Сокращённо на русском — https://aga-tribunal.info/baku_13-1-2020/
Briefly in English — https://aga-tribunal.info/en/baku_13-1-2020_en/
(Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր Հյուպատոսության տրամադրած տեքստը)
1990 թ. հունվարի 13-19 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպվեցին ու իրականացվեցին տեղի հայության զանգվածային կոտորած և տեղահանություն:
1990 թ․ հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջանի Ժողճակատի կողմից կազմակերպվել էր հերթական հանրահավաքը, որի ընթացքում՝ ինչպես և նախորդ օրերին, անընդհատ հնչում էին հակահայկական կոչեր: Հավաքից հետո նախապես մշակված ծրագրի համաձայն ներկա գտնվող մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:
Չնայած 1988 թ. սումգայիթյան ջարդերից հետո ամբողջ Ադրբեջանում հայերի նկատմամբ ծավալված հետապնդումների և բռնաճնշումների հետևանքով Բաքվի հայությունը ևս հարկադրված էր եղել արտագաղթել, այնուամենայնիվ 1990 թ. սկզբին այնտեղ դեռ բնակվում էր 35-40 հազար հայ՝ մեծ մասամբ տարեցներ՝ միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ, որոնք կա՛մ չէին կամենում, կա՛մ պարզապես չէին կարող հեռանալ քաղաքից:
Այս մարդիկ որևէ կերպ չէին կարող վտանգ կամ սպառնալիք ներկայացնել ադրբեջանական իշխանությունների կամ հասարակության համար, սակայն բռնությունների, կոտորածի և տեղահանության թիրախ դարձան՝ բացառապես ազգային պատկանելության համար: Արդյունքում Բաքուն ամբողջությամբ և վերջնականապես հայաթափվեց, իսկ ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվից հեռացած հայերը` որպես փախստական, բնակություն հաստատեցին աշխարհի տարբեր երկրներում:
Մինչև 1990 թ. հունվարը Բաքվում մշտապես եղել է հայկական ներկայություն: 1897 թ. մարդահամարի տվյալներով՝ Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 111,904 էր, որից հայ էին 19,099 (17.1%): 1926 թ. Բաքվում ապրող 347,390 բնակչից հայ էր 69,544-ը (20%)։ 1970 թ. տվյալներով՝ Բաքվի 1,27 մլն բնակչից հայ էր ավելի քան 200 հզ. (16.4%)։ 1980-ական թթ. վերջին այստեղ բնակվել է շուրջ 300 հզ. հայ։ Չնայած բնակչության տոկոսային հարաբերակցությամբ հայությունը երբեք մեծամասնություն չի կազմել Բաքվում, բայց ԱՀ ներկայիս մայրաքաղաքում հայերն ի սկզբանե ունեցել են բարձր դիրք, զբաղեցրել են նշանակալի պաշտոններ, ծավալել ակտիվ ճարտարապետաշինարարական, ինչպես նաև առևտրատնտեսական գործունեություն, հատկապես՝ նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը (սկսել է գործել 1869-ին) պատկանել է Ի. Միրզոևին (Միրզոյան)։ Աչքի են ընկել նաև, «Ղուկասով եղբ.», «Լիանոզով և ընկ.», «Արաֆելով և ընկ.», «Փիլիպոսյանց եղբայրներ», «Աստվածահաճո ձկնարան», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալո-Կասպիական» և հայերին պատկանող տասնյակ այլ ընկերություններ, որոնք զբաղվել են գերազանցապես նավթարդյունաբերությամբ, ունեցել սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային) և իրենց արտադրանքն արտահանել մոտիկ ու հեռու շուկաներ։ Հայ գործարարները վաստակել են մեծ հարստություն և ունենալով հսկայական ազդեցություն՝ կարևոր դեր խաղալով ամբողջ տարածաշրջանի տնտեսության զարգացման գործում։ Բաքվում եղել են բազմաթիվ հայկական կրթամշակութային օջախներ, որոնց գործունեությունը դադարեցվել է 1980-ականների սկզբներին:
1990 թ․ Բաքվի ջարդերը նախորդ՝ 1905 և 1918 թթ․ կոտորածների, խորհրդային տարիներին Նախիջևանի ու այլ հայաբնակ շրջանների հայաթափման և Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն էին։
Բաքվում հայերը ջարդերի են ենթարկվել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.:
ԽՍՀՄ ղեկավարությունը չի միջամտել կատարվածին, չնայած քաղաքում բավարար թվով զինվորական ստորաբաժանումների և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի առկայությանը, որոնք կարող էին արագ կարգուկանոն հաստատել: Բաքվում արտակարգ դրություն հայտարարվել է միայն հունվարի 19-ին, երբ հայկական ջարդերը, ըստ էության, ավարտվել էին, և մայրաքաղաքում հայեր չէին մնացել: Հունվարի 20-ին բախումներ են եղել խորհրդային ուժերի և ադրբեջանցիների միջև: Արդյունքում՝ երկու կողմերն ունեցել են զոհեր: Միայն 1990 թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք են մտցվել Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, կոտրելով Ադրբեջանի ազգային ճակատի զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, կարողացել են իրենց ձեռքն առնել վերահսկողությունից դուրս եկած իրավիճակը:
Հունվարի 13-19-ի կոտորածների արդյունքում սպանվածների ճշգրիտ թիվը մինչ օրս հայտնի չէ, սակայն ըստ տարբեր աղբյուրների, այդ թվում՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, էթնիկ պատկանելության պատճառով սպանվել և բռնություններին զոհ է գնացել ավելի քան 400 — 450 մարդ: Թալանվել ու բռնագրավվել է Բաքվի հազարավոր հայ բնակիչների ողջ անշարժ ու շարժական գույքը: Ըստ ականատեսների վկայությունների և առկա փաստաթղթերի՝ 1988-1990 թթ. ընթացքում ջարդերի և դրանց հետևանքով մահացածների թիվը հասնում է առնվազն 500-600-ի: Հատկանշական է, որ որոշ ականատեսների վկայությամբ այս բռնարարքներին զոհ են գնացել նաև հրեաներ, ռուսներ և այլ օտարազգի քաղաքացիներ, միայն այն պատճառով, որ արտաքնապես նման են եղել հայերի:
Ադրբեջանը սգում է հունվարի 20-ը («Սև հունվարը»)՝ ի հիշատակ խորհրդային զորքերի հետ բախումների ժամանակ մահացած ադրբեջանցիների: Պաշտոնական Բաքուն այդ իրադարձությունները ներկայացնում է որպես հայերի կողմից հրահրված սադրանքների արդյունք՝ փորձելով կոծկել հունվարի 20-ին նախորդած օրերի մասշտաբային հանցագործությունները, որոնք ամրագրված են ոչ միայն ջարդերից մազապուրծ եղած հայերի, ԱԽՍՀ սահմաններից դուրս վերջիններիս ընդունողների հիշողություններում, այլև՝ միջազգային մամուլի վավերագրական և փաստագրական նյութերում:
Այս առումով արժանահիշատակ են ադրբեջանական տարբեր քաղաքական և պետական գործիչների վկայությունները.
- 1990 թ. հունվարի դրությամբ ԱԺՃ փոխնախագահ Էթիբար Մամեդովը, որը ղեկավարել է հայերի ջարդերի շրջանում ձևավորված «ժողովրդական պաշտպանության խորհուրդ»-ը, 1990թ. հունվարի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի ԽՍՀ մշտական ներկայացուցչությունում լրագրողներին հայտնել է, որ հայերի ջարդը նախապես պլանավորել էին իշխանությունները՝ ընտրությունները տապալելու համար, որի արդյունքում ԱԺՃ-ն խորհրդարանական ճանապարհով կստանար իշխանությունը[1]:
- Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովը իր հիշողություններում թեև չի անդրադառնում ջարդերի մեղավորներին, սակայն փաստում է դրա իրականացումը: Մասնավորապես, նա ասել է. «Բաքուն հաճախ անվանել և անվանում էին «ինտերնացիոնալ բարեկամության քաղաք»: Ես կավելացնեի՝ «ոտնահարված ինտերնացիոնալ բարեկամություն», քանի որ արդեն չորրորդ տարին է, ինչ հայերի խայտառակ ջարդերից հետո փողոցներում լսելի չէ հայերեն խոսքը»[2]:
- ԱԺՃ նախկին անդամ, իրավապաշտպան, քաղաքական էմիգրանտ, 1992-1993 թթ. Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Արիֆ Յունուսովը 2018 թ. հունվարի 20-ին ադրբեջանական «Օբյեկտիվ» առցանց հեռուստատեսության հրապարակած հարցազրույցում[3] պնդում է, որ 1990 թ. Բաքվի հայկական ջարդերն ու «Սև հունվարը» կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրահանգով՝ հետագայում նրա իշխանության գալու համար հող նախապատրաստելու նպատակով:
- Ադրբեջանի Պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ) ղեկավար Վագիֆ Հուսեյնովն ասել է, որ Բաքվում անկարգությունները մանրակրկտորեն նախապատրաստվել էր «Ազգային ճակատի կողմից»[4]:
Հատկանշական է նաև, որ 1990 թ. մարտի 29-ին կայացել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փակ նիստ Բաքվում կատարված դեպքերի առնչությամբ: Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է ստեղծել հանձնաժողով՝ զորքը Բաքու մտցնելու և նրա գործողությունները հետաքննելու համար: Ի պատասխան հարցապնդման՝ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը ներկայացրել է ջարդերի այնպիսի մանրամասներ, որոնք չեն լուսաբանվել մամուլում: Փոխադարձ համաձայնությամբ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ հայերի ջարդերը մատնվել են մոռացության:
1990 թ. հունվարին Բաքվում հայերի ջարդերը դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ:
1990 թ․ հունվարի 18-ին Բաքվի հայկական ջարդերի և Շահումյանի շրջանի հայկական գյուղերի ու Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունել է «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը[5], որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով[6]: Այս բանաձևում հղում է կատարվում 1988 թ. հուլիսի 7-ին ընդունված «Խորհրդային Հայաստանի վերաբերյալ» բանաձևին[7], որտեղ դատապարտվում էին Սումգայիթում հայերի դեմ իրականացված ջարդերը և Բաքվում հայերի դեմ բռնությունները:
1990 թ. մայիսի 14-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում Բաքվի հայկական ջարդերին անդրադարձել և այն «պոգրոմ» է անվանել նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Վինիֆրեդ Էվինգը: Նա մասնավորապես նշել է[8], որ Ադրբեջանի Բաքու քաղաքում «իսլամական վերածնունդը և հայերի դեմ ջարդերը հրեաներին ստիպել են լքել [երկիրը]»: Այստեղ հատկապես ուշագրավ է «իսլամական վերածնունդ» ձևակերպումը, որը ևս, ի թիվս վերը նշված այլ գործոնների, հանգեցրել է Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների դեմ ճնշումների:
1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում մասնավորապես նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականություն»:
Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերին վերաբերող մեկ այլ կարևոր բանաձև Եվրոպական Խորհրդարանն ընդունել է 1991 թ. մարտի 14-ին: «Հայաստանի շրջափակման և այնտեղ մարդու իրավունքների [հետ կապված] իրավիճակի» վերաբերյալ բանաձևում նշվում է, որ «300 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանից (Բաքվի և Սումգայիթի ջարդերից (massacres)), ծայրահեղ աղքատության մեջ են և անհապաղ օգնության կարիք ունեն»[9]:
1990 թ․ հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Մ. Գորբաչովին, որում իրենց անհանգստությունն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին:
Բացի այդ, 2002 թ. փետրվարին ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրի շրջանակներում ԱՄՆ Կոնգրեսի արդարադատության հանձնաժողովում թեմային ծավալուն անդրադարձ է կատարել[10] ԱՄՆ փախստականների հանձնաժողովի տնօրեն Բիլ Ֆրելիքը: Նա մասնավորապես անդրադարձել է Մոսկվայում ապրող, Ադրբեջանից գաղթած հայ փախստականներին: Նշվում է, որ 2000 թ. դեկտեմբերին Մոսկվայում եղել է նշված խմբին պատկանող մինչև 2000 հայ փախստական, որոնք Բաքվից տարհանվել են 1990թ. հակահայկական ջարդերի հետևանքով: Ֆրելիքը նաև նշել է, որ Ադրբեջանից շուրջ 200 հազար հայ փախել է Հայաստան, և միայն հետո են խորհրդային զորքերը Մոսկվա տարհանել համեմատաբար ավելի քիչ թվով հայերի: Նա քննության է առել Մոսկվա տարհանված հայերի կարգավիճակը, նրանց խնդիրները, խոսել այն սոցիալական ծանր պայմաններից, որում նրանք հայտնվել են ջարդերի հետևանքով:
Նշված հայտարարությունների, փաստաթղթերի մեծ մասում Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի դեմ իրականացված բռնություններն ու սպանություններն անվանում են «պոգրոմ»:
Հարկ է ավելացնել, որ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերի, Ադրբեջանի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումների հետևանքով բազմաթիվ հայեր ապաստան են գտել նաև այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում ավելի քան 55 հազար հայ: Ադրբեջանահայության սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները:
Հակառակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս կոծկում են իրենց ցեղասպան գործողությունները և նենգափոխում իրողությունները՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն նենգափոխում են «սեւ հունվարի» էությունը, այլեւ լռության ու մոռացության են մատնում «երեք ջարդերի մայրաքաղաքի» պատմությունը՝ փորձելով մոռացության մատնել Բաքվում 1905 թ., 1918 թ. եւ 1990 թ. կոտորածների ու ադրբեջանահայության հանդեպ իրականացրած էթնիկ զտումների և հայրենազրկման քաղաքականության հետեւանքները:
Կատարված հանցագործություններին մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չտալու և անպատիժ թողնելու հետևանքն է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից պետական մակարդակով հայատյացության քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև բոլոր հայերը անկախ բնակության վայրից: Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում նաև Արցախ այցելող օտարերկրացիները, ինչը մարդու հիմնարար ազատությունների ոտնահարում է:
Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյածության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց 2016թ. ապրիլին՝ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, որը ուղեկցվեց քաղաքացիական ու զինվորական անձանց դաժան սպանություններով՝ գլխատումներով, գերեվարված զինծառայողների խոշտանգումներով ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքերով: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն առանձնահատուկ բարձր պարգևների ու խրախուսման են արժանացել Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից:
Ադրբեջանի՝ հայատյացության և քսենոֆոբիայի վրա հիմնվող քաղաքականությունը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորման և տևական խաղաղության հաստատման հեռանկարներից:
Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց[11]՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն:
Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն, և երկու հայկական պետությունները հետևողական են լինելու Խորհրդային Ադրբեջանի և նրան փոխարինած Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների և բռնաճնշման, ադրբեջանահայության հայրենազրկման կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Միջազգային հանրությունը պետք է պատշաճ իրավական գնահատական տա 1990 թ. հունվարին Ադրբեջանի տարածքում հայերի բազմադարյա ներկայությանը վերջ դրած ջարդերին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ՝ ապագայում նոր կոտորածները կախելու համար:
[1] Э. МАМЕДОВ: КОМПРОМИССА БЫТЬ НЕ МОЖЕТ, https://www.kommersant.ru/doc/265810:
[2] Воспоминания известных азербайджанцев о погромах армян в январе 1990 года, https://www.panorama.am/ru/news/2012/01/18/azer-baku-january/827358:
[3] Heydər Əliyevin 20 yanvar faciəsində əli varmı?, Obyektiv Tv, 20.02.2018, https://www.youtube.com/watch?v=IvxM16fqCtI&feature=youtu.be
[4] Изгнание бакинских армян: мнение председателя КГБ Азербайджана Вагифа Гусейнова, http://karabakhrecords.info/publication_articles_izgnanie_bakinskih_armyan.html:
[5] https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=OJ:C:1990:038:FULL&from=EN
[6] https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=OJ:C:1990:038:FULL&from=EN
[7] https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=OJ:JOC_1988_235_R_0080_01&from=EN
[10] https://www.judiciary.senate.gov/imo/media/doc/frelick_testimony_02_12_02.pdf
2 thoughts on “Բաքվում հայերը ջարդերի են ենթարկվել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.”