in Russian — https://aga-tribunal.info/artsakh-20-1-2015/
in English — https://aga-tribunal.info/en/artsakh-20-1-2015-en/
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի Հայտարարությունը` Բաքու քաղաքի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ
20 հունվարի, 2015թ.
1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են 400-ը անցնող զոհերի մասին, այդ թվում՝ ծերեր, կանայք եւ երեխաներ:
1990թ. հունվարին Բաքվում փաստորեն կրկնվել է 1988թ. փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների սցենարն՝ անհամեմատ մեծ մասշտաբներով, որի հետեւանքով քաղաքն ամբողջովին հայաթափվել է:
Բաքվի հայ բնակչության ջարդերը եւ բռնատեղահանությունը լիովին ներգրվում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» իրավական հասկացության մեջ:
Պետական մակարդակով ահաբեկչությունը շարունակվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում, որի գերակշիռ հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխող վերնախավը 1991թ.-ի ապրիլ-օգոստոս ամիսներին իրականացրել է «Կոլցո» ռազմագործողությունը, որի հետեւանքով բռնատեղահանվել, հրդեհվել եւ կործանվել է 24 հայկական գյուղ, զոհվել են բազմաթիվ անմեղ մարդիկ:
Արցախից հայ բնակչությունը բռնատեղահանելու, զանգվածային կոտորած կազմակերպելու Ադրբեջանի պետական նպատակադրված քաղաքականությունն իրականություն չի դարձել միայն արցախահայության զինված ինքնապաշտպանության շնորհիվ:
Բաքվի հայաթափումից անցել է 25 տարի: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը. փորձում են պատմության էջերից ջնջել Բաքվի բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը:
Գլուխ խոնարհելով Բաքվի ջարդերին ու բռնատեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի ու Արցախյան գոյամարտում նահատակվածների հիշատակի առջեւ՝ մենք
- դատապարտում ենք էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, ծայրահեղականության ցանկացած դրսեւորում,
- վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում հայ ժողովրդի ցեղասպանության ծրագրի, գործադրված զանգվածային բռնությունների, պատերազմական հանցագործությունների կազմակերպիչները եւ իրականացնողները, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ենթարկվեն պատասխանատվության,
- կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Բաքվի հայ բնակչության ջարդերը, դրանց տալ իրավական գնահատական: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլեւ միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Դաշնակցություն»
«Ժողովրդավարություն»
«Հայրենիք» խմբակցություններ եւ
«Արցախատուն» պատգամավորական խումբ
20 հունվարի, 2015թ.
ք. Ստեփանակերտ
4 thoughts on “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի Հայտարարությունը — 20.1.2015”