Ազոխի կրաքարե քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) ունի շուրջ 8000 քմ տարածություն: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ: Հայ պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները: Երկար ժամանակ քարանձավը պատված էր գաղտնիքով ու հայտնաբերվել է միայն 1960 թվականին: Մուտքերից մեկը՝ Ազոխ 5, ենթարկվել է ինտենսիվ պեղումների, որի ընթացքում գտնվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին: Այդ սկզբնական ծավալուն պեղումներից ստացված կենդանական մնացորդները և քարե գործիքները ներկայումս պահվում են Ադրբեջանում, և պետք է ասել, որ այդ առումով բավական մեծ տեղեկատվություն է կորել: Աֆրիկայից նախապատմական գաղթերի և Ասիայի ու Եվրոպայի գաղութաբնակեցման առումով Ազոխի քարանձավային համալիրը առանցքային դիրք է զբաղեցրել, քանի որ հնավայրը գտնվում է աշխարհագրական միջանցքում, որը հնարավոր է, անցուղի է ծառայել Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի միջև, ինչպես մարդու վաղ նախնիների, այնպես էլ եվրոպական և աֆրիկյան ֆաունայի այլ ներկայացուցիչների համար: Ազոխի քարանձավի ուսումնասիրման ծրագիրը վերսկսվել է 2002 թվականին միջազգային հետազոտական արշավախմբի կողմից և շարունակվում է:Գտնվել են բազմաթիվ գտածոներ, այդ թվում գործիքներ և անասունների բրածոներ։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Կովկասի շրջանում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։Այստեղ առաջին անգամ հայտնաբերվել են բուսական և կենդանական աշխարհների բրածո մնացորդներ, նախնադարյան արվեստի հետքեր, քարե գործիքներ, որոնց տարիքը գերազանցում է 700 000 տարին: Պարզվում է, որ առաջին մարդիկ ունեցել են բավականին բազմապիսի սնունդ: Սննդի մնացորդների մեջ գիտնականները հայտնաբերել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք վաղուց անհետացել են:Մուտքի մոտ, 7մ խորության վրա, հայտնաբերված նեանդերթալցու վերին ծնոտի բեկորը, իր կառուցվածքով և ատամների դասավորությամբ զգալիորեն տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծնոտի վրա պահպանվել են իմաստնության և երկու այլ ատամների մնացորդներ: Ազոխի քարանձավի առաջին բնակչի ծնոտի հայտնաբերումը ունի մեծ նշանակություն: Մինչ այդ նեանդերթալցու մնացորդներ հայտնաբերվել են չորս տեղերում` Սիդի Աբդուրախմանում (Մարոկկո), Շտեյնխեյմում (Գերմանիա), Սպանոկոմբում (Անգլիա) և Սեդիա-դել Դիաբոլոնում (Իտալիա): Արցախի Հադրութի շրջանում գտնված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականությունում դասվում է 5-րդ համարի տակ:Ազոխի քարանձավը առաջնակարգ նշանակություն ունի, ոչ միայն նեանդերթալցու կազմախոսության վերականգնման տեսակետից, այլ նաև հաստատում է այն տեսակետը, որ Հայաստանի տարածքը մտնում է անտրոպոգենեզի և մարդու վաղ բնակեցման շրջանի մեջ:Իհարկե առայժմ հայտնաբերված են ոչ բոլոր գաղտնիքները: Բազմաթիվ հազարամյակներ գործող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրը պարբերաբար ուսումնասիրվում է և մատուցում է նոր անակնկալներ հատազոտողներին:«Արցախի քարանձավը եւ կովկասյան միջանցքը» մեծածավալ գիրքը (անգլերեն), որը լույս է ընծայել շվեյցարական «Շպրինգել» հանրահայտ գիտական հրատարակչությունը, ներկայացնում է իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Օկուպացված է Ադրբեջանի կողմից: