում, որոնք Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների ցեղասպանական ծրագրերին մասն են կազմում եւ այդ ծրագրերի ուղղակի պատճենահանումն ու կրկնօրինակումներն են: Ավելի մեծ ժամանակային ծավալ ընդգրկել չենք կարող, քանի որ Ադրբեջան անվանումով արհեստական պետությունը ստեղծվել է 1918 թ․-ին։
1905-1906 թթ., մասնակցություն Կովկասում հայերի դեմ հրահրված խժդժություններին, հայերի հալածանքներ ու սպանություններ, նրանց ունեցվածքի հափշտակում:
- 1918 թ., մասնակցություն թուրքական զորքերի կողմից իրականացված Բաքվի հայերի կոտորածներին, նրանց ունեցվածքի հափշտակում:
- 1918-1921 թթ., զինված հարձակումներ ու բռնություններ Ղարաբաղի, Նախիջեւանի, Զանգեզուրի հայ բնակչության նկատմամբ, ագրեսիա` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տարածքային անհիմն պահանջների ներկայացում, անկայունության հրահրում տարածաշրջանում:
- 1920 թ., Շուշի քաղաքի հայ բնակչության կոտորած, քաղաքի հրդեհում, քաղաքի հայերի ունեցվածքի հափշտակում:
- Արցախը Ադրբեջանին բռնակցելու անօրինական որոշման ընդունում։ 1921 թ.-ի հուլիսի 5-ին Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցության Կովկասյան Բյուրոյի նիստը, արհամարհելով Ազգերի լիգայի համապատասխան որոշումը եւ Արցախի ժողովրդի կարծիքը` որպես Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման ժողովրդավարական գործիք, ի հակադրություն միացման բանաձեւի, արարողակարգային խախտումներով՝ անօրինական որոշում ընդունեց Խորհրդային Հայաստանից Արցախի բռնի անջատման մասին՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով: Այսպիսով, պատմական հայկական ու հայաբնակ տարածքների մեծ մասը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին:
- 1921 թ., Մոսկվայի ապօրինի պայմանագրի ստորագրում, Նախիջեւանի երկրամասի բռնակցում Ադրբեջանին` խնամակալության անվան ներքո: Նախջեւանի երկրամասի բռնազավթում եւ շահագործում, հանցագործություններ եւ հալածանքներ Նախջեւանի բնիկ հայերի նկատմամբ, ի վերջո՝ Նախիջեւանի երկրամասի հայաթափում։
- 1921-1988 թթ., Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթում եւ շահագործում, հանցագործություններ Արցախի բնիկ հայության նկատմամբ:
- 1930-ական թթ. մինչեւ մեր օրերը, Ադրբեջանում, Նախիջեւանում եւ Արցախում ապրող ժողովուրդների` հայերի, ուդիների, թալիշների, թաթերի, ավարների, լեզգիների բռնի ձուլում, նրանցից շատերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների իրականացում:
- 1960-ական թթ. մինչեւ մեր օրերը, տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում, մասնավորապես, հայերի պատմության եւ մշակույթի կեղծարարություն, քաղաքակրթական եւ պատմական, ճարտարապետական արժեքների ոչնչացում կամ յուրացում:
- 1988 թ., Արցախի հայության՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունեալու կամքի եւ իրավունքի արտահայտության ճնշում բռնամիջոցներով, իրականացված հայերի զանգվածային սպանություններով, հալածանքներով, ահաբեկումներով, բանտարկություններով:
- 1988 թ., Սպիտակի երկրաշարժի վերականգնողական աշխատանքների համար նախատեսված շինանյութի, ինչպես նաեւ աղետի գոտու համար ժողովված մարդասիրական օգնության ամոթալի կողոպուտ ու թալան:
- 1988-1990 թթ., Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հայ բնակչության ցեղասպանության եւ բռնագաղթի իրականացում, ունեցվածքի հափշտակում:
- 1991-1994 թթ., լայնածավալ ագրեսիա ԼՂՀ-ի, ինչպես նաեւ ՀՀ-ի սահմանամերձ շրջանների նկատմամբ:
- Ադրբեջանի Հանրապետությունը, պետություն է, որի կառավարությունը ավերել է եւ շարունակում է ոչնչացնել բազմաթիվ հին հայկական հուշարձաններ, եկեղեցիներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը: Այս ամենի խոսուն վկայություն է Ադրբեջանի Հանրապետության, Արցախի եւ Նախիջեւանի հայկական տարածքներում գտնվող 89 միջնադարյան հայկական եկեղեցիների, 5480 խաչքարերի եւ 22,700 գերեզմանների ոչնչացումը, այդ թվում՝ Ագուլիսում 400 խաչքարերի եւ 2005 թ. Նախիջեւանում Ջուղայի հազարավոր միջնադարյան բնօրինակ եւ հնագույն խաչքարերի ոչնչացումը:
- 2016 թ․, ապրիլ, ապրիլյան քառօրյա պատերազմի ու ագրեսիայի սանձազերծում Արցախի Հանրապետության եւ Արցախի հայության նկատմամբ, պատերազմական նոր հանցագործությունների իրականացում։
- 1988-2019 թթ., ԼՂՀ-ի, ՀՀ-ի շրջափակում, ազատ զարգանալու հնարավորության իրավունքի խոչընդոտում, արգելափակում:
- 1988-2019 թթ., միջազգային ընտանիքի կողմից թույլ իրականացվող վերահսկողության պայմաններում, Ադրբեջանի Հանրապետության կողմից սպառազինությունների թույլատրելիության բոլոր նորմերի ու սահմանումների խախտում, տարածաշրջանային անկայունության հրահրում: Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից, հատկապես նոր սերնդի մոտ, հայատյացության, այլատյացության, ռասիզմի սերմանում, ազգամիջյան կույր ատելության բորբոքում ու հրահրում, նոր պատերազմների ու ցեղասպանության քարոզչություն եւ նախապատրաստություն:
7․ Ամփոփիչ խոսք։
Սա է ոչ ամբողջական ցանկը մարդկության եւ հայության դեմ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունների, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում։
Այս ամենին հավելենք, ոչ մինչեւ այսօր չի կատարվել հայ ժողովրդին հասցված ողջ վնասի գնահատումն ու հաշվարկը, ինչպես նաեւ 1923-ից հետո ընկած ժամանակահատվածում այլ հանցագործությունների միջոցով հայությանն ու Հայաստանին հասցված ողջ վնասի չափի գնահատումն ու հաշվարկը:
Սակայն այստեղ թվարկված հանցագործություններն ուղիղ մատնանշում են այն վնասները, որոնք կարելի է եւ պետք է հաշվարկել ու այդպես պատրաստել Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասված ամբողջ վնասի իրական չափը, վնասների հատուցման ամբողջական փաթեթը:
Մեկ կարեւոր նկատառում եւս, որպես եզրափակիչ խոսք:
Հայերի նկատմամբ 1894 — 1923 թթ․ ընթացքում իրականացված կոտորածն ու բռնագաղթը հանդիսանում է ցեղասպանություն, համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․։ Հայերի ցեղասպանությունը ենթակա է դատապարտման, համաձայն՝ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ․։
Կարող ենք փաստել, որ Հայերի ցեղասպանությունը մինչեւ այսօր շարունակվում է եւ շարունակվելու է, քանի դեռ չի իրականացվել հանցագործության դատապարտումը եւ պատճառված վնասի ամբողջական հատուցումը: Եվ քանի դեռ հայությունը չի վերագտել՝ ապրելու, զարգանալու եւ առաջընթացի իրավական – քաղաքական, ազգային – պետական ամուր եւ անսասան հիմքերը:
——————————-
Ծանոթագրություն
- Ջոն Կիրակոսյան, «Երիտթուրքերըպատմության դատաստանի առաջ», գիրք I, Երեւան, 1982:
- Ջոն Կիրակոսյան, «Երիտթուրքերըպատմության դատաստանի առաջ», գիրք II, Երեւան, 1983:
- ՄԱԿ-ը հարցապնդում է յղել Թուրքիայի Հանրապետութեանը՝ 1915-1923-ին տեղահանուած հայերի մասին — http://asbarez.com/arm/348948/%d5%84%d4%b1%d4%bf%d5%a8-%d5%80%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ba%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d4%b7-%d5%85%d5%b2%d5%a5%d5%ac-%d4%b9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%9d-1915-1923/?fbclid=IwAR2kKpb7l_daQVHQc2_S6tPe5HZhWTQXb4KJm6QCuEl9zlrCB7HGE129YxM
- «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիա, 9 դեկտեմբերի 1948 թ., https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75835
- «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիա, 26-ը նոյեմբերի 1968 թ., http://lousavor-avedis.org/?p=8581
- Ռուսաստանի դաշնության Պետական Դումայի հայտարարությունը 1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին, http://www.genocide-museum.am/arm/Russia_Duma_Resolution.php
- Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Սենատի բանաձեւի ամբողջական տեքստը, http://gov-wa.info/?p=4202&lang=hy
——————————-
Համառոտագրություն
Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը կառուցված է հետեւյալ հարցադրումներին տրված ճշգրիտ պատասխանների վրա.
- Ե՞րբ է ձեւավորվել պանթուրքիզմի գաղափարախոսությունը։
- Հայերի ցեղասպանությունը դատարապարտվել է 1896, 1909, 1915, 1919 թթ., որտե՞ղից ծագեց Հայերի ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ Հայերի ցեղասպանությունը մեկ անգամ եւս կրկին դատապարտելու խնդիրը:
- Ե՞րբ է իրականացվել Հայերի ցեղասպանությունը, ո՞ր տարիներին, ո՞ւմ կողմից եւ ո՞րն է Հայերի ցեղասպանության ժամանակագրությունը, 1915-1923, թե՞ 1894-1923 թթ.:
- Ո՞րն է Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասցված վնասը եւ իրականացվել է, արդյո՞ք այդ վնասի գնահատումը, հաշվարկը, այլ կերպ ասած, գոյություն ունի, արդյո՞ք վնասի հատուցման հաշվարկի ամբողջական փաթեթը:
1918 թվականից առ այսօր տարբեր ժամանակահատվածներում Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացված կոտորածն, բռնագաղթը, ռազմական և այլ հանցագործությունները, ինչպես նաև 1894-1923թթ.՝ Թուրքիայից, հանդիսանում է ցեղասպանություն, համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․։ Հայերի ցեղասպանությունը ենթակա է դատապարտման, համաձայն՝ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ․։ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/warcrimes_limit.shtml
Կարող ենք փաստել, որ Հայերի ցեղասպանությունը մինչեւ այսօր շարունակվում է եւ շարունակվելու է, քանի դեռ չի իրականացվել հանցագործության դատապարտումը եւ պատճառված վնասի ամբողջական հատուցումը: Եվ քանի դեռ հայությունը չի վերագտել՝ ապրելու, զարգանալու եւ առաջընթացի իրավական–քաղաքական, ազգային–պետական ամուր եւ անսասան հիմքերը:
В разные периоды с 1918 г. по настоящее время массовые убийства армян, военные и иные преступления Азербайджана, также, как и со стороны Турции в 1894-1923 гг., являются преступлениями геноцида, согласно Конвенции ООН «О предупреждении преступления геноцида и наказании за него» от 9 декабря 1948 года. Геноцид армян подлежит осуждению в соответствии с Конвенцией ООН «О неприменимости срока давности к военным преступлениям и преступлениям против человечества» от 26 ноября 1968 года. https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/warcrimes_limit.shtml
Можно констатировать, что Геноцид армян продолжается и будет продолжаться до осуждения за преступление и полной компенсации ущерба. И до тех пор, пока армяне не восстановили прочные, непоколебимые политико-правовые, национально–государственные основы для жизни, развития и развития.
4 thoughts on “Տիգրան Փաշաբեզյան. Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի ռազմավարության մասին”