in English — https://aga-tribunal.info/en/book-us-press-en/
in Russian — https://aga-tribunal.info/book-us-press/
http://www.genocide-museum.am/arm/19.02.2021.php
Փետրվարի 19-ին, ավստրալահայ գրականագետ, «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեանն այցելել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Արա Քեթիպեանը ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին ներկայացրեց իր կազմած նոր գիրքը՝ «Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press» («Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921): Հաղորդումներ ամերիկյան մամուլում»), և ՀՑԹԻ-ին նվիրեց գրքի 100 օրինակ:
Հեղինակի խոսքով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի ու արցախահայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան, ապա դրան հաջորդած քաղաքական ու ռազմական փորձագետների անդրադարձները, ովքեր փորձում էին խնդրի արմատները փնտրել 1980-ական թթ. վերջին և 1990-ականների սկզբին, ստիպում են իրեն նախաձեռնել մի նոր աշխատասիրություն, որում հիմնավոր կերպով կներկայացվեր դեռևս 20-րդ դարասկզբին հայ-թաթարական* (հայ-ադրբեջանական) հարաբերություններում առկա լարվածությունը, որն էլ Բաքվում, Նախիջևանում, Զանգեզուրում ու Շուշիում հանգեցնում է ազգամիջյան բախումների:
Արա Քեթիպեանն իր նոր աշխատությունում ներկայացնում է հայ-թաթարական ընդհարումների վերաբերյալ ամերիկյան առաջատար վեց թերթերի՝ (The New York Times, The Boston Daily Globe, The Chicago Tribune, The Christian Science Monitor, The Los Angeles Times և The Washington Post) 1905-1921 թթ. հրապարակումները: Հեղինակը նշեց, որ իր նոր աշխատությունը կարելի է համարել «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press»** բազմահատորյակի գաղափարական շարունակությունը և հավելեց. «Գրքում ամփոփված հոդվածները փաստում են, որ անցած 100 տարիների ընթացքում հայերի դեմ իրականացվող բռնությունների ձևերը թեև փոխվել են, բայց դրանց նպատակը՝ պանթուրանական երազանքը հայերի հաշվին իրագործելը, մնացել է անփոփոխ»:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, շնորհակալություն հայտնելով կատարած նշանակալից աշխատանքի ու նվիրատվության համար, պրն Քեթիպեանին հանձնեց ՀՑԹԻ 2020 թ. հրատարակություններից երկուսը՝ Հարություն Մարությանի և Նարինե Մարգարյանի խմբագրությամբ լույս տեսած «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ. միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու»-ն և Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանի “Remembering and Understanding the Armenian Genocide” գրքույկի չորրորդ, լրացված հրատարակությունը:
* Մինչ ԽՍՀՄ 1936 թ. Սահմանադրության ընդունումը ներկայիս «ադրբեջանցի» ժողովուրդը կոչվում էր «թաթարներ», «կովկասյան թաթարներ»:
**«The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում») մատենաշարը չափազանց կարևոր ներդրում է հայագիտության, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրության համար: Մատենաշարում առկա են 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածներին, Ադանայի կոտորածին, Հայոց ցեղասպանությանը և դրա անմիջական հետևանքներին, Հայկական հարցին, ինչպես նաև ամերիկյան հայկական գաղթօջախի կազմավորմանը վերաբերող բազմաթիվ նյութեր։ Առաջին հինգ հատորում ներկայացված է The New York Times, The Christian Science Monitor և The Boston Daily Globe օրաթերթերի անդրադարձները՝ ընթերցողին ներկայացնելով ընդհանուր առմամբ 6696 հոդված:
Մատենաշարի հաջորդ երկու հատորները, որոնցում հեղինակը կներկայացնի The Washington Post-ի անդրաձարձները, լույս կտեսնեն 2021 թ.:
One thought on “«Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում»”