на русском (сокращённо) — https://aga-tribunal.info/avagyan_22-3-2020/
Մարիամ Ա. Ավագյան
Կ.գ.թ., ՃՇՀԱՀ դոցենտ, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող
1987-1992 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ—ում հայության հանդեպ կատարվածը հարյուր երեսուն տարիներ ձգվող ցեղասպանության շարունակությունն է
102 տարի առաջ ցեղասպանության հենքի վրա ստեղծեցին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, ինչը հետո վերանվանեցին Ադրբեջանական ԽՍՀ, ու դրա նախանշված ուղենիշը իր ստեղծման օրից հայության դեմ ցեղասպանության շարունակականությունը ապահովելու քաղաքականությունն է: Լրացավ այդ ցեղասպան պետությանը կամայականորեն հատկացված տարածքներում բուն հայկական բնակչության Բաքվի կոտորածների հարյուրամյակը, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ցեղասպանությունների ու Գարդմանքի հայաթափման 30-ամյակը, իսկ այսօր Շուշիի կոտորածից մեկ դար է անցել: Շուշիի օրերին կոտորածներ էին նաև Գանձակում, Հյուսիսային Արցախում:
20-րդ դարի ընթացքում տեղ գտած 3 ցեղասպանություններն էլ՝ 1905-1906թ.թ.-ին, 1918-1920թ.թ.-ին, 1987-1992թ.թ.-ին, այդ պետությանը կամայականորեն հատկացված տարածքներում բնակվող հայկական էթնիկ խմբի նկատմամբ` իրականացրին ճգնաժամային իրավիճակներում, ու 3-ն էլ «հաջողված են» որպես թուրքական ազգային քաղաքականություն՝ ոչնչացնել հայ ազգին իր բնօրրանում:
Խորհրդային տարիներին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ցեղասպանական քաղաքականությունը տարվում էր թեև քողարկված, բայց հետևողական: Արդյունքում, ամեն տարի հայաբնակ տարածքներից 8-10 հազար հայեր հարկադրաբար հեռանում էին, որոնք հիմնականում պահպանում էին սեփականությունը, մշակութային ու ավանդապաշտական կապերը:
Խորհրդային տարիների ողջ հակահայ ընթացքը լարել ու սրել էր Ադրբեջանում հայության ինքնապաշտպանական բնազդը, ու վերջինը սպասում էր ազդակի: Եվ Արցախյան շարժումը հայության ինքնապաշտպանական բնազդի արտահայտումն էր՝ օր առաջ համախմբվելու, դիմակայելու և կասեցնելու տոտալ ցեղասպանության ալիքը: Չլիներ Արցախյան շարժումը, հայությունը Ադրբեջանի տարածքում կունենար 1915-ին համարժեք կորուստներ:
ԽՍՀՄ-ի փլուզման հավանականությունը սանձարձակեց տարածքը էթնիկ հայերից մաքրելու ցանկությունը, և Ադրբեջանական ԽՍՀ-ի իշխանությունների հակահայ քաղաքականությունը 1987թ.-ից ստացավ բացահայտ ու ագրեսիվ բնույթ: Ցեղասպան բռնարարքները Չարդախլույում, Սումգայիթում, Նախիջևանում, Գանձակում ու Գարդմանքում, Բաքվում, Շիրվանում, Ադրբեջանի հայաբնակ բոլոր վայրերում հայաթափեցին հայկական այդ օջախները: 1987-1992թ.թ. Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 700 հազար հայ քաղաքացիներ ցեղասպանության ներքո բռնի տեղահանվեցին, ցրվեցին աշխարհով մեկ, դարձան փախստական:
Հայությունը 1992թ.-ին կասեցրեց ցեղասպան մեքենայի առաջխաղացումը դեպի Արցախ: Բռնկվեց ինքնապաշտպանական պատերազմը, որը ռազմական ուղիով ցեղասպանությունից պաշտպանության միակ ելքն էր տարածաշրջանի ողջ հայության համար, իսկ Արցախի ինքնորոշման կամարտահայտությունը ցեղասպանությունից փրկության իրավաքաղաքական քայլ էր:
Բազմաթիվ հայ և օտարազգի փորձագետներ 1987-1992թ.թ. Ադրբեջանում հայության դեմ կատարվածը գնահատել են ցեղասպանություն:
Այս առիթով անցած տարի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը դիմում հղեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին և Արտաքին Գործերի Նախարարությանը, որը նաև տպագրվեց լրագիր.ամ թերթում: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ դիմումը ամբողջությամբ:
«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի դիմումը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին և Արտաքին Գործերի Նախարարությանը
Վերջին տասնամյակի ընթացքում լրացան հայ ժողովուրդի համար մի շարք ամենաողբալի իրադարձությունների տարբեր տարեդարձներ, որոնց նշանակությունը և օգտագործման անհրաժեշտությունը առավելագույնս լղոզվեցին և զրոյացվեցին նշված անցքերի հեղինակների կողմից ղեկավարվող մեզ իշխողների և դրանց հաճկատարների միջոցով: Բազմաթիվ պաշտոնյաներ քարոզում էին մեզ, որ 1987 — 1992 թվականների դեպքերը ցեղասպանություն որակելը արժեզրկում է 1915 -ի Եղեռնի նշանակությունը: Իսկ մեծ տերությունների կողմից անպատժելիության ապահովման պարագայում ո՞րն է այդ արժեքը, եթե դրանից հետո` ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին, Ադրբեջանական ԽՍՀ-ում 1987 թվականի Չարդախլուի բռնի հայաթափումից սկսած մինչև 1992 թվականը հայ բնակչության դեմ ծավալվեց ցեղասպանություն, որի արդյունքում սպանվեցին տասնյակ հազարավոր հայեր, տեղահանվեցին, ունեզրկվեցին, ցրվեցին աշխարհով մեկ և փախստական դարձան շուրջ 700 հազար հայեր:
Հայաստանի Հանրապետության իշխանավորները չդատապարտեցին Ադրբեջանի կողմից հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությունը, չբողոքեցին հայ փախստականների իրավունքների նկատմամբ մինչ օրս շարունակվող միջազգային կառույցների կողմից ոտնահարման քաղաքականությունը, այն դեպքում, երբ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանական ԽՍՀ-ում իրականացված ցեղասպանության մասին են վկայում հետևյալ փաստաթղթերը.
- Հայկական ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի 1990 թ. փետրվարի 13-ի որոշումը «1990 թ. Բաքու քաղաքում և Ադրբեջանական ԽՍՀ-ի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած սպանությունների, ջարդերի և դրա հետևանքով տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրման մասին», որտեղ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր հայկական բնակավայրերում տեղ գտած ոճրագործությունները գնահատեց որպես ցեղասպանության շարունակություն:
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ որոշումները`
- 09.1989 թվի N 1597-XI համատեղ որոշումը «Ադրբեջանական ԽՍՀ-ում, ԼՂԻՄ-ում, Հայկական ԽՍՀ սահմանային շրջաններում հայ ազգաբնակչության և խորհրդային բանակում հայազգի զինծառայողների անվտանգության ապահովման խնդիրների մասին»;
- 12.1989 թվի N 1651-XI համատեղ որոշումը «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում իրադրությունը նորմալացնելու միջոցառումների մասին» ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 28-ի որոշման մասին»:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում 2008 թվականին ներկայացված Հայտարարության նախագիծը` Պ-412-24.12.2008-Ահ-012/0՝ «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր և ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես Ցեղասպանություն ճանաչման մասին»:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը չի ընդունել հիշատակված ցեղասպանական գործողությունների վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ, դիմում ենք`
- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին պահանջով, որ նշված փաստաթղթերի և բազմաթիվ վկայությունների հիման վրա իրավական և քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի կողմից ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ իրականացված սպանությունների, ջարդերի, էթնիկ զտումների և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ բռնի տեղահանությունների քաղաքականությանը և ճանաչել դա որպես ցեղասպանության շարունակություն՝ դրանից բխող բոլոր հետևանքների վերացմամբ` միջազգային կոնվենցիայի նորմերին համապատասխան:
- ՀՀԱրտաքին Գործերի Նախարարությանը այն պահանջով, որ հիմնավորվեն
այսպես կոչված «Ղարաբաղյան հակամարտության» կարգավորման իրավական հիմքերը ՝ հաշվի առնելով Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնի կերպով արտաքսված և միջազգային կառույցների լուռ աջակցությամբ ամբողջ աշխարհով ցրված 700 հազար հայ փախստականների իրավունքները և այդ իրավունքների վերականգման համար պահանջել փոխհատուցում Ադրբեջանի իշխանություններից:
Հայերը, որոնք Ադրբեջանական ԽՍՀ-ի ստեղծման ժամանակ հռչակվել էին որպես տիտղոսային ազգ` Ադրբեջանի Հանրապետությունից փոխհատուցման իրավունք ունեն:» Մինչ օրս որևէ գրավոր պատասխան մեր այս դիմումին չենք ստացել:
Հայության հանդեպ իրականացված ցեղասպանության փաստը առանցքային է բանակցային գործընթացի համար, այն բացահայտում է կոնֆլիկտի ներադրբեջանական բնույթը, այդտեղից հետևում է տարածքների կարգավիճակը` ցեղասպանից ազատագրված տարածքներ, և որ այդ տարածքների իրավատերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն են, որոնց իրավունքն է շարունակել վերաբնակվել այդ տարածքներում: Նաև ցեղասպանությանը դիմակայելու արդյունքում ծագած հակամարտության ընթացքում փախստականների կրած վնասների հատուցումը ցեղասպան Ադրբեջանի պարտքն է թե՛ «ադրբեջանցի փախստականների», և թե՛ հայ փախստականների հանդեպ: Չի կարող հայությունը փոխհատուցել այն վնասները, որ հասցրեց Ադրբեջանը իր քաղաքացիներին նրանց հանդեպ հրահրած ցեղասպանական պատերազմի ընթացքում:
Կասպից Արևմուտքում տեղավորված այդ պետական միավորը դարձել է տարածաշրջանի բնիկ, պետականազուրկ ժողովուրդների համար զնդան: Բաքվի հակամարդ ռեժիմը հայության դեմ կատարված ցեղասպանությամբ մի կողմից վախ է սփռում այդ ժողովուրդների վրա` խեղդելու ու նաև հաշվեհարդար տեսնելու համար ինքնության պահպանման ամեն մի երազանքի հետ, մյուս կողմից` այսօր էլ նրանց պարտադրանքով ներքաշում է հակահայկական գործողությունների մեջ, դարձնելով նրանց մարդասպան ու ցեղասպան: Այդ պետական միավորը կանգ չի առել իր ցեղասպանական նկրտումների մեջ` հայության ցեղասպանությունից հետո անցել է այդ ժողովուրդների ոչնչացմանը:
«Ադրբեջան» բառը հարյուր տարիների ընթացքում ընկալվում է որպես ցեղասպանության գործիք, ցեղասպանության իրականացման տարածք:
Ադրբեջան պետությունը այսօր վտանգում է ոչ միայն հայության կենսունակությանն ու զարգացմանը, այլև սպառնալիք է ողջ տարածաշրջանի ժողովուրդների համար, ու դրա չեզոքացումը կենսական պահանջ է: Իսկ դա հնարավոր է, եթե այդ ժողովուրդները կարողանան ձևավորել իրենց ինքնության պահպանմանը միտված պետաիրավական մի նոր համակարգ, որը կապահովի տարածաշրջանի ներդաշնակ զարգացման և խաղաղության պահպանման ընթացքը:
Այո՛, բանակցային գործընթացը պարտավոր է ծառայել տարածաշրջանի բնիկ, պետականազուրկ ժողովուրդների շահերի ու իրավունքների պաշտպանությանը:
Կասպից Արևմուտքի բնիկ, պետականազուրկ ժողովուրդների հետ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների երկխոսությունը պահանջված է, ինչը կվերաբերի տարածաշրջանում ապագա անվտանգ ու ներդաշնակ կյանքի, ժողովուրդների և մարդու իրավունքների վերահաստատմանը, այդ ժողովուրդների ինքնությունը հարգող և զարգացնող համակեցության կազմավորմանը:
23.03.2020 թ.
5 thoughts on “Մարիամ Ավագյան. Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության հանցագործությունների մասին”