Կասկած չկա, որ տարբեր երկրներում Ադրբեջանի կողմից հրահրված զանգվածային անկարգությունները կառավարվում են Ադրբեջանի կողմից և տեղավորվում «ցանցային կառավարման» ահաբեկչական պետությունների կողմից արդեն իսկ փորձված մարտավարության շրջանակներում: Փաստերն ապացուցում են, որ ցանցային կառավարման ճգնաժամային կենտրոնը Ալիև ընտանիքից և մերձիշխանական շրջապատը ներկայացնող անձանց կողմից է կառավարվում: Ասվածիս համար կան բազմաթիվ փաստեր, բայց տվյալ դեպքում կվկայակոչեմ Մեհրիբան Ալիևայի հայատյացության գագաթնակետը համարվող հայտարարությունն ուղղված համայն աշխարհի ադրբեջանցիներին, որտեղ հանդարտության կոչի տարր անգամ չկա: Ալիևայի հայտարարությունը մի բան է ապացուցում` Ադրբեջանն ինչպես պահեց իրեն սահմանում, այսինքն նախահարձակ լինելով միջազգային հանրությանը հայտարարեց, որ ՀՀ-ն է հարձակում գործել Ադրբեջանի սահմանի ուղղությամբ, նույն կերպ պահում է իրեն տարբեր երկրներում, հայատյացությունը տեղափոխելով բազմաթիվ երկրների ադրբեջանական համայնքներ` հրահրելով զանգվածային անկարգություններ, միաժամանակ հայտարարելով , որ կոչ է անում տվյալ երկրների իրավապահ մարմիններին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այդ իրադարձությունների վերաբերյալ, նրանց տալ համապատասխան իրավական գնահատական և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:Կատարվածը հետևյալ բնութագրիչներն ունի.
ՀՀ պետական սահմանի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի արդյունքում կրած ռազմական անհաջողությունների հետևանքով ձևավորված հասարակական տրամադրությունները Ադրբեջանը փորձում է ուղղորդել երկրից դուրս, որովհետև վտանգ կա, որ հասարակության մոտ կարող են հարցեր առաջանալ /և արդեն իսկ առաջացել են սոցցանցային տիրույթում/ տարիներ շարունակ աճող ռազմական բյուջեի, սպառազինության համալրման և սահմանում ունեցած անհամաչափ ձախողումների հարցում:
Ադրբեջանական համայնքների կողմից վրեժխնդրության միջոցառումներն անհարգալիր վերաբերմունք են ընդունող պետությունների իրավական համակարգերի նկատմամբ:
Կատարվածը ոտնձգություն է տվյալ պետությունների հասարակական բնականոն հարաբերությունների նկատմամբ:
Տեղի ունեցածը, գործի դրված միջոցները փաստում են, որ հայ համայնքների տասնամյակներով ձևավորած քաղաքակրթական արժեքները վտանգի տակ կարող են դրվել:ՀՀ և ԱՀ սահմանները առավելագույնս պաշտպանված են, սակայն համոզված չենք, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն ամեն րոպե չեն կարող ենթարկվել սադրանքների: Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում ենք առավելագույն զգուշավորություն և սադրանքներին չտրվելու գործելակերպ: Ենթադրելի է, որ ձեռնարկված առաջին իսկ խիստ և կտրուկ իրավական միջոցառումներից հետո կրքերն ինչ-որ մի պահից կհանդարտվեն:
Նելլի Բաղդասարյան — ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանիգիտաճյուղի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ