ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական-վերլուծաբան
29.01.2019
Частично на русском — здесь
Ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ ուղղուած ծանր յանցագործութիւն է, որին պատակը ազգային, ցեղային կամ կրօնական խմբի լրիւ կամ մասնակի ոչնչացումն է: Դրանով բացառւում է մարդկանց մի ամբողջ խմբի հիմնարար եւ բնական իրաւունքներից կարեւորագոյնը` կեանքի իրաւունքը: Անշուշտ, ամենայն վստահութամբ կարող ենք արձանագրել, որ անցած դարավերջին Խորհրդային Ազրպէյճանում հայ բնակչութեան նկատմամբ իրագործուած ջարդերն ու բռնատեղահանումները, այդ թւում` Պաքուի հայութեան կոտորածները, որոնք տեղի են ունեցել 1990թ. յունուարի 13-ից մինչեւ 19-ը, մարդկութեան դէմ ուղղուած ծանր յանցագործութիւն են, որի յստակ ու անառարկելի սահմանումը տրուած է «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» միջազգային համաձայնագրում:
Յիշեցման կարգով նշեմ, որ միջազգային իրաւունքի տեսակէտից ցեղասպանութիւնըբնորոշող, ինչպէս նաեւ ցեղասպանութիւնը կանխող եւ դրա համար պատիժ սահմանող այդ հիմնարար փաստաթուղթը ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովը ընդունել է 1948թ. դեկտեմբերի 9-ին, Փարիզում: Համաձայնագիրն ուժի մէջ է մտել 1951թ. յունուարի 12-ին: Ի դէպ, աշխարհի ոչ բոլոր պետութիւններն է, որ միացել են այդ փաստաթղթին: Անցած 70 տարուայ ընթացքում համաձայնագիրն ստորագրել ու վաւերացրել է ընդամէնը 149 երկիր:
Նշեմ նաեւ, որ համաձայնագրի մշակման եւ ընդունման գործում էական դեր է խաղացել հրէական ծագում ունեցող լեհ իրաւագէտ Ռաֆայել Լեմքինը, որը Գերմանիայի պատերազմական յանցագործների Նիւրենպերկեան դատավարութեան ժամանակ Միացեալ Նահանգների մեղադրողի խորհրդականն Էր: Այդ դատավարութիւնը, որը բացայայտեց Եւրոպայում ֆաշիստականզաւթիչների կողմից հրեաների, սլաւոնների, գնչուների եւ ցեղային այլ խմբերի ցեղասպանութեան բազմաթիւ դէպքեր, դրդեց ընդունելու ցեղասպանութեան մասին միջազգային համաձայնագիր եւ արագացրեց դրա մշակումը:
Ռաֆայել Լեմքինի ընտանիքը Հրէական ողջակիզումի զոհերից էր, եւ այս եզրով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանութիւնների ու բռնութիւնների նացիստական համակարգուած քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ` 1915թ. օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ իրագործուած վայրագութիւնները: Ասուածը վերահաստատում է նաեւ իսրայէլացի հետազօտող, փրոֆեսէօր Աարոն Եայիրը, նշելով, որ Ռաֆայել Լեմքինը, ստեղծելով «ցեղասպանութիւն» (անգլերէն.` genoicde) եզրը, նկատի ունէր 1915թ. Հայոց ցեղասպանութիւնը: Այդ եզրը հանդիպում էր Նիւրենպերկեան դատավարութեան սեւագրային տարբերակներում, սակայն վերջնական տարբերակում, Խորհրդային միութեան ներկայացուցչի պնդմամբ, փոխարինուել էր, «մարդկութեան դէմ յանցագործութիւններ» ձեւակերպմամբ:
Ի դէպ, հանրայայտ իրողութիւն է, որ չնայած համաձայնագրի մասնակից պետութիւնները պարտաւորւում են ընդունել անհրաժեշտ օրէնսդրական աքթեր` նրա դրոյթների իրականացման համար, մասնաւորապէս իրենց քրէական օրէնսդրութիւններում նախատեսելով ցեղասպանութեան գործողութեան համար պատժամիջոցներ, սակայն համաձայնագիրը ստորագրած ԽՍՀՄ-ն այդպէս էլ իր օրէնսդրութեան մէջ ցեղասպանութեան մասին յօդուածներ չունեցաւ: Այլ կերպ ասած` համայնավար Մոսկուան առաջնորդւում էր այն սկզբունքով, որ` չկայ օրէնք, չկայ յանցագործութիւն: Եւ, համաձայնագրին միանալով հանդերձ, խորհրդային իշխանութիւնները բացայայտ հրաժարուեցին փաստաթղթի այն դրոյթից, համաձայն որի, կատարուած ցեղասպան գործողութեան համար պատիժը կարող են ներկայացնել ոչ միայն այդ նպատակով յատկապէս ստեղծուած միջազգային ատեանները, այլեւ ազգային, այսինքն` շահագրգիռ պետութեան դատական մարմինները:
Դժուար չէ կռահել, թէ ինչո՛ւ: Խորհրդային ղեկավարութիւնը, անշուշտ, կաշկանդուած էր Բ. Աշխարհամարտի տարիներին երկրի մի շարք ազգերի եւ ազգութիւնների նկատմամբ իր պետականօրէն իրագործած յանցաւոր գործողութիւններով ու դրանց կրկնման հնարաւոր հեռանկարով, գործողութիւններ, որոնք իրենց էութեամբ ու հետապնդած նպատակներով ընդդատեայ են «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» համաձայնագրում ամրագրուած դրոյթներով: Որպէս այդպիսիք` յիշենք Հիւսիսային Կովկասի լեռնական ազգերի` չեչենների, ինկուշների, կարաչայցիների, կապարտինցիների, Ղրիմի թաթար, յոյն, պուլկար, հայ, Ռուսաստանի Պովոլժիէի տարածաշրջանի եւ Ազրպէյճանի գերմանացի, Վրաստանի մեսխեթցի թուրք եւ քիւրտ բնակիչների զանգուածային տեղահանութիւնները մշտական բնակութեան վայրերից եւ նրանց կամայական արտաքսումը Ռուսաստանի ցրտաշունչ Սիպիր,Ալթայի երկրամաս եւ հիւսիսային Ղազախստան, ինչն ուղեկցւում էր ամենայն դաժանութիւններով ու աղէտեալներից շատ շատերի մահուան դէպքերով: Հեռանկարի առումով, նոյնքան յատկանշական են 80-ականների վերջերին Ուզպեքստանում, Տաճիկստանում իրագործուած ջարդերը նախկին բնակութեան վայրերից այդտեղ աքսորուած թաթարների, մեսխեթցի թուրքերի, հայերի նկատմամբ: Եւ վերջապէս` պետականակիր հայ բնակչութեան` զանգուածային ջարդերն ու կոտորածները, դրանց զուգահեռ իրականացուած բռնի տեղահանութունները Խորհրդային Ազրպէյճանում` 1988-1990 թուականներին, տխրահռչակ «Օղակ» ռազմական գործողութիւնը Լեռնային Ղարաբաղում` 1991թ. գարնան եւ ամրան ամիսներին:
Արդեօք պատերազմի թէ խաղաղ ժամանակաշրջաններում մարդկութեան դէմ իրականացուած եւ ընդդատեայ յանցագործութիւնների` ցեղասպանութիւնների շարա՞ն չէ այս ամէնը, որոնց համար ամենեւին պատասխանատուութեան չի ենթարկուել դրանք հրահրած, ուղղորդած ու կազմակերպած եւ ոչ մի խորհրդային ղեկավար:
Թէկուզեւ Նիւրենպերկի դատավարութեան թարմ տպաւորութեան տակ ընդունուած համաձայնագիրը ցեղասպանութիւնը բնորոշում է` ելնելով այդ երեւոյթի էութիւնից ու նպատակներից եւ ոչ թէ` գործողութիւնների չափերից կամ զոհերի թուից:
Թէկուզեւ, ինչպէս նշւում է համաձայնագրի 1-ին յօդուածում, ցեղասպանութիւնը յանցագործութիւն է, անկախ նրանից կատարւում է խաղաղ, թէ պատերազմական պայմաններում, եւ որ` ստորագրող կողմերը պարտաւորւում են կանխարգելել եւ պատժել դրանք կատարելու համար:
Թէկուզեւ, համաձայնագրի համաձայն, ցեղասպանութեան կամ նրա գործողութիւններից որեւէ մէկի մեղաւորները պէտք է անպայման պատժուեն, անկախ այն բանից, թէ արդեօք նրանք սահմանադրական կարգով ընտրուած կառավարողներ, հասարակական գործիչներ ե՞ն, թէ մասնաւոր անձի՞նք:
Անկախ այն բանից, թէ արդեօք նրանք անձամբ մասնակցել են ցեղասպանութեան գործողութիւնների՞ն, եղել են յանցագործութեան մեղսակի՞ց, մասնակցել են ցեղասպանութեան նպատակներով կազմակերպուած դաւադրութեա՞ն, ցեղասպանութեան հրահրման կամ ցեղասպանութիւն կատարելու փորձի:
Թէկուզեւ համաձայնագիրը չի ընդունում իրաւաբանական վաղեմութիւնը ցեղասպանութեան համար պատժի դէպքում:
Թէկուզեւ, ինչպէս ամրագրուած է համաձայնագրի 2-րդ յօդուածում, ցեղասպանութիւն են համարւում այն գործողութիւնները, որոնք կատարւում են որեւէ ազգային, ցեղային կամ կրօնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրութեամբ:
Ահաւասիկ` նոյն այդ յօդուածի հինգ կէտերը, որոնցում թուարկուած յանցաւոր գործողութիւններից իւրաքանչիւրը համարւում է ցեղասպանութեան աքթ.
(ա) Խմբի անդամների սպանութիւնը,
(բ) Նրանց մարմնական լուրջ վնասուածք կամ մտաւոր խանգարում պատճառելը,
(գ) Խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիքական ոչնչացումը,
(դ) Խմբի ներսում ծննդաբերութեան կանխման միջոցառումները,
(է) Երեխաների յանձնումը մարդկային մի խմբից միւսին:
Օսմանեան կայսրութիւնում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանութեան ժամանակ տեղի են ունեցել թուարկուած բոլոր հինգ կէտերում նշուած գործողութիւնները, իսկ Ազրպէյճանի հայ բնակչութեան նկատմամբ կատարուածը, մասնաւորապէս` 1988թ. փետրուարին Սումկայիթում եւ 1990թ. յունուարին Պաքւում, լիովին համապատասխանում է համաձայնագրի 2-րդ յօդուածի առաջին երեք կէտերում նշուած գործողութիւններին:
Անշուշտ սխալ կը լինէր ասել, որ Սումկայիթում, Պաքւում եւ, առհասարակ, Ազրպէյճանի միւս բնակավայրերում հայ բնակչութեան դէմ ուղղուած բոլոր բռնարարքները` սպանութիւններ, խոշտանգումներ, տեղահանումներ, իրագործուել են սոսկ ազրպէյճանական ամբոխի ինքնաբուխ ջանքերով` ազգային թշնամանքի հողի վրայ: Ի հարկէ ամբոխն իր ահռելի դերակատարութիւնն ունեցել է այդ վայրագութիւններում: Սակայն ամբոխը չէ, որ նախաձեռնել էր այդ ամէնը: Ամբոխի թիկունքում կանգնած էին ուժեր, որոնք էլ հէնց ուղղորդում, կազմակերպում էին զանգուածային ջարդերի ու կոտորածների ողջ ընթացքը, անհրաժեշտութեան դէպքում` անմիջականօրէն մասնակցում դրանց: Խօսքն առաջին հերթին վերաբերւում է ազրպէյճանական մտաւորականութեան ներկայացուցիչներին, որոնք 88-ի փետրուարից ի վեր, երբ մեկնարկեց ղարաբաղեան շարժումը, անընդհատ բորբոքում էին հայերի դէմ թշնամանքի կրակը` հակահայկական ելոյթներով հանդէս գալով մամուլի էջերում, հեռատեսիլով ու ձայնասփիւռով: Հակահայ հանրահաւաքների ու երթերի, ապա եւ անմիջական ջարդերի կազմակերպչի դերը ստանձնել էին նորաստեղծ Ժողովրդական ճակատ կուսակցութեան առաջնորդները` իրենց թիկունքում ունենալով հանրապետական ու տեղական իշխանութիւնների համակողմանի աջակցութիւնն ու հաւաստիացումն առ այն, որ պետութեան կողմից բացառւում է բռնարարքների համար որեւէ քրէական հետապնդում: Յատկանշական է, որ ջարդարարների խմբերի ձեռքին նրանց զոհերի` հայ բնակիչների հասցէների ցուցակներն էին, որոնք վաղօրօք կազմուել էին իրաւապահ մարմինների եւ բնակարանային շահագործման գրասենեակների համատեղ ջանքերով: Այդ ցուցակներն անգամ փակցուած էին Ժողովրդական ճակատի կեդրոնական եւ տեղական գրասենեակների պատերին: Չէին գործում հայերի բնակարանների հեռախօսները, ինչի պատճառով նրանք բացարձակապէս զրկուած էին իրար հետ, ինչպէս նաեւ իրաւապահ մարմինների եւ առողջապահական հիմնարկների հետ կապ պահպանելու եւ այդպիսով իսկ անձի ապահովութեան կամ խոշտանգումներից վնասուած առողջութեան վերականգնման որեւէ օգնութիւն խնդրելու տարրական հնարաւորութիւնից: Մարդկանց սպաննում, գազանաբար խոշտանգում, յօշոտում էին ոստիկանութեան ներկայացուցիչների աչքի առաջ: Հիւանդանոցները չէին ընդունում գազազած ամբոխի ճիրաններից հրաշքով փրկուած հայերին, եւ եթէ անգամ ընդունում էին, ապա հրաժարւում էին սպեղանի դնել նրանց վէրքերին եւ կամ նրանց կեանքի համար վտանգաւոր սրսկումներով ու դեղամիջոցներով լրացնում, վերջնական աւարտին էին հասցնում փողոցներում ու հրապարակներում ամբոխի թերի թողած գործը: Այն, ինչ շուրջ երկու տարի առաջ տեղի էր ունեցել Սումկայիթում, հրէշաւոր չափերով կրկնւում էր Պաքւում: Քաղաքի փողոցներում արեան հեղեղ էր, շէնքերի տարբեր յարկերից փողոց նետուած եւ հէնց փողոցներում յօշոտուած մարդկանց դիեր` ծերերի, կանանց ու երեխաների` առանց տարիքի ու սեռի խտրութեան: Քանի՞ հոգի էին այդ տարաբախտները, տա՞ս, քսա՞ն, հարիւ՞ր, թէ՞ հազար կամ հազարներ` ոչ ոք չի հաշուել, յայտնի չէ առ այսօր: Ըստ հայատեաց ակադեմիկոս Զիա Պունիաթովի`, Պաքւում ինն հազար հայ է զոհուել, Սումկայիթում` եօթ հարիւր: Թէ որքանո՛վ է դա ստոյգ, այսօր դժուար է ասել, քանզի ջարդերի պատճառով մահացածութեան փաստերը եօթը կողպէքի տակ թաքցուած են Ազրպէյճանի արխիւներում, առաւել եւս, որ նահատակուածների դիակները ցրել էին Պաքուի եւ շրջակայ բնակավայրերի դիարաններում, իսկ հետագայում` գիշերները, մթութեան քողի տակ հողածածկ արել Ապշերոնի թերակղզու ամայի տարածքներում: Սակայն Սումկայիթի ու Պաքուի հայոց կոտորածների ամենաաշխուժ կազմակերպիչներից մէկին հիմք չունենք չհաւատալու. նա քաջատեղեակ էր, տիրապետում էր առկայ փաստերին: Ի դէպ, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարութեան յատուկ քննչական խմբի սպայակոյտի պետ Վիքթոր Քրիվոփուսքովը Սումկայիթի պարագայում համարեա նոյնն է ասում իր «Խռովայոյզ Ղարաբաղ» փաստավաւերագրական գրքում` նշելով, որ Սումկայիթում սպաննուած հայերի թիւը մի քանի հարիւրի է հասնում: Սա նշանակում է, որ Պունիաթովի բերած թուերը, ամենայն հաւանականութեամբ, մօտ են ճշմարտութեանը:
Լա՛ւ, հասկացանք, Ազրպէյճանի իշխանութիւնները, հաւատարիմ` իրենց որդեգրած ցեղասպան քաղաքականութեանը, անմիջականօրէն համակարգում, կառավարում էին այդ եղեռնագործութիւնը եւ որպէս մեղսակից` հազիւ թէ մատը մատին խփէին խժդժութիւնների զոհ դարձած իրենց հայ քաղաքացիներին փրկելու համար:
Հասկացանք, որ ինչպէս ազրպէյճանցի վտարանդի պատմաբան ու քաղաքագէտ Արիֆ Եունուսովն է վկայում, Սումկայիթի, ապա եւ Պաքուի այդ արեան խրախճանքը ժողճակատի եւ ՊԱԿ-ի իր կամակատարների միջոցով Մոսկուայից կառավարում էր իշխանաթող արուած Հայտար Ալիեւը` Ազրպէյճանի նախկին միահեծան կուսակցապետը եւ ապագայ նախագահը: Բայց հարց է ծագում. իսկ ո՞ւր մնացին խորհրդային պետութեան կեդրոնական իշխանութիւնները, ինչո՞ւ ջարդերի մեկնարկի առաջին իսկ պահերից, էլ չեմ ասում` նախապէս, մինչ այդ պետականօրէն պաշտպան չկանգնեցին մոլագար ամբոխի զոհ դարձած հայազգի խորհրդային քաղաքացիներին: Ասում են` պաշտպանել են: Ի հարկէ, Պաքու զօրքեր են մտցրել յունուարի 20-ին: Յետոյ ի՞նչ, որ ինչպէս Սումկայիթում էր, դարձեալ «փոքր-ինչ», այս անգամ` երեքի փոխարէն եօթ օր ուշացումով: Յամենայն դէպս աւելի շատ զօրք են մտցրել: Քանզի ի տարբերութիւն Սումկայիթի` Պաքւում իրապէս վտանգուած էր խորհրդային իշխանութիւնը: Տուժած մարդիկ ի՞նչ, շատ են, թէ քիչ` էական չէ:
Կարեւորը իշխանութիւնն է: Ահա սա էր խորհրդային իշխանութեան բարոյական չափանիշը, աւելի ճիշդ` բարոյազուրկ կեցուածքը:
Ինչ վերաբերում է միջազգային կառոյցներին, ապա, եկէք, գոնէ փոքր-ինչ նուազեցնենք մեր հաւատը նրանց հեղինակութեան եւ կարողութեան նկատմամբ: Անիմաստ եւ անհեռանկար է: Մէկ-երկու, առաւելագոյնը երեք թոնթորանք յայտարարութիւնից զատ` նրանք նոյնպէս քար լռութեան են մատնել միեւնոյն 20-րդ դարում հերթական անգամ ցեղասպանութեան ենթարկուած հայ ժողովրդի ապրած ողբերգութիւնը: Յամենայն դէպս, այսօր իսկ, Սումկայիթում լինի, թէ Պաքւում, անգամ միջազգային կառոյցների նստավայր քաղաքներում ազատ, ապահով թրեւում են ցեղասպան Ազրպէյճանի ոճրագործ ամբոխավարներն ու նրանց արնախում կամակատարները:
Կարող էք հարցնել. իսկ «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Համաձայնագիրը: Պատասխանեմ: Դե՛հ, ի հարկէ, միջազգային իրաւունքի շատ կարեւոր փաստաթուղթ է, եւ ՄԱԿ-ում լինի թէ այլ բարձր ատեաններում` յիշում են այն, պահում, պահպանում, գուցէ թէ նաեւ սպասում են, թէ Ազրպէյճանից ձգուող խողովակները ե՛րբ այլեւս կը ցամաքեն` դադարելով կենարար նաւթ ու կազ մատակարարել մրսածութեան համախտանիշով տառապող եւրոպաներին, որպէսզի այն կիրառեն այդ ցեղասպան մատակարարի հանդէպ: Ի վերջոյ, ո՞ւմ չէ յայտնի, որ, ի տարբերութիւն քրէական պատասխանատուութեան մասին այլ իրաւական աքթերի, այդ համաձայնագիրը մարդկութեան դէմ գործուած ոճրագործութեան ժամկէտների վաղեմութիւն չի ճանաչում:
One thought on “ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ. Պաքուի Հայկական Ջարդերը` Մարդկութեան Դէմ Ուղղուած Ծանր Յանցագործութիւն”