in English — https://aga-tribunal.info/alliance-10-8-2020-en/
in Russian — https://aga-tribunal.info/alliance-10-8-2020/
Ռուսաստանի հայկական կազմակերպությունների Ալյանսի հայտարարությունը
Մոսկվա, 10.08.2020
Ուղիղ Հարյուր տարի առաջ այս օրը Անտանտի դաշնակիցների և Թուրքիայի միջև կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը (այսուհետ Սևրի դաշնագիր), որի ստորագրող կողմերից մեկն էր Հայաստանի Հանրապետությունը։
Այդ դաշնագիրը, ի թիվս Հայաստանի օգտին Թուրքիայի առջև դրված մի շարք պահանջների, նաև իրավական հիմք տվեց ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնին՝ հայտնի իրավարար վճռով ճշտելու Հայաստանի և Թուրքիայի սահմանները։
Ցավոք, Սևրի դաշնագրի հայկական հարցին վերաբերող մասը ոչ միայն կյանքի չկոչվեց, այլև Թուրքիան դրանից հետո էլ շարունակեց իր ցեղասպան գործունեությունը, և ավելի քան հարյուր տարի շարունակում է խոչընդոտել ցեղասպանության ճանաչման համամարդկային գործընթացը։ Թուրքիան այսօր էլ խուսափում է պատասխանատվությունից և հատուցումից՝ Ցեղասպանության պատասխանատվությունը թողնելով թուրք ժողովրդի վրա։ Ավելին՝ Թուրքիան, օգտվելով Ադրբեջանի վրա ունեցած իր հսկայական ազդեցությունից, ոչ միայն խոչընդոտում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլև որպես պատերազմի հրձիգ սպառնում տարածաշրջանի անվտանգությանը։
Սևրի դաշնագրի կյանքի կոչմամբ ո՛չ միայն կհաստատվի պատմական արդարությունը և կվերականգնվի միջազգային իրավունքի տեսանկյունից այս բացառիկ դաշնագրի գերակայությունը, այլև այն զսպաշապիկ կհանդիսանա Էրդողանի պանթուրքիստական նկրտումներին։
Մենք, նեքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում դաշնագիրը վավերացրած բոլոր պետություններին, տե՛ր կանգնել իրենց ստորագրությանը և ապահովել դաշնագրի դրույթների իրագործումը՝ ստիպելով Թուրքիային ճանաչել և կատարել դաշնագրով ստանձնած պարտավորությունները։
Մենք դատապարտում ենք Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և պահանջում ենք Թուրքական պետությունից ճանաչել մարդկության հանդեպ իրականացված ամենասարսափելի ոճրագործությունը՝ հայերի ցեղասպանությունն ու հայրենազրկումը 1915-1923թ.թ., ինչպես նաև հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանությունը։
Մենք պահանջում ենք Թուրքիայից վերացնել ցեղասպանության հետևանքներն ու ամբողջական հատուցում տալ բոլոր զոհերի իրավահաջորդներին, այդ թվում նաև ցեղասպանության տարիներին միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացած Հայաստանի Հանրապետությանը։
Մենք դատապարտում ենք Թուրքիայի կողմից Արցախա֊ադրբեջանական հակամարտությանը միջամտելու ցանկացած փորձ և պահանջում ենք անհապաղ դադարեցնել ադրբեջանական բանակի սպառազինումն ու հակահայ սադրիչ հայտարարությունները։
Մենք վստահ ենք, որ քաղաքակիրթ մարդկությունը ուժ կգտնի վերահաստատելու պատմական արդարությունն ու միջազգային իրավունքի գերակայությունը՝ ի շահ տարածաշրջանային անվտանգության, ցեղասպանությունների բացառման և մարդկության դեմ գործած հանցագործությունների անպատժելիության վերացման։
Մենք հայտարարում ենք, որ Ռուսաստանի հայկական կազմակերպություններս պահանջատերն ենք մեր արդար դատի և ամեն ջանք կգործադրենք, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը և տարածաշրջանում հաստատվի խաղաղություն։
Մոսկվա, 2020 թ. օգոստոսի 10-ին
ՌՀԿ Ալյանսի մասնակից կազմակերպություններ
2 thoughts on “ՌՀԿ Ալյանսի հայտարարությունը Սևրի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ”