in Russian — https://aga-tribunal.info/gandzak_25-11-2019/
25.11.2019թ.
Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ եւ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի հայտարարությունը Հայոց պատմական Գարդմանքի՝ ներկայիս՝ Գանձակի տարածաշրջանի հայաթափման 30-րդ տարելիցի կապակցությամբ
30 տարի առաջ` 1989թ.-ի այս օրերին, Ադրբեջանի իշխանությունների ծավալած էթնիկ զտումների ու պետական տեռորի քաղաքականության արդյունքում, վերջին հայերը բռնագաղթեցին հայաբնակ Շամխորի, Դաշքեսանի, Գետաբեկի, Թովուզի, Ղազախի շրջաններից և Գանձակ ու Ելենդորֆ(Խանլար) քաղաքներից: Հայաստանի հյուսիս-արևելյան այս տարածքները դեռևս անցյալ դարի 20-ական թթ-ից քեմալ-բոլշևիկյան դաշինքի արդյունքում ապօրինաբար բռնակցվել էին Ադրբեջանի նորաստեղծ հանրապետությանը:
Այսօր` 30 տարի անց, ստիպված ենք ա ր ձ ա ն ա գ ր ե լ, որ
- Մեր հայրենիքի հյուսիս-արևելյան մի ստվար հատվածը` Գարդման-Գանձակի տարածաշրջանը, շարունակում է բռնազավթված մնալ ներկայիս Ադրբեջանի ցեղասպան պետության կողմից:
- Ադրբեջանն այսօր էլ, որպես ագրեսոր պետություն, շարունակում է սպառնալիք հանդիսանալ հայության համար և ապակայունացնող դեր խաղալ Այսրկովկասի տարածաշրջանում:
- Հայ փախստականները` որպես Բաքվի ռեժիմի ցեղասպանական գործողություններից տուժած ինքնուրույն համայնք, որևէ կերպ ներկայացված չեն միջազգային փաստաթղթերում և Արցախյան բանակցային ձևաչափում:
Միևնույն ժամանակ հ ա յ տ ա ր ա ր ո ւ մ ե ն ք, որ
30 տարի շարունակ և այսօր էլ ՀՀ իշխանությունները անհրաժեշտ և բավարար ջանքեր չեն գործադրել միջազգային հանրությանը, միջնորդ և դաշնակից պետություններին ներկայացնելու Արցախյան հիմնախնդրի բուն էությունը, ինչի պատճառով մինչ օրս
ա) Հարցականի տակ է դրվում Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի դեմ նշված տարածքների հայության ինքնապաշտպանական, ապա` ազգային-ազատագրական պայքարի գլխավոր ձեռքբերումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումը և նրա լիակատար փաստացի ու դե յուրե անկախությունը Ադրբեջանի հանրապետությունից:
բ) Շրջանցվում է 1987-1992թթ. Ադրբեջանի հայաբնակ շրջաններում` Չարդախլուում, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում հայ բնակչության դեմ իրականացված պետական տեռորի ու ցեղասպանության փաստը, և այն հանգամանքը, որ Արցախյան ազատամարտը Բաքվի ցեղասպան ռեժիմի լայն ճակատով առաջխաղացումը դեպի ԼՂՀ կասեցնելու և հայությանը մասշտաբային ցեղասպանությունից ռազմական ճանապարհով պաշտպանելու միակ հնարավոր միջոցն էր:
գ) Անտեսվում են հայ փախստականների` միջազգային իրավունքի դաշտում ազատագրված տարածքների իրավատիրոջ, գոյությունն ու իրավունքները:
Ելնելով վերոհիշյալից` պ ա հ ա ն ջ ու մ ե ն ք ՀՀ և ԼՂՀ իշխանություններից`
Իրավական և քաղաքական գնահատական տալ Ադրբեջանում 1987-1992թթ. տեղաբնիկ հայության հետ կատարված ոճրագործություններին` որակելով դրանք
որպես ցեղասպանություն:
- Միջազգային և հայրենական բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական ամբիոններից բարձրաձայնել հայոց հայրենիքի առանձին հատվածների` Հյուսիսային Արցախի /Շահումյան-Գետաշեն, Գանձակ, Գարդման/ ու Նախիջևանի`
Ադրբեջանի հանրապետության կողմից բռնազավթված լինելու փաստը:
- Ճանաչել ազատագրված տարածքների կարգավիճակը` իբրև ցեղասպան ռեժիմից ազատագրված, և վերականգնել այդ տարածքների միակ իրավատիրոջ` հայ փախստականների քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային ու մարդկային բոլոր իրավունքները` պատասխանող պետությունից պահանջելով փոխհատուցում:
25.11.2019թ.
One thought on “Գարդմանի և Գանձակի հայաթափման 30 տարին”