Ռադիկ Խամոյան, հասարակական – քաղաքական գործիչ, Երեւան
«Առանց Սեւրի խաղաղության պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների իրագործման, Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել»
1920 թվականի հունվարի 19-ը Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման տարեթիվն է։
Հայկական պահանջների եւ իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել են, դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվել Փարիզի Խաղաղության վեհաժողովում, այդ թվում՝ Հայաստան պետության «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչումների վերաբերյալ: Այս տարի նշում ենք այդ որոշումների ընդունման, ինչպես նաեւ Հայաստան պետության անկախության ճանաչման 100-ամյակը: Այդ որոշումները տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղության պայմանագրում եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռում:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ խաղաղության պայմանագիր մշակելու եւ կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցավ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը: Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Սերբերի, Խորվաթների եւ սլովենների թագավորության, Ռումինիայի, Հեջազի եւ մյուս դաշնակից պետությունների ներկայացուցիչներ։ Խաղաղության հիմնական պայմանները ձեւակերպում էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը եւ Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը։
1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները՝ Արեւմտյան Հայաստանի հայերի կողմից Հայկական Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ, եւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հուշագիր» հետեւյալ բովանդակությամբ. Հայկական անկախ պետության ճանաչում՝ Արեւմտյան Հայաստանի 7 նահանգների, Կիլիկիայի եւ Հայաստանի Հանրապետության տարածքներով։
1920 թվականի հունվարի 19-ին վեհաժողով հրավիրվեցին հայկական երկու պատվիրակությունների ղեկավարները՝ Պողոս Նուբարը եւ Ավետիս Ահարոնյանը, որտեղ նրանց տեղեկացրին, որ Փարիզի Խաղաղության վեհաժողովը «դե ֆակտո» ճանաչում է հայկական պետության անկախությունը: Անկախության ճանաչումը ձեւակերպված էր այսպես.
1) Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետության կառավարությունը որպես փաստացի կառավարություն,
2) որոշված է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանների հարցը (դա թողնված էր հետագային):
Հայկական պահանջների եւ իրավունքների մասով 1920 թ. ընթացքում Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (հաղթող տերությունների Գերագույն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունվեցին որոշումներ, որոնք հետագայում տեղ գտան ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռում եւ այլ որոշումներում, որպես Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումներ, այդ թվում՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից Հայաստան պետության «դե յուրե» ճանաչումը 1920 թ. մայիս 11-ին:
2011 թ. փետրվարի 4-ին սկսվել է Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորման գործընթացը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի օրենսդրական փաթեթի՝ հռչակագրերի, օրենքների, որոշումների ու հրամանագրերի ընդունման գործընթացի տրամաբանական շարունակությունը «Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» հռչակագրի ընդունումն է (24.05.2013):
2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը, ամբողջ աշխարհում բնակվող Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներն առաջին անգամ իրականացրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ, մասնակցել են 17 834 ընտրող, որոնք ընտրել են խորհրդարանի 64 պատգամավորի: Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) 1-ին գումարման պատգամավորների մանդատների հաստատումը, խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջանի անցկացումը եւ խորհրդարանի ձեւավորումը տեղի են ունեցել 2014 թ. հունվարի 18-20-ը:
2014 թ. հունվարի 20-ին խորհրդարանն ընտրել է նախագահ, նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել վարչապետի թեկնածությունը, վարչապետը ձեռնարկել է կառավարության ձեւավորումը։ Այսպես ամբողջացել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական համակարգի ձեւավորումը:
Այսօր կարեւորում ենք այն գործընթացը, որն ուղղված հայ ժողովրդին տրված իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու խնդրին։
Հիշենք, որ ի թիվս այլ խնդիրների, Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու պայմաններից են ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրի եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի պահանջների իրագործումը, այնպես էլ Հայաստան պետության վերաբերյալ կայացված բոլոր այլ որոշումների իրականացումը կյանքում:
——————————-
Ծանոթագրություն
- «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.։
- Մերձավոր Արեւելք. ինչպե՞ս 5 երկիրը կարող է վերածվել 14 երկրի. The New York Times, 168 Ժամ, 10.2013։
- ՄԱԿ-ի դատավորները ծանոթացել են Վիլսոնի իրավարար վճռին. «Մոդուս վիվենդի», 4-6 մայիս, 2019 թ․, Հաագա,
——————————-
Համառոտագրություն
Հայկական պահանջների եւ իրավունքների մասով 1920 թ. ընթացքում Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (հաղթող տերությունների Գերագույն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունվեցին որոշումներ, որոնք հետագայում տեղ գտան ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռում եւ այլ որոշումներում, որպես Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումներ, այդ թվում՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից Հայաստան պետության «դե յուրե» ճանաչումը 1920 թ. մայիս 11-ին:
Կարեւորում ենք այն գործընթացը, որն ուղղված հայ ժողովրդին տրված իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու խնդրին։
Հիշենք, որ ի թիվս այլ խնդիրների, Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու պայմաններից են ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրի եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի պահանջների իրագործումը, այնպես էլ Հայաստան պետության վերաբերյալ կայացված բոլոր այլ որոշումների իրականացումը կյանքում:
3 thoughts on “Ռադիկ Խամոյան. Առանց Սեւրի խաղաղության պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների իրագործման, Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել”