Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված են Շուշիին վերաբերող փաստագրական արխիվային 7 ճշգրիտ տվյալներ, Շուշիի մասին պատմող 110 անուն գրքեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն :

«Դրանք Շուշիի մասին հետազոտություններ են, արխիվային լուսանկարներով, վերլուծություններով, գիտական աշխատանքներով, թերթերով, ամսագրերով: Ցուցադրություններում ներկայացված է նաև Շուշիի արվեստն ու արհեստները, թե 1852 թվականից ի վեր տեղի հայ բնակչությունն ինչով էր զբաղվում: Որպես խոսուն փաստեր՝ օգտագործել ենք 1920 թվականին Շուշիի ուսումնական հաստատությունների կողմից տրված հին վկայականների բնօրինակներ, որոնք գրված էին միայն հայերեն և ռուսերեն լեզուներով: 1800 ֊ական թվականների փոստային բացիկներ, որոնց վրա գրված էր բացառապես քաղաքի անվան հայերեն՝ Շուշի տարբերակը: Լուսանկարներ, հին արխիվային պաստառներ՝ Շուշիի ճարտարապետական հուշարձանների մասին: Խոսվում է նաև բնակչության էթնիկական կազմի մասին՝ սկսած 1823 թվականից, մինչև 2015 թվականը: «Հոգևոր Շուշի» պաստառի վրա ներկայացված է Շուշիի եկեղեցիների պատմությունը, «Կրթությունը Շուշիում՝ 19-րդ դար» ցուցապաստառին՝ կրթական հաստատություններում դասավանդվող առարկաների թիվը և լեզուները: Ի դեպ, ցուցանմուշների մեծ մասն առաջին անգամ է ներկայացված ցուցադրության»,- մանրամասնել է Հ. Ավանեսովը:

Նա ընդգծել է, որ այս ամենը փաստում է, որ Շուշին եղել ու մնում է ՀԱՅԿԱԿԱՆ: Ցուցահանդեսին ներկայացված ցուցանմուշների տրամադրման համար Հ. Ավանեսովը Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, Արցախի պատմաերկրագիտական թանգարանին, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին:

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը, որից հետո բոլոր ցուցանմուշները կտեղադրվեն Մեսրոպ Մաշտոց համալսարանի պաշտոնական կայք֊ էջում:

Տեղադրված կլինեն նաև օբյեկտիվ թվայնացված գրքեր, տեղեկատվական փաստաթղթեր, թերթեր, ամսագրեր և այլ կարևոր նյութեր: Այն հստակ աղբյուր է դառնալու բոլոր հետազոտողների համար, ովքեր ցանկություն կունենան Շուշիի մասին վերլուծական աշխատանք կատարել կամ զբաղվել հրատարակչությամբ։





